Մեր խարիսխը

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում հաճախ էին մեզ, սփյուռքի դաշնակցականներիս հարցնում թե ինչո՞ւ լողալով, մաքառելով վերջին տարիներին մոդայիկ դարձած հակադաշնակցական մոլուցքի, այլևս ոչ ալիքների, այլ հորձանուտի դեմ հավատարիմ ու անսասան ենք մնում մեր գաղափարներին:

Ավելի հեշտ չէր արդյո՞ք լռել, հրաժարվել մեր գաղափարներից, ձևանալ առաջադեմ, իշխանամետ, նորարար, թավշյա, գոնե լվալ ձեռքերը և ընդունել «խելամիտ» ականատեսի դերը:

Հարկավ ավելի հեշտ կլիներ, քանզի դրա հակառակը հետևյալ սցենարն էր՝արթնանալ ամեն օր չիմանալով, թե որ նորաթուխ քաղաքական գործիչն է համացանցում կամ հայաստանյան, թե սփյուռքի էկրաններին ու մամուլում հերյուրանքներ բարդելու Դաշնակցության գլխին: Չհասկանալ ու որպես քաղաքական մտածողության և հասարակական գործունեության էթիկային ենթարկվող մարդ խորշել հայրենիքի գերագույն ամբիոններից ոչ թե քննադատության, այլ անմակարդակ, փողոցային խոսելաոճով ասված խոսքերից: Հե՞շտ էր արդյոք պատմությանը անտեղյակ քաղաքացուց, ասենք տաքսու մեջ կամ զբոսայգու նստարանին, լսել սովետի ժամանակներից սերող և թութակավարի կրկնվող մեղադրանքներ Դաշնակցության հասցեին կամ ֆեյսբուքի անհայտ ու հաճախ ոչ իրական հասցեատերերի մեզ պիտակավորող գրառումներ կարդալ:

Ինչ որ լսեցինք ու կարդացինք կարծես անձնական քեն ու ոխի, անբացատրելի բարդույթների ժայթքումներն էին, որոնք որքան հախուռն, ու որքան թունոտ լինեին այնքան ծափեր (կներեք լայքեր) էին խլում քաղաքականապես անգետ ու ապակողմնորոշված խավերից: Բավական է միայն հիշել Փաշինյանի ու նրա թիմի բազմաթիվ փորձերը Դաշնակցութեանը նսեմացնելու, պատմութեան աղբամանը նետելու մասին, որոնք ժամանակին ողողեցին իշխանական մամուլն ու նիկոլապաշտների դիմատետրերը:
Իսկ այսօր շատ բան է փոխվել այս հարաբերութեան մեջ:

2021ի գարնան սեմին որտեղ են կանգնած այդ նույն իշխանավորները ու որտեղ է կանգնած ՀՅ Դաշնակցությունը:

Անգամ պարզ, ոչ մասնագիտական վերլուծությունը տալիս է մեզ իրավունքը հաստատելու որ՝ մարդիկ, ովքեր լավ ապագայի երազանքներով ու սին խոստումներով ոգևորուած 2018ի գարնանը հրապարակ իջան հետևելով կեղծ, ներմուծված ու գործուղղված իբր հեղափոխականներ, այսօրվա իրենց դժբախտությունների մեղավորներին, այժմ արդեն իրենց չդարմանվող ցավերի ու այդպես էլ չբարելավվող կենսական պայմանների համար մեղադրում են հենց նրանց՝ ներկա իշխանություններին: Խոսքը իհարկէ Փաշինյանի վկաների, նրա իմպոտենտ խմբակի և նյութական շահերով նրան կապված խավի մասին չէ, այլ ժողովրդի լայն զանգվածների, որոնց գլուխն այլևս դժուար է զբաղեցնել «նախկիններն են մեղավոր» մեղադրանքով:

Մարդիկ, ովքեր իրենց զավակներին այս իշխանություններին վստահեցին, այսօր գիտեն թե իրենց զոհված կամ գերեվարված որդիներին դավաճանել ու դավաճանում են հենց այս իշխանութիւնները, որոնց եթե ոչ դավաճանական, ապա ապիկար ու անկարող, ոչ մասնագիտական ղեկավարման պատճառով 2020ի աշնանը ծայր առած պատերազմին զոհ դարձավ մի ամբողջ սերունդ: 18-20 տարեկան տղաների մի ամբողջ փաղանգ, որը զրկվեց պաշտպանվելու նվազագույն պիտույքներ ու սարքեր ունենալու զինվորի իրավունքից, այսօր հանգչում է Եռաբլուրում կամ օկուպացված Արցախի հողում, Աստծո երկնքի տակ: Ունենք սփյուռք, որը պատերազմի օրերին զորաշարժի ենթարկվելով փորձեց հասնել մեր զինվորին օգնության և այսօր հասկանում է, թե իր ուղարկած օգնությունը այդպես էլ տեղ չի հասել, հափշտակվել է կամ, լավագույն պարագայում, դեռ մաքսազերծման է սպասում: Զինվորին ուղարկված դեղորայքն ու վիրակապը գտնվում են այս կամ այն նկուղում ու պահեստում, իսկ զինվորը չկա: Ունենք բանակ՝ որը կռվեց առյուծաբար փաստելով իշխանության սխալ հաշվարկներն ու համաձայնվածությունը թշնամու հետ: Թշնամին խոստացել էր մի քանի օրում ավարտել պատերազմն ու պարտության մատնել հայկական կողմին, որ չհաջողեց և ունենք իշխանություն, որը համարձակվում է պարտության մեջ մեղադրել այս բանակին:

Կա մասնագետների ու վկաների վկայությունների հիման վրա ձևավորված հանրային համոզում, որ Հայաստանին պարտադրված պարտությունը ծրագրավորված ու գնված էր ի սկզբանե, իսկ այն վաճառել է հենց այս իշխանությունը:

Ազգովին ունենք մեղքի զգացում և ազգովին կանգնած ենք փաստի առջև, որ այո՛ հենց մեր ձեռամբ իշխանության բերինք ժողովրդին դավաճանած այս իշխանություններին և ստացանք այն ինչ ունենք այսօր՝ կորուսյալ նոր տարածքներ, զոհեր, գերիներ, անհետ կորածներ, տեղահանված տասնյակ հազարավոր հայրենակիցներ, վտանգված սահմաններ, Հայաստանի տարածքների զիջում և կորուստ, թավալագլոր անդունդ ընկնող տնտեսություն, արտագաղթելու որոշման եզրին կանգնած բազմահազար ընտանիքներ ու, որ ամենացավալին է, անորոշ ապագայի շեմին կանգնած ազգ ու երկիր:

Ունենք նաև իշխանություն, որը կապիտուլիացիայից ավելի քան հարյուր օր անց դեռ իշխում է երկրում ու փորձում մեղավորներ փնտրող մարդկանց, զոհերի, գերիների ծնող-հարազատների, հայրենազուրկների, տնազուրկերի, ընչազուրկ դարձածների հայացքը ուղղել դեպի անցյալ և հավատացնել բոլորին, թե ինքը չէ այս բոլոր դժբախտությունների պատճառը: Նա մեղադրում է նախկիններին և իհարկե նրանց շարքին դասում նաև մեզ՝ դաշնակցականներիս:

Փաշինյանը կարծես ունի միայն մի կոտրած սկավառակ, որն անվերջ կրկնում է նույն հանկերգը ու նորից ու նորից մեղքը բարդում նախկին քաղաքական ուժերի, կուսակցությունների, մտավորականների, զինվորականների վրա: Իմքայլական իշխանությունը իհարկե իր բոլոր լծակներով և արտաքին հովանավորող ուժերով փորձում է վախեցնել ժողովրդին նոր պատերազմով, ներքին արնահեղությամբ, «նախկինների» վերադարձով: Իշխանությունները, ինչպես նաև նրանց 2018-ին գործի գլուխ բերած ու շահած-պահած արտաքին ուժերն իրենց հաշվարկների մէջ հաշվի ե՞ն առնում ժողովրդի վիշտը, սուգը, քաղաքական անհեռատեսությունը, անհայտից վախը և մի անգամ ևս խաբված լինելու վախից քայլեր չառնելու հոգեվիճակը: Վերախմբագրվել են նաև բոլոր կարգախոսերը՝ «ոչ մի թավիշ», «քո հետևից էլ կգանք», «դատի կտանք» և նմանատիպ ամպագորգոռ հայտարարություններ այն բոլորի հասցեին ովքեր գլուխ կբարձրացնեն իրենց դեմ:

Եւ վերջապես ունենք վարչապետ, ով իրեն և իր յուրայիններին թույլ է տվել ամեն օրինախախտում, կամայակնորեն շրջանցել օրենքը և փորձել է զավթել երկրի և՛ օրենսդիր, և՛գործադիր և՛ դատական իշխանությունները: Նա վաղուց դադարել է «ժողովրդի վարչապետ»ի կերպարը խաղալուց և որպես անվստահելի, անկարող և անհավասարակշիռ քաղաքական գործիչ խարխլել մեր պետականության բոլոր հիմքերը, անկումի տանելով բոլոր ոլորտներն ու զրոյական կետին հավասարեցնելով մեր հավաքական հույսը:

Ունենք թշնամի, որը զինավարժություններ է կատարում մեր սահմանին և անվերջ հիշեցնում, թե պատերազմը դեռ չի ավարտվել: Կա լուռ աշխարհ, որը փաստեց, թե հանրային կարծիքի առումով ոչ մի բան էլ չի փոխվել մեր կյանքում՝ եղեռնի տարիների համեմատությամբ:

Այսօր ունենք Հայաստանում, թե սփյուռքում ներկա իշխանությունների հրաժարականի ժողովրդական պահանջ: Նրանց հրաժարականն է պահանջում այո՛ քաղաքական էլիտան, մտավորականությունը, զինված ուժերը, եկեղեցին, բուհերը, զոհված զինվորի մեդալը այս իշխանութիւնից ստանալ չցանկացող ծնողը, անգամ 2018-ին «դուխով» կանչողների մեծ մասը:
Իսկ որտե՞ղ է կանգնած ՀՅԴն:

Մեր պայքարը, իշխանություններին կարգի հրավիրելու և ազգային օրակարգին վերադարձնելու ճիգը մենք սկսել ենք դեռեւս երկու տարի առաջ, երբ ընդվզեցինք նույն իշխանության ապազգային քաղաքականության ազգակործան գործընթացի դեմ: Ժամանակին, երբ ժողովուրդը դեռ հետ-իշխանափոխության էյֆորիայի մեջ էր, այդ պայքարի մեջ մտնելը մենք համարեցինք մեր պարտականությունը և չտրվեցինք զանգվածներին դուր գալու և փչող քամու հետ նույն ուղղությամբ գնալու «խոհեմ» քայլին ու արժանացանք տարբեր հասցեներից մեզ ուղղված քաղաքական վայրահաչությունների:

Իսկ պատրերազմի ընթացքում ՀՅԴն հայրենիքի զինվորն էր, կամավորը, մի թիզ հայրենի սահմանից չզիջողը հակառակը, բարձունք գրաւողը, պարտության ստորագրումից հետո անգամ դիրքերից չիջնողը, հանձնված գյուղը թշնամուն չզիջողը, Արցախում հայրենազրկված ընտանիքների վերաբնակեցման գործին նվիրվողը, իր համաշխարհային կառույցով Արցախը ոտքի հանելու և կորցրածը ետ բերելու աշխատանքի ռահվիրան, ազգայինի ու հայրենասիրության ջատագովն ու առաջնորդը:

Իսկ ի՞նչ դեր է վերապահված ՀՅԴին այսօր:

Այս պահին հայ ժողովրդին հուզող գերագույն խնդիրը մեր ազգի ու մեր հայրենիքի ապահովությունն ու սահմանների անձեռնմխելիությունն են, որի դեմ է Հայաստանի ներկայ իշխանությունների յուրաքանչյուր քայլը: Ժողովուրդը քաջ գիտակցելով հայրենիքի գլխին ճոճվող վտանգը և ներկա իշխանությունների անթաքույց համակրանքը թշնամու նկատմաբ, ոտքի է կանգնել ու փրկության ելք է փնտրում: Առկայ է և օրեցօր ահագնանում է Փաշինեանի հրաժարականի ժողովրդական պահանջը: Իսկ ՀՅԴն այդ պահանջի մարմնացումն է, հայրենիքի փրկության շարժման մղիչ ուժը, համակարգողը, բողոքի արշավներ, երթեր կազմակերպողը, քաղաքական հստակ պահանջ ներկայացնողը, խոսք ասողը, խոսքին ամեն գնով տեր կանգնողը, ձերբակալվողը, ոստիկանությունից ուղիղ ցույցի վերադարձողը, չվարանողը:

Վերադառնալով առաջին տողերում հնչած հարցումին, թե ինչո՞ւ ենք մենք, դաշնակցականներս վերջին տարիներին մեր դեմ սանձազերծված հակադաշնակցական մոլուցքն անտեսում և անսասան մնում մեր գաղափարների հարցում պետք է հաստատել, որ մենք այլ ելք չունենք:

Մերը ժողովրդին տեր կանգնելն է, խավարը ցրելը, քաղաքական գիտակցությունը բարձրացնելը, թշնամու ներթափանցման մասին իրազեկելը, ազգն ու երկիրը սասանել փորձող ցանկացած ուժի դեմ պայքարելը, երբ զանգը հնչի՝ առաջինը հայրենիքի պաշտպանությանն արձանագրվելը ու երբ ոչ ոք չի գտնում խարիսխը, հե՛նց խարիսխ հանդիսանալն է:

Վկան մեր պատմությունը, վկան մեր հին ու նոր նահատակները, վկան մեր հաղթական ընկերները՝ հենց այս պահին Բաղրամյան պողոտայում:

Մ.Ա.

Լոս Անջելես

Share