Լիլիթ Գալստյանի անդրադառձը Գառնու տաճարում կազմակերպված հարսանիքին եւ Կարօ Արմէնեանի արձագանգը

Լիլիթ Գալստյան

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ ԱՆՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից, արդարացիորեն, Գառնու տաճարում կազմակերպված հարսանիքն է քննարկվում։Առերևույթ կամ ֆորմալ առումով թվում է, թե ամեն ինչ կարգին է։ Պահպանության ՊՈԱԿ-ը թույլտվությունը համաձայնեցրել է ԿԳՄՍ-ի հետ, տաճար-արգելոցի փակ լինելու մասին ծանուցում էլ է եղել, աշխարհում էլ մշակութային հուշարձանները/կոթողները վարձակալելու ավանդույթ կա։

Սա միայն առերևույթ․․․ եթե չելնենք այն իրողությունից, թե ինչ իրականության մեջ է ապրում մեր հասարակությունը, եթե փորձենք մոռանալ, որ Հայաստանը կորցրել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու վերահսկողությունը, եթե չնկատելու տանք, որ թուրքը դիրքավորվել է Սոթքից Շորժա ու աչքը Սևանին է, եթե մոռանանք, որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, եթե մոռանանք, որ սահմանին հայ զինվոր է մահանում, եթե մերժենք, որ մեր պետականությունը արնաքամ է լինում․․․

Եթե մեժեք այս ամենը․․․բայց ինչպե՞ս․․․ Ձեր մերժումից, ցավն օտարելուց, ուրանալուց կամ փախուստից ոչինչ չի փախվում, Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ․․․

Ու համատարած այս ցավի, պետականության և ինքնիշխանության իրական կորստի խորապատկերում ինչ-որ մեկի մտքով անցնում է հենց տաճարի ներքո «տժալ», այո՝ հենց այդ բառով՝ «տժալ»․․․ինքը փող ունի, ինքը կարող է թեկուզ մեկ օրով Գառնին առնել, ու թքած, թե ինքն էլ է այդ կործանվող նավի վրա ․․․

Չեմ մերժում ոչ մեկի երջանիկ լինելու իրավունքը, բայց ինչպե՞ս․․․մեր անկումների խորությունից անհնար է չքարանալ։ Եվ այդ անկումների շղթայով անցնում են պատվիրատուից մինչև ԿԳՄՍ նախարար։ Դուք ոչ մեղքի, ոչ պատասխանատվության, ոչ էլ ցավի գիտակցում չունեք․․․

Օրենքներից անդին բարոյական ու արժեքային ուղենիշներն են, ներքին զսպանակները․․․Մենք կորցրել ենք, ավելի շուտ մեզ կորցնել են տալիս մեր ընդհանրական արժեքները, մեր ներքին դիմադրությունը, մեր ինքնությունը, մեր մարդկային չափանիշները։

Ինքնակործան անհոգության մեջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորությունն ու ապագայի մասին տագնապը։ Մենք պարտվում ենք ներսից․․․

Իսկ գուցեև գիտակցաբար է արվում, պառակտված և ընդհանրական արժեքներ և կարմիր գծեր չունեցող ժողովրդին վերջնական պարտության մատնելը շատ հեշտ է։

Եվ սա ՄԵՐ/ՁԵՐ ընտրությունն է, իսկ իշխանությու՞նը, իսկ պետությու՞նը․․․

Կարօ Արմէնեան

Սրտի կծկումով կը կարդամ այս տողերը և անզօրութեան զգացումը կը ճնշէ ուսերուս։ Եւ այս զգացումն է իսկական թշնամին։ Այս դևն է, որ այսօր կ՚իշխէ ոչ միայն մեր երկրին, այլ ամբողջ ազգին աշխարհով մէկ։ Ան կ՚իշխէ մտքին։ Այսինքն այն իսկ տարածքին՝ որմէ ներս թշնամին մուտք պիտի չունենայ։ Թշնամին պիտի չգիտնայ, թէ ան ո՞ւր կը գտնուի…Սրտի այն կծկումը, որուն կ՚ակնարկեմ, կը վիրաւորէ զիս որպէս մարդու։ Քանի որ այդ զգացումն իսկ արտագաղթ է։ Մենք ամէն օր կ՚արտագաղթենք։

Մենք ամէն օր կը պարտուինք։ Կը պարտուինք՝ երբ «կու լանք» մեր վիճակին վրայ։ Մենք ամէն օր կը մխրճուինք հոգեբանական այս քաոսին մէջ որքան ատեն որ ազգովին կ՚ընդունինք պարտութեան իշխանութիւնը։

Որքան ատեն, որ իրեն կը ներշնչենք ինքնավստահութիւնը իր գոյութիւնը անպատիժ քաշքշել կարենալու։ Եւ որքան ատեն որ այս իշխանութիւնը կը յաջողի ինքզինք պարտադրել ազգին և պետութեան, ինքնաբերաբար կը համոզենք Թուրքիան, Ազրպէյճանն ու Ռուսաստանը, որ մենք՝ որպէս ազգ դադրած ենք գոյութիւն ունենալէ և մեզի հետ հաշուի նստելու խնդիր չունին։ Որ այս երեքը ընդամէնը իրարու միջև Հայաստանը սակարկելու խնդիր ունին և վերջ։

Ասիկա այն ախտաւոր շրջանակն է (vicious circle, cercle vicieux), որուն մէջ կը գտնուինք և այս շրջանակը ջարդելու գործը մեր ձեռքերուն մէջ կը գտնուի։ Այստեղ ճակատագիրը գործ չունի։

Մենք ենք հրաշագործը կամ դասալիքը։

Ընտրե՛նք։

Share