Պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան ֊ Կրպեյանը գրում է.
«ՀՅԴ-ից, նույնիսկ, եթե միայն մնա անունը, կարծում եմ, ամեն գնով պետք է պահպանել ու զարգացնել կուսակցությունը՝ կազմավորումից ի վեր ձևավորված ավանդույթներով հանդերձ։Ասեմ՝ ինչու՞։
Միայն այն փաստը, որ մինչև այժմ կուսակցության դեմ պայքարում են հակահայ ուժերը, ամենացայտուն արտահայտությունն է՝ թշնամիների համար այդ կառույցի վտանգավորության աստիճանի։
130 տարվա կտրվածքով միակ կազմակերպությունն է, որի անունն անգամ սարսափ և հոգեխանգարմունք է առաջացնում մեր թշնամիների մոտ, ինչպես, օրինակ՝ Սևրի պայմանագիրը։ Որպես պատմական գործող իրողություն, որպես Սփյուռքի հայապահպան, ազգապահպան, ազգային շեշտված գաղափարախոսությամբ կառույց՝ ՀՅԴ-ի դերն անվիճելի է պատմական երկարաժամկետ կտրվածքով։
ՀՅԴ-ի դեմ պայքարել են բոլշևիկները, թուրքեր-ադրբեջանցիները, և բոլոր հայտնի ու քողարկված հակահայ ուժերը։Հայ ազգային արժեքների դեմ ուղղված պայքարի մի օղակն է ՀՅԴ-ի դեմ պայքարը։ Հային կտրել ազգային ամեն ինչից, հատկապես, այն ամենից, որոնք կարող են վկայել մեր ազգի երկարակեցության, մշակութային, կրոնական, պետական մտածողության հազարամյակների պատմական փորձի ու ավանդույթների մասին։
Եվս մեկ փաստ, որը պարտադրում է պահպանել ու զարգացնել կուսակցությունը․ այն է, որ ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետության հիմնադիր կուսակցությունն է, որը պատմական արժեք է ինքնին։
(Իրինա Բարսեղյան-Կրպեյան, պ․գ․թ․)
Հ․գ․ Ասեմ նաև, որ մտահոգությունս արտահայտել եմ որպես պատմաբան, որպես լրագրող և որպես մեր ազգային արժեքները բարձր դասող անհատ», – ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան ֊ Կրպեյանը:
Հիշեցնենք՝ Իրինա Բարսեղյան -Կրպեյանը Հայաստանի Ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանի կինն է, որի գիտական հետաքրքրությունների ծիրում է Հյուսիսային Արցախի պատմության նորագույն շրջանի անցքերի ուսումնասիրման խնդիրը։
[YERKIR.AM]