Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման պրոցեսը․ Իշխան Սաղաթելեան

Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման պրոցեսը․ Իշխան Սաղաթելեան

Այսօր՝ մայիսի 20–ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը տեղի չի ունենայ անբարէնպաստ եղանակի պատճառով․ ֆեյսբուքեան ուղիղ եթերում յայտնեց, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

Այն խնդիրները, որ դրել էինք մեր առջեւ կարելի է համարել կատարուած։

Նա փաստեց, որ այսօր ՀՀ արժանապատիւ քաղաքացին յստակ փոխանցեց այն ուղերձը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի մանդատ հայ ժողովրդի անունից բանակցութիւններ վարելու եւ հայ ժողովրդին որեւէ միջազգային հարթակում ներկայացնելու։

Բացի այդ Երեւանում ժողովրդաւարութեան թատրոնը «Մարիոթ» հիւրանոցում իշխանութիւնները ձախողեցին։

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան խիստ անհանգստացած են Հայաստանում իրենց գործընկեր Նիկոլ Փաշինեանի ճակատագրով եւ փորձում են արագացնել հակահայ փաստաթղթի ստորագրման պրոցեսը։

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինեանը մեկնելու է Բրիւսել՝ հանդիպելու ԵՄ Խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ․ Իշխան Սաղաթելեանն ասաց՝ վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 18։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաք է տեղի ունենալու, որին բոլորի մասնակցութիւնը շատ կարեւոր է։

«Մասնակցելով վաղուայ հանրահաւաքին դուք «ո՛չ» եք ասում այս կապիտուլեանտին, ասում եք «ո՛չ» երկիրը նոր զիջումների տանելուն, եւ վաղուայ մասնակցութեամբ յստակ ուղերձ եք յղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով յայտնուել է իշխանութեան ղեկին՝ այլեւս չունի որեւէ մանդատ ժողովրդի անունից խօսելու, ՀՀ-ն ներկայացնելու»,-յայտարարեց նա։

Վաղուայ հանրահաւաքին նաեւ մանրամասն կը ներկայացուի հայեցակարգային մօտեցումները Արցախեանի կարգաւորման եւ ստեղծուած իրավիճակից երկիրը դուրս բերելու մասին։

Այսօր երեկոյեան հանրահաւաք չի լինի, նշեց Իշխան Սաղաթելեանը, նկատի ունենալով վաղուայ ծաւալուն աշխատանքները, նաեւ այսօր ամբողջ օրուայ աշխատանքները, ինչպէս նաեւ եղանակային պայմանները, քանի որ քաղաքացիների առողջութիւնը շատ կարեւոր է։

Այսպիսով, վաղը՝ ժամը 18։00-ին հանրահաւաք Ֆրանսիայի հրապարակում։

Share