Զանգեզուրի միջանցքը խնդիր է ոչ թէ Հայաստանի, այլ Իրանի հետ. Էրդողան

Զանգեզուրի միջանցքը խնդիր է ոչ թէ Հայաստանի, այլ Իրանի հետ. Էրդողան

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջեւ խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է եւ՛ Ադրբեջանին, եւ՛ մէզ։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ադրբեջան կատարած այցից յետոյ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ըստ նրա՝ իրականում դա իրենց էլ պէտք է հիասթափեցնի։

«Հուսով եմ, որ մենք շուտով կը յաղթահարէնք այս խնդիրը։ Եթէ ​​նրանք դրան դրական մօտենային, այսօր Թուրքիայ-Ադրբեջան-Իրան թէ՛ աւտօմոբիլային, թէ՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրուած կը լինէին միմեանց, եւ, հաւանաբար, կը բացուեր Պեկին-Լոնդոն գիծը», — ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաեւ նշել է, որ Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կ’ունենայ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործում։

«Խաղաղութեան դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպէտք է բաց թողնէն այս հնարաւորութիւնը եւ գործեն պատասխանատուութեամբ», — ասել է Էրդողանը։

aysor.am

Share