ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 16-ին ճեպազրոյցում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից բռնազաւթուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական տների եւ պատմական թաղամասէրի քանդումը։
Ինչպէս նշել է լրագրողը, իրականում ամէն ինչ արւում է, որպէսզի ցանկութեան դէպքում էլ հայ բնակչութիւնն այլեւս չկարողանայ վերադառնալ իր տները։
«Գիտեք, որքան ես հասկանում եմ, խօսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այդ երկրի օրէնքները։ Սա առաջին։ Երկրորդ, եթէ խօսքը մշակութային օբյեկտների մասին է, ինչպէս հասկացայ ձեր հարցի մէջ նշուեց, դէ, հաւանաբար, կան մասնագիտացուած միջազգային կազմակերպութիւններ։ Եթէ հարցեր ունեն, դրանք պէտք է լուծուէն դրա համար ստեղծուած համապատասխան հաստատութիւններում։ Չգիտեմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, երկրները լաւ են փոխգործակցում տարբեր ուղղութիւներով, ուստի այդ հարցը մէզ չպէտք է ուղղուի»,-յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
Միեւնոյն ժամանակ, ըստ նրա, Մոսկուայում իսկապէս կարեկցում են, «դա մարդկանց ճակատագիրն է, ովքեր լքել են իրենց տները, որոնց կեանքը դասաւորուել է, ձեւաւորուել, ոմանց համար այն սկսուել է այնտեղ, այնտեղ թաղուած են ոմանց մերձաւորները, հարազատները, ամբողջ կեանքը, եւ այդ վայրի հետ ընտանեկան պատմութիւններ են կապուած»:
«Սա վիթխարի ողբերգութիւն է, որում, ինչպէս հիանալի հասկանում եք, կան բազմաթիւ տեսանկիւններ եւ նրբերանգներ։ Եւ մենք բազմիցս մեկնաբանել եւ ընդգծել ենք Բաքուի կառուցողական քայլերը, որոնք ուղղուած էին իրենց տները լքած բնակչութեանը վերադառնալու հնարաւորութիւն ընձեռելուն։ Անկեղծ կարող եմ ասել ձեզ, թող իմ գործընկեր փորձագէտները ներէն ինձ, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ, բացատրութիւններ եւ այլն։
Եւ մենք հիանալի հասկանում ենք՝ ինչ է նշանակում, որ մարդիկ, ովքեր պատմականօրէն կապուած են եղել այս վայրերի հետ, կորցնեն դրանք։ Բայց միեւնոյն ժամանակ ուզում եմ եւս մէկ անգամ շեշտել՝ վերադարձի հնարաւորութիւն ընձեռուեց։ Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել հայկական կողմի, նկատի ունեմ՝ պաշտօնական Երեւանի գործողութիւնները, կարծում եմ, որ դուք՝ որպէս լրագրող եւ հասարակական գործիչ, հաւանաբար ձեր գնահատականը կտաք դրան եւ աւելի լաւ կանեք, քան ես՝ ներկայ իրավիճակում։
Բայց եղածը եղած է: Ընդ որում, նորից եմ ասում, վերադարձի հնարաւորութիւն կար եւ դեռ կայ։ Եթէ, ինչպէս ասում եք, մարդիկ շահագրգռուած են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, հաւանաբար, պէտք է օգտուել այդ հնարաւորութիւնից։ Եւս մէկ անգամ շեշտեմ՝ այն կայ»,- պնդել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
Ի պատասխան՝ լրագրողն ասաց, որ չգիտի:
«Ինչպէս չգիտեք: Ոչ, դա ճիշտ չէ: Դուք գիտեք: Ինչպե՞ս չգիտեք: Մենք խօսեցինք դրա մասին եւ պատասխանեցինք ձեր հարցերին։ Ինչպե՞ս չգիտեք,– առարկել է Զախարովան։
Լրագրողը պատասխանել է, որ մարդիկ չէն վստահում ադրբեջանական կողմին եւ վախենում են իրենց անվտանգութեան համար։
«Հարց կտամ, ներողութիւն եմ խնդրում: Արդեօ՞ք որեւէ բան արուել է իշխանութիւնների կողմից, պաշտօնական Երեւանի կողմից մարդկանց վերադարձը հեշտացնելու համար»,-հարցրել է Զախարովան։։
Նա նշել է, որ ինքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն է եւ խօսում է այն ջանքերի մասին, որ գործադրում է իր երկիրը՝ գիտակցելով՝ ինչ է նշանակում հանգամանքների բերումով, ողբերգութեան, բախումների եւ այլ պատճառներով մարդկանց զրկել հարազատ վայրերից։