Գարունդ հայերէն է գալիս

Գարունդ հայերէն է գալիս

Գարունդ հայերէն է գալիս,
Ձիւներդ հայերէն են լալիս,
Հայերէն են յորդում ջրերդ,

Հաւքերդ երգում են հայերէն,
Խոփերդ հերկում են հայերէն,
Հայերէն են տոկում գրերդ:

Արեւդ հայերէն է ծագում,
Ծառերդ հայերէն են ծաղկում,
Հայերէն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերէն,
Ձեռքերդ կռում են հայերէն,
Հայերէն են լռում քարերդ:

Ձորերդ շնչում են հայերէն,
Զոհերդ ննջում են հայերէն,
Հայերէն են տանջում ցաւերդ:

Որքան էլ ձեռքից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերէն են յառնում սարերդ:

Թող Աստւած եղածը պահի,
Եւ յետոյ ինչ էլ պատահի,

Ձիւներդ հայերէն են լալու,
Գարունդ հայերէն է գալու,
Հայերէն են գալու դարերդ:

                                               ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ

Լուսանկարում՝ Դադիվանքն է, բռնազաւթւած Արցախում

Share