Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարուել են Ընկերուար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միութեան (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարութեան ժողովը եւ Երիտասարդ սոցիալ դէմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը:
ԸԵՄՄ-ի ղեկավարութեան ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունէութեան ծրագրի քննարկումն էր: Սարինէ Աբրահամեանն իր զեկոյցում ներկայացրել է Հայաստանի այսօրուայ արտաքին մարտահրաւէրները, մասնաւորապէս՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան ոտնահարումն ու ուժի սպառնալիքի տակ զիջումների անօրինական պահանջը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, մասնաւորապէս՝ ընդդիմադիր ուժերի եւ անհատների նկատմամբ իշխանութեան քաղաքական հետապնդումներին եւ ոստիկանութեան կողմից բիրդ ուժի կիրառմանը։
Ծաւալուն քննարկման է արժանացել Բաքւում կայանալիք COP29-ի միջոցառումն ու դրա հետ կապուած անելիքները: Աբրահամեանը յիշեցրել է Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգութեան բնաջնջման, Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների մասին: Նա տեղեկացրելէ նաեւ Ադրբեջանում մարդու իրաւունքների ոտնայարման, շրջակայ միջավայրի աղտոտման, բռնապետութեան եւ ժողովրդաւարութեան պակասի մասին:
Ֆորումի շրջանակներում Սարինէ Աբրահամեանը հանդիպումներ է ունեցել Մարոկոյից, Կոլոմբիայից եւ Կաբոյ Վերդեից ժամանած պատգամաւորների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Բաքւում կայանալիք COP29-ի հետ կապուած հարցերը։ Ներկայայնելով վերոնշեալ հիմնախնդիրները՝ Սարինէ Աբրահամեանը շեշտադրել է Արցախի ղեկավարութեան, բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտութիւնը: Նա կոչ է արել պատգամաւորներին՝ իրենց կառավարութիւններից պահանջել՝ դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, պահանջել Ադրբեջանից անյապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամաւորները տեղեկացրել են՝ դեռեւս պաշտօնապէս յայտարարուած չէ իրենց երկրների մասնակցութեան ձեւաչափը, սակայն խոստացել են հետեւել իրադարձութիւններին եւ հարցեր ուղղել իրենց կառավարութիւններին՝ Բաքւում կայանալիք COP29-ի վերաբերեալ:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ
13 սեպտեմբերի, 2024