Ներքին դավաճաններին ու արտաքին թշնամուն պատժելու՝ «Նեմեսիս» գործողության կնքահայր Շահան Նաթալիի «հարատև վրեժի» պատգամի հետ Դաշնակցությունը մի քանի այլ արտահայտություններ էլ ունի՝ «հարատև պայքար», «հարատև կռիվ», և հայ ազգը՝ համազգային մակարդակով, այսօր պետք է հենց այդ տրամաբանությամբ շարժվի առաջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։
«Հարատև վրեժի տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել, եթե ուզում ենք իսկապես հանգուցալուծման հասնել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ծառացած բոլոր մարտահրավերները չեզոքացնելով։ Այդ տրամաբանությամբ էլ այսօր առաջնորդվում է ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքը, որը վերջերս մեկնարկեց Համահայկական երիտասարդական Դիմադրության շարժումը աշխարհով մեկ, և մենք արդեն իսկ անցել ենք գործողությունների իրականացման»,-ասաց նա։
Բացի երկարաժամկետ պլանավորումից լինելու են նաև կտրուկ գործողություններ հայրենիքում և Սփյուռքի գաղթօջախներում։
«Թույլ տվեք չմանրամասնեմ, թե ինչ նկատի ունեմ՝ ասելով «կտրուկ գործողություններ», բայց մենք ունենք մշակված դիմադրության համապարփակ ծրագիր, որն արդեն իսկ իրագործման փուլում է գտնվում։ Դա փուլ առ փուլ է և էսկալացիոն միտում ունի, և հասնելու է իր պիկին»,-նշեց Արշակ Մեսրոբյանը։
Կտրուկ գործողությունների պլանին և դիմադրության այլ գործողություններին կարող են միանալ նաև բոլոր այն երիտասարդները, որոնք թեկուզ դաշնակցական չեն, բայց սրտացավ են երկրի վիճակով։ Սա արվում է թե՛ անհատ երիտասարդների ներգրավելով, թե՛ այլ կազմակերպությունների երիտթևի անդամների հետ համագործակցությամբ։ Անհատ երիտասարդը ընդամենը պետք է դիմի իր տարածքի ՀՅԴ երիտասարդական կառույցին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
«Արդեն մենք իր հետ կապի մեջ կլինենք, և հենց հաջորդ քայլերը ձեռնարկենք՝ իրեն էլ նախապես տեղյակ կպահենք։ Ինքն էլ կարող է այս ամբողջ ընթացքում հետևել սոցիալական հարթակներում մեր պաշտոնական էջերին և ունենալ համապատասխան տեղեկատվություն»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուն։
Արշակ Մեսրոբյանը հիշեցրեց, որ Դիմադրության շարժումը մեկնարկելու համար ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ՝ զորաշարժի ենթարկելով բոլոր երիտասարդական, ուսանողական միություններին աշխարհով մեկ, և այդ հայտարարության մեջ տեղ էին գտել արդեն Համահայկական երիտասարդական Դիմադրության շարժման պայքարի հիմնական ուղղությունները։
«Հիմնական ուղղությունները հետևյալն են․ առաջինը՝ պետք է պայքարենք թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականության՝ ագրեսիայի դեմ, երկրորդը ներքին բնույթ ունի՝ այսօրվա իշխանությունների դեմ պայքարն է, քանի որ իշխանությունը դարձել է սպառնալիք հայկական զույգ հանրապետությունների վերջնական կործանման իմաստով, այնպես որ, այդ վտանգն էլ մենք պետք է չեզոքացնենք, երրորդը ուղղությունը՝ մենք պետք է գերտերություններին հստակ պատգամ փոխանցենք, որ իրենք իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին, մենք ունենք միջոցներ դա փոխանցելու, չորրորդ ուղղությունն արդեն ներազգային համախմբմանն է վերաբերում, մենք՝ Դաշնակցության համազգային ընտանիքը, պետք է կարողանա հայ երիտասարդությանը համախմբել դիմադրության շարժման շուրջ, և արդեն իսկ դրա աշխատանքները ընթանում են»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։
Մարտունակ բանակ ունենալու համար, նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է գնան, որովհետև նրանք են երկրի վերակազմավորման հիմնական խոչընդոտը, առհասարակ, պետականության հիմնասյուները վերականգնելու իմաստով։
«Ժողովուրդը պետք է գիտակցի, որ դիմադրության հիմնական աղբյուրը հենց մեր հասարակությունն է, քանի որ պարտված և կառավարելի լիդերը ձեռնտու է բոլորին՝ թե՛ թշնամուն, թե՛ գերտերություններին, և միայն հայ ժողովրդին ձեռնտու չէ։ Իշխանություններն իրենց զիջումներն այնպես են բեմադրում, կարծես ուրիշ տարբերակ չկար, քան զիջելը, բայց այդպես չէ, ո՛չ, սա մեր իշխանավորների քաղաքականությունն է պարզապես»,-համոզված է Արշակ Մեսրոբյանը։
Դիմադրության շարժման շրջանակներում՝ նա իրենց մասով վստահեցրեց, որ Դաշնակցության երիտասարդականի համաշխարհային ընտանիքը որդեգրել է մի սկզբունք՝ այս շարժման ամբողջ ընթացքում պիտի դրսևորի առավելագույն հանդգնություն, և այդպես ի վերջո պետք է հասնի իր նպատակին։
«Մենք պատրաստ ենք առաջնորդելու հայ երիտասարդությանը, որ հասնենք մեր նպատակին, մենք մեր բեռը, այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։
Իսկ հայ երիտասարդությունն ընդհանրապես, նրա համոզմամբ, պետք է զգա, որ այսօր ինքն է, որ պետք է հայրենիքի ճակատագիրը վերցնի իր ուսերին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․