Սի Ծինպինը վերընտրուեց Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում

Սի Ծինպինը վերընտրուեց Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում

ՊԵԿԻՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում վերընտրուել է Սի Ծինպինը: Նա կղեկավարի երկիրը եւս 5 տարի:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում աւարտուած համագումարի յաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կենտրոնական կոմիտէի նոր կազմի առաջին պլենումը, որի արդիւնքում Կոմկուսի գլխաւոր քարտուղարի պաշտօնում երրորդ անգամ վերընտրուել է Սի Ծինպինը: Կենտրոնական կոմիտէի Քաղաքական բիւրոյի անդամներ են ընտրուել 7-ը` Սի Ծինպին,  Լի Ցեան, Չժաոյ Լեցզի, Վան Հունին, Լի Սի, Ցայ Ցի եւ Դին Սյուեցեան:

Չին եւ օտարերկրեայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սի Ծինպինը իր խօսքում շեշտեց, որ կը շարունակէն աշխատանքը միւս երկրների ժողովուրդների հետ` պահպանելով համամարդկային արժէքները:

«Մենք կ’աշխատենք բոլոր միւս երկրների ժողովուրդների հետ՝ պաշտպանելու համար մարդկութեան այնպիսի ընդհանուր արժէքները, ինչպիսիք են խաղաղութիւնը, զարգացումը, ազնւութիւնը, արդարադատութիւնը, ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնը: Չինաստանի զարգացումն անբաժան է աշխարհից, իսկ աշխարհն իր զարգացման համար նոյնպէս ՉԺՀ-ի կարիք ունի»,-ասաց նա:

Կոմկուսի գլխաւոր քարտուղարի խօսքով` արդիականացուած սոցիալիստական պետութեան համակողմանի կառուցումը համապատասխանում է չին ժողովրդի շահերին ու ձգտումներին:

Սի Ծինպինը ծնուել է 1953 թուականին: Չինաստանի Կոմունիստական կուսակցութեանը միացել է 1969 թուականին: Սի Ծինպինը ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի գլխաւոր քարտուղարն է, ՉԿԿ-ի Կենտրոնական ռազմական յանձնաժողովի նախագահը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան Նախագահը եւ Չինաստանի կենտրոնական ռազմական յանձնաժողովի նախագահը:

Լուսանկարը՝ Xinhua

Share