ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 20-հոկտեմբերի 14, 2022 թ.)

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 20-հոկտեմբերի 14, 2022 թ.)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Սեպտեմբերի կէսերին Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից յետոյ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն աւելի ուժեղացրեց աշխատանքները՝ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու եւ այդ երկրին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը դադարեցնելու ուղղութեամբ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով, սեպտեմբերի երկրորդ կէսին Վաշինգտօնում գտնուող Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանը սեպտեմբերի 20-ին ելոյթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախի անկախութեանը նուիրուած ձեռնարկի շրջանակներում։ Ձեռնարկը կազմակերպուել էր Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Բաբայանից բացի ելոյթներ են ունեցել եւ հայ ժողովրդին զօրակցութիւն յայտնել կոնգրէսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը եւ Դաւիթ Սիսիլինին։

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին յարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկեան անվտանգային բնոյթի օժանդակութիւնն Ադրբեջանին եւ առհասարակ վերանայել այդ երկրին յատկացուող օժանդակութիւնը։

Սեպտեմբերի 22-ին պէտքարտուղար Բլինքենին հասցէագրուած բաւական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպէտք է դերակատարում ունենայ աւտօրիտար բռնութիւններին աջակցելու գործում, եւ որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են 907-րդ բանաձեւի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղութեամբ։ 907-րդ բանաձեւի կիրարկումից նախագահական հրաժարման օրէնսդրական հնարաւորութեան վերացումն ուղղակիօրէն ենթադրում է Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի գլխաւորած կոնգրէսական պատուիրակութեան Հայաստան կատարած այցից մէկ շաբաթ անց, պատուիրակութեան մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը սեպտեմբերի վերջին հանդէս է եկել ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնները ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Արցախում դատապարտող օրէնսդրական նախաձեռնութեամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ եւ դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննութիւններ անցկացնելու համար։

Իր այս մտադրութեան մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնօրէն յայտարարել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայանի եւ Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, սպորտի եւ մշակոյթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանի հետ հանդիպման ընթացքում։ Պատէրազմական յանցագործութիւնների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձեւը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկութեան փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների եւ պատմական յուշարձանների ոչնչացումը եւ համերաշխութիւն յայտնում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների տարածքային ամբողջականութեանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը եւ կոնգրէսական Աննայ Էշուն:

Ռոբերտ Մենենդեսը եւ նոյն յանձնաժողովի անդամ Մարկոյ Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդէս են եկել երկկուսակցական օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը դատապարտում է ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ է արւում անյապաղ դադարեցնել ամերիկեան անվտանգային աջակցութիւնն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական յանցագործութիւնների համար։ Բանաձեւով համերաշխութիւն է յայտնւում ՀՀ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ կոչ է արւում մեծացնել Հայաստանին եւ Արցախին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնը։

ԱՄՆ Սենատում Ռոբերտ Մենենդեսի եւ Մարկոյ Ռուբիոյի ներկայացրած բանաձեւով, փաստօրէն, Ադրբեջանին ամերիկեան անվտանգային օժանդակութիւնից զրկելու, պատժամիջոցների կիրառման, ինչպէս նաեւ հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր այլ հարցեր մտնում են նաեւ ԱՄՆ Սենատի օրակարգ։ Աւելի վաղ իրենց բանաձեւերի նախագծերով այդ հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգ էին մտցրել կոնգրէսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը բազմաբնոյթ աշխատանքներ է իրականացնում՝ ապահովելու համար ներկայացուած երեք նախագծերի ընդունումը։

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանի Միացեալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 28-ին ԱՀ արտգործնախարարութեան եւ Գլենդելի քաղաքային խորհրդի հետ ստորագրուել է Գլենդելի եւ Մարտունիի միջեւ «քոյր-քաղաքային» յարաբերութիւնների հաստատման մասին յուշագիր։

Յուշագրի նախագիծը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախեանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացուել էր դեռեւս օգոստոսի 23-ին եւ ընդունուել միաձայն:

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 30-ին հանդէս է եկել եւս երկու նախաձեռնութեամբ։

Մենենդեսի նոր նախաձեռնութիւնը ենթադրում է համապատասխան կարգաւորումներ 2023 թ. ֆիսկալ տարուայ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են 907-րդ բանաձեւի կիրարկումից հրաժարուելու հնարաւորութիւնից եւ արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւի կիրարկումից նախագահական հրաժարման օրէնսդրական հնարաւորութեան վերացումը ուղղակիօրէն կզրկի Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, համատեղ «Ամերիկայ-յունական առաջնորդութեան խորհրդի» եւ հրէայ ռաբի Շմուլեյ Բոթիչի, հոկտեմբերի 12-ին բողոքի ցոյց է կազմակերպել Ֆիլադելֆիայում՝ ազգութեամբ թուրք, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի եւ Էրդողանի մտէրիմ Մեհմեդ Օզի նախընտրական կենտրոնական գրասենեակի առջեւ։ Օզը պայքարում է ԱՄՆ Սենատի անդամ ընտրուելու համար եւ մերժում է Հաեօց եւ Հունաց ցեղասպանութիւնների փաստը։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոալիցիոն գործընկերների հետ տեւական ժամանակ պայքարում է, որպէսզի խափանի Մեհմեդ Օզի ընտրութիւնը՝ մերկացնելով նրա կապերը թուրքական բռնապետական ռեժիմի հետ։

Հոկտեմբերի 13-ին Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը Հայաստան ժամանել պատրաստուող կոնգրէսական պատուիրակութեանն է ներկայացրել Հայ դատի յանձնախմբի հինգ քաղաքական առաջնահերթութիւնները, որոնք ներառում են Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցումը, Հայաստանի անվտանգութեանն աջակցութիւնը, Արցախին հումանիտար օժանդակութեան տրամադրումը, պատերազմական յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկումը, Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը։

Եւրոպայ

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, Բրիւսելի Շուման հրապարակում, Եւրոպական Միութեան գործադիր կառոյցների դիմաց, տեղի ունեցաւ բողոքի ցոյց՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դէմ։ Ցուցարարները ԵՄ-ից պահանջում էին դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականութիւնը, վերջ տալ բռնապետական Ադրբեջանի հետ գործընկերութեանը, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Ցուցարարները ուշադրութիւն հրաւիրեցին նաեւ ադրբեջանական ռազմական յանցագործութիւնների վրայ՝ ներառեալ կին զինուորականների խոշտանգումները, ինչպէս նաեւ Ադրբեջանում հայերի նկատմամբ պետական մակարդակով տարուող ատելութեան քաղաքականութիւնը։ Ցոյցը համատեղ ջանքերով կազմակերպել էին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբը, Բելգիայի Հայերի Կոմիտէն, Բելգիահայ դէմոկրատների միութիւնը, ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի Յանձնախումբը եւ Գերմանահայերի կենտրոնական խորհուրդը։

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը աշխատանքներ է իրականացրել ինչպէս Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերեալ քննարկում անցկացնելու, այնպէս էլ պատգամաւորների շրջանակում հնարաւորինս շատ եւ թիրախային ելոյթներ ապահովելու ուղղութեամբ։ Արդիւնքում, հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում տասնեակ պատգամաւորներ խօսել են ադրբեջանական ագրեսիայի մասին եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան բարձր յանձնակատար Ջոզեպ Բորելից պահանջել իրականացնել կոնկրէտ գործողութիւններ։ Մանսաւորապէս ելոյթներ են ունեցել Հարաւային Կովկասի երկրների հետ ԵԽ խորհրարանական պատուիրակութեան ղեկավար Մարինայ Կալիւրանդը, Խորհրդարանի պաշտպանութեան եւ անվտանգութեան ենթայանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահ Պետէր Վան Դալենը եւ այլ խորհրդարանականներ։

Կանադայ

ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը սեպտեմբերի վերջին շարունակել է աշխատանքները՝ պայմանաւորուած Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայով։ Սեպտեմբերի 24-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Հայաստանի դիմումի վրայ գումարուած նիստը՝ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին կոչ է արել հասցէական անդրադառնալ եւ դատապարտել ադրբեջանական ագրեսիան, սատարել ՀՀ տարածքային ամբողջականութեանը: Հարկ է նշել, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը հասցէկան գնահատական է տուել ադրբեջանական նախայարձակ գործողութիւններին եւ համերաշխութիւն յայտնել ՀՀ տարածքային ամբողջականութեանը։

Հոկտեմբերի 1-ին Վանկւուերի Հայ կենտրոնում կայացել է ընթրիք-նուիրատուութիւն՝ Հայ դատի աշխատանքներին զօրակցութեան համար։

Ընդհանուր առմամբ հաւաքագրուել է 120․000 դոլար։ Օրուայ գլխաւոր բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանն անդրադարձել է Հայաստանում ու Սփիւռքում հայ ժողովրդի, Հայ դատի քաղաքական ծրագրի ներկայ մարտահրաւէրներին ու առաջիկայ անելիքներին։

Մեծ Բրիտանիայ

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին որոշակիօրէն անդրադարձել են նաեւ անգլիական քաղաքական շրջանակներում։Մասնաւորապէս խորհրդարանական Քրիս Լոն հրապարակաւ դատապարտել է ադրբեջանական գործողութիւնները եւ քննարկման ներկայացրել Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները դատապարտող յայտարարութեան նախագիծ։ Հայ դատի Անգլիայի յանձնախումբն ակտիւ աշխատանքներ է տանում նախագծի ընդունմանը նպաստելու ուղղութեամբ։ Խորհրդարանական ընդդիմութեան՝ պաշտպանութեան նախարարի թեկնածու Ջոն Հալին, իր հերթին պաշտօնական գրութեամբ դիմել է Անգլիայի պաշտպանութեան նախարար Բէն Վալասին՝ փորձելով հասկանալ թէ Մեծ Բրիտանիան ինչ ներգրաւուածութիւն ունի լարուածութեան յաղթայարման գործում։ Գրեթէ նոյն խնդրով Հալին դիմել է նաեւ Անգլիայի արտաքին գործերի նախարարին։ Բրիտանական կառավարութեան երկու անդամներն էլ յստակ պատասխաններ չէն տուել բարձրացուած հարցերի վերաբերեալ։

Աւստրալիայ

Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին սադրանքին որոշակի անդրադարձ է կատարուել Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մասնաւորապէս, սեպտեմբերի վերջին Աւստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ, «Աւստրալիայ-Հայաստան» բարեկամութեան խմբի եւ «Արցախի բարեկամների» միջազգային ցանցի անդամներ Թիմ Ջեյմսը, Հուգ Մըքդերմոթը եւ Ֆրեդ Նիլ Միլսն առանձին յայտարարութիւններով դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին Աւստրալիայի ամենահայաշատ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխութիւն է յայտնել հայ ժողովրդին եւ նահանգային խորհրդարանին ու կառավարութեանը կոչ արել ֆեդերալ կառավարութիւնից պահանջել յստակ եւ առանց այլեւայլութիւնների դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը միացել է նաեւ Աւստրալիայի ֆեդերալ խորհրդրանի պատգամաւոր Փոլ Ֆլետչերը՝ կառավարութեանը կոչ անելով հանդէս գալ հայ ժողովրդի եւ քաղաքացիական ենթակառուցուածքների պաշտպանութեան դիրքերից։
Հոկտեմբերի 13-ին Հուգ Մըքդերմոթը ֆեդերալ կառավարութիւնից պահանջել է անմիջապէս հետ կանչել Թուրքիայում Աւստրալիայի դեսպանին ու դեսպանութեան ռազմական կցորդին՝ օգոստոս ամսուայ ընթացքում օկուպացուած Շուշի քաղաք այցելելու համար։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 4-ին նամակ է յղել Լիբանանում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Իոաննայ Վրոնեցկային՝ վերջինիս ուշադրութիւնը հրաւիրելով հայ ռազմագերիների սպանութիւնների վրայ։ ՀՅԴ Հայ դատի մարմինն ուշադրութիւն է հրաւիրել նաեւ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից յետոյ ադրբեջանական ուժերի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւնների վրայ, ընդգծել միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումները եւ միջազգային իրաւասու կազմակերպութիւններին կոչ արել յստակ ու աներկբայ դատապարտել ադրբեջանական քստմնելի ու բարբարոսական արարքները, պատժել դրանց հեղինակներին։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
14.10.2022 թ.

Share