Կանանց մասնակցութեամբ երթ՝ յանուն Հայաստանի եւ Արցախի

Կանանց մասնակցութեամբ երթ՝ յանուն Հայաստանի եւ Արցախի

«Դիմադրութեան» շարժման ակցիների շրջանակներում այսօր՝ մայիսի 6-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց բազմահազարանոց երթը՝ բացառապէս կանանց եւ աղջիկների մասնակցութեամբ: Երթը կրում էր՝«Հանուն խաղաղութեան, Հանուն մեր երկրի անվտանգութեան, Հանուն մեր երեխաների, Հանուն մեր զոհուած տղաների ու վաղուայ ապահով Հայաստանի, Արցախի» խորագիրը:

«Միացում, Պայքար, Յաղթանակ», «Տեր ենք մեր Հայրենիքին», «Արցախ», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, յաղթական երաժշտութեան հնչիւնների ներքոյ քայլերթը շարժուեց Երեւանի կենտրոնական փողոցներով։

Երթին մասնակցում են ՀՀ ԱԺ կին պատգամաւորներ, մշակոյթի գործիչներ, «Դիմադրութիւն» շարժման աջակիցներ, զոհուած զինծառայողների ծնողներ:

«Դուք գնացեք՝ ձեզանից հարիւրապատիկ արժանաւորներն այստեղ հազար անգամ շատ են, հաստատ այս ազգի արգանդը չի չորացել»․ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստներ Վարդանեանը

Նա վստահեցրեց, որ մարդիկ հայրենիքի կռիւ են անում, ոչ թէ աթոռի՝ դա ակնյայտ է ընդամէնը մի հայեացք նետելով։

«Սա որդեկորոյս մօր պայքար է, ասում ենք՝ ոչ պատերազմին, ասում ենք՝ ոչ Նիկոլին»,– վանկարկում էին երթի մասնակիցները։

կանայք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժուեցին դէպի Մաշտոցի պողոտայ, այնուհետեւ՝ Պարոնեան փողոց, որտեղ կանգ առան՝ յարգելու օրեր առաջ այդտեղ Փաշինեանի շարասեան կողմից վրաերթի հետեւանքով մահացած կնոջ յիշատակը։

«Սա թող լինի Նիկոլ Փաշինեանի վերջին սպանութիւնը»,- ասաց երթը համակարգող կանանցից մէկը։

Share