ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանի խօսքով՝ բանակցային գործընթացում եւ՛ ԵՄ, եւ՛ ԱՄՆ ակտիւութիւնն ազդել է տեղում Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքի վրայ:
«Խոսքը յատկապէս Հայ դատի Վաշինգտօնի գրասենեակի եւ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի մասին է, որը տեղակայուած է Բրիւսելում: ԱՄՆ Կոնգրեսում վերջին օրերի ընթացքում քննարկւում է «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտ»-ը. սա մի փաստաթուղթ է, որն էական ազդեցութիւն է ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վրայ, առնչւում է ԱՄՆ արտաքին քաղաքականութեան գրեթէ բոլոր բնագաւառներին: Հայ դատի յանձնախմբի տեւական աշխատանքների արդիւնքում Կոնգրեսի երկու պալատների մեր բարեկամները ներկայացրել են թուով 13 փոփոխութիւններ, որոնք վերաբերում են ամերիկա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների լայն սպեկտորին»,- 168TV-ի «Ռեւյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գեւորգ Ղուկասեանի խօսքով՝ փոփոխութիւններով առաջարկւում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ, հետաքննել Լաչինի միջանցքում ստեղծուած իրավիճակը, վերականգնել 907-րդ բանաձեւի պահանջները, որոնք ենթադրում են Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան վերացում, Հայաստանին եւ Արցախին տրամադրուող օժանդակութեան մեծացում եւ այլն. «Այս դրոյթները ենթադրում են ամերիկեան ներգրաւուածութեան մեծացում Հայաստանին եւ Արցախին վերաբերող հիմնախնդիրներում, սակայն ենթադրում են ներգրաւուածութեան այնպիսի բարձրացում, որը գործնականում կարող է օգտակար լինել: Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ներկայումս կենտրոնացած է այս ուղղութեամբ աշխատանքների վրայ: 13 փոփոխութեան նախագիծ ունենալն արդէն իսկ լաւ արդիւնք է, ենթադրւում է, որ վաղը-միւս օրը կ’որոշուի, թէ 13-ից որոնք են մտնելու վերջնական քուէարկութեան փուլ, եւ առաջիկայ 10 օրուայ ընթացքում կ’ունենանք քուէարկութիւն»:
Ինչ վերաբերում է Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքներին, նա նշեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում 3 խորհրդարանական պատուիրակութիւններ են ժամանել Հայաստան, որոնց Հայ դատի կենտրոնական գրասենեակն ընդունել է, նրանք Հայաստանում քաղաքական հանդիպումներ են ունեցել, այցելել են սահմանագօտի, տեղում ծանօթացել են ստեղծուած իրավիճակին, հանդիպումներ են ունեցել Արցախի ԱԳ նախարարի հետ, իսկ առաջին պատուիրակութեան դէպքում, որը մինչեւ Արցախի շրջափակումն է եղել, խորհրդարանական խումբ է ժամանել Արցախից:
«Այսինքն՝ մենք մարդկանց շատ յստակ ներկայացրեցինք, թէ ինչ իրավիճակ է Հայաստանում: Դրանից յետոյ այդ նոյն մարդկանց կողմից խնդիրը բազմիցս բարձրացուեց Եւրոպական խորհրդարանում, յատկապէս ԵԽ լիագումար նիստէրի ընթացքում: Վերջին նիստի ընթացքում, որտեղ կրկին ակտիւ էին այն պատգամաւորները, որոնք այցելել էին Հայաստան, մասնակցում էր ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ջոզեպ Բորելը, որը բաւական վատ իրավիճակում յայտնուեց, խիստ քննադատութեան արժանացաւ, ընդ որում՝ այդտեղ յայտարարեց, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը՝ որպէս Ադրբեջանի մաս: Ջոզեպ Բորելը պատգամաւորական ճնշման տակ խոստացաւ, որ հարցը կը ներկայացնի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նախարարական խորհրդի նիստում, որպէսզի Ադրբեջանի նկատմամբ կիրառուէն պատժամիջոցներ: Թէ ինչու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չէն կիրառւում, այդ հարցի պատասխանը Ջոզեպ Բորելը չուներ, խոստացաւ հարցը ներկայացնել դրա իրաւասութիւնն ունեցող մարմնին: Ներկայումս պատժամիջոցների կիրառման հարցը Եւրոպայի Հայ դատի գրասենեակի առաջնային քաղաքական օրակարգերից է, եւ ընդհանրապէս, Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին անընդհատ ծանուցել իրավիճակի մասին, հարցը միշտ տաք պահել, քննարկման առարկայ դարձնել»:
Գեւորգ Ղուկասեանը պատահական չի համարում, որ անցած տարի, երբ Ալիեւն ընդունել էր ԵԽ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահին՝ Մաքքալիստէրին, ասել է, որ ԵԽ-ն աւելի պրոհայկական բանաձեւեր է ընդունում, քան Հայաստանի խորհրդարանը. «Պատէրազմից յետոյ ադրբեջանական էյֆորիան դեռ չի մարել, եւ այն լկտի կեցուածքը, որով նաեւ խօսում են միջազգային դերակատարների հետ, իհարկէ, անթաքոյց ունենալով Թուրքիայի աջակցութիւնը, շարունակւում է: Փաստն այն է, որ նոյնիսկ արեւմտեան ճնշումներն Ադրբեջանի վրայ այսօր չէն աշխատում: Այդ ճնշումները որոշակի չափով աշխատեցին 2021թ. ձմռանը-գարնանը, երբ Ադրբեջանը նորից ընդհատել էր գազի մատակարարումը, բայց ներկայ պահին մենք տեսնում ենք, որ այդ ճնշումներն արդիւնք չէն տալիս: ԵԽ-ն տասնեակ բանաձեւեր է ընդունել, պէտքարտուղար Բլինքէնն է բազմաթիւ յայտարարութիւններ արել, ռուսական կողմն է յայտարարութիւններ անում, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը որոշում ունի, ԵԽԽՎ-ն որոշում ունի, ԵՄ խորհրդի նախագահն է տասնեակ յայտարարութիւններ արել, բայց տեսնում ենք, որ դա չի օգնում»:
Նա նկատեց՝ բանակցային գործընթացում բեկում հնարաւոր է, բայց դրա համար գրեթէ նախապայմանային նշանակութիւն ունի իշխանափոխութիւնը Հայաստանում. «Այսօր միջազգային հանրութեան մէջ ԼՂ հիմնախնդրի լիակատար կարգաւորման կոնցեպտ գոյութիւն չունի, եւ սա շատ կարեւոր հանգամանք է: ՄԽ-ն շարունակում է իր գործունէութիւնը: Ղարաբաղեան հիմնախնդրով բանակցութիւններում ներգրաւուած բոլոր դերակատարները, անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունեն ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ, չէն կիսում Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ ղարաբաղեան հիմնախնդիրը լուծուած է: Անկախ նրանից՝ նրանք ոնց են պատկերացնում հակամարտութեան լուծումը, միեւնոյն է, նրանք հակամարտութեան լուծում չէն արձանագրել: Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրաւունքի իրացմանը, ապա այդ հարցը ենթակայ չէ միջազգային որոշման, դա սահմանուած է ՄԱԿ-ի կանոնադրութեան առաջին յօդուածով:
Տարածքային ամբողջականութեան սկզբունքը միջազգային յարաբերութիւններում եւ միջազգային իրաւունքում ընդամէնը սկզբունք է: Սկզբունքը պէտք է ծառայի իրաւունքի կենսագործմանը, ոչ թէ հակառակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ՄԱԿ-ի անդամ պետութիւնների թիւն ինչքանո՞վ է աւելացել. ՄԱԿ-ի թուակազմի աւելացումը բացառապէս պայմանաւորուած է ինքնորոշման իրաւունքի իրացմամբ: Այսինքն՝ պէտք է քաղաքական կամք եւ պայքար: Բոլոր ժողովուրդներին էլ անկախութիւնը, արժանապատուութիւնը տրուել է պայքարի գնով. պայքարից խուսափելն անխուսափելիօրէն յանգեցնելու է մահուան դատաւճռի, այլ տարբերակ չկայ»:
Արցախի վերաբերեալ ԱՄՆ դեսպանի յայտարարութիւնների վերաբերեալ նա հետեւեալն ասաց. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի յայտարարութիւնն իսկապէս անհարիր է հայ-ամերիկեան յարաբերութիւնների բնոյթին: Գուցէ հայ-ամերիկեան միջպետական յարաբերութիւնները չափազանց բարձր մակարդակի վրայ չէն, բայց միշտ եղել է փոխադարձ յարգանք, եւ ընդհանրապէս նման յայտարարութիւնը, որ Արցախը կարող է գոյատեւել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկեան ժառանգութեանը, պատմութեանը: Դեսպանի յայտարարութիւնը չի նպաստում հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, եւ՛ ԵՄ-ում, եւ՛ ՌԴ-ում մեր գործընկերները պէտք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանութիւններն անցողիկ են:
Գուցէ նրանք այսօր առաջարկում են ղարաբաղեան հիմնախնդրի լուծման մի տարբերակ, որը նրանց ձեռք է տալիս, բայց Հայաստանի հետ նրանց յարաբերութիւնների երկարաժամկէտ կտրուածքում այն քաղաքականութիւնը, որ նրանք են վարում, գուցէ չէն ծառայում այդ յարաբերութիւնների զարգացմանը: Պետք չէ Հայաստանի նկատմամբ նման ռազմավարական կարեւորութեան հիմնախնդրում յարաբերութիւններ եւ քաղաքական դիրքորոշումներ ճշտել՝ ելնելով Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումներից, որովհետեւ նրանք թեկուզ այսօր ՀՀ-ն են ներկայացնում, բայց անցողիկ են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանիւթում