168.am-ը ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանին խնդրեց ամփոփել 2024 թուականը՝ ինչպիսի՞ տարի էր այն աշխարհաքաղաքական առումով, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Հայաստան-Ֆրանսիայ յարաբերութիւնների համար, եւ ի՞նչ սպասել 2025 թուականին:
«Աշխարհաքաղաքական առումով նշեմ, որ ԱՄՆ նախագահական ընտրութիւններից կամ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրուելուց յետոյ, բնականաբար, 2025-ին որոշ փոփոխութիւններ են սպասւում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցով, Միջին Արեւելքի նոր կացութեան առումով:
Եւ այս նոր դրուածքի, աշխարհաքաղաքական նոր կացութեան մէջ մէզ հետաքրքրում է յատկապէս Հայաստանի վիճակը, նրա շուրջ զարգացումները: Եւ ես ակնկալում եմ, որ 2025 թուականը Հայաստանի համար լինի այնպիսի տարի, երբ աւելի աչալուրջ կը լինենք, որովհետեւ դժուար իրավիճակների մատնուելու վտանգ կայ միշտ էլ:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիայ յարաբերութիւններին, չեմ կարծում, որ 2025 թուականը նոր փոփոխութիւններ բերի, բնական այդ յարաբերութիւնները կը շարունակուեն: Բացի այս, ակնկալելի է, որ ռուս-ուկրաինական պատերազմի աւարտ տեղի ունենայ, եւ այն դրական կացութիւն ստեղծի տարածաշրջանում, որից կարողանայ օգտուել Հայաստանը: Բայց նաեւ պէտք չէ սպասել, որ իրավիճակները փոխուէն եւ երկնքից խնձոր ընկնի մեր գլխին: Այսինքն, պէտք է ունենալ իշխանութիւն, որը կարողանայ լաւ հասկանալ եւ օգտուել ստեղծուած իրավիճակներից:
Ցաւօք, Հայաստանի այս իշխանութիւնները նման կարողութիւն չունեն, անկարող են նման քաղաքականութիւն վարել, եւ, բնականաբար, միակ ճանապարհը Հայաստանի համար այս դժուար իրավիճակները շրջելու, «տաք» պահերից դուրս գալու եւ «մէջքը շտկելու», դա իշխանափոխութիւնն է: Այլապէս ներկայ թոյլ, թուլամորթ եւ ձախողուած իշխանութեան պարագայում ինչ իրավիճակ էլ լինի, անգամ, եթէ բարվօք կացութիւն ստեղծուի, Հայաստանը չի կարող առաջ գնալ:
Դրա համար ակնկալում եմ, որ 2025 թուականը Հայաստանի համար լինի «մէջքը շտկելու» եւ «գլուխը ջրից» հանելու կամ սուզուած վիճակից դուրս գալու տարի, որ կարողանանք վերադառնալ մեր երբեմնի աւելի բարւոք օրերին, չեմ ասում՝ փայլուն կամ յաղթանակած, բայց առնուազն ոտքի կանգնելու տարի լինի Հայաստանի եւ հայութեան համար: