Գրիշ Դաւթեան
ԱՐՅԱՄԲ ԵՎ ՊՈՂՊԱՏՈՎ
1918 մայիս 28
Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսէրի հսկան:
Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանօթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրայ թափով անմէկին
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ:
Եւ քարէ մարդիկ, քարէ սրտէրով,
Քարէ սրտէրով ու կամքով քարէ,
Հայոց լեռներում կռանում էին
Կեանքի ու մահուան երգը մետաղէ…
Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լաւայ էր հոսուն,
Դարեր կուտակուած հրաբուխ համակ…
Բախումը լաւի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողւուրդ ու հող ձուլուած անվկանդ
Յաղթական թափով էին վարարում…
Արարում էին ապրելու կորով,
Նուաճում էին ուժ ու իրաւունք.
Արեան, պողպատի, քարի շաղախով
Կեանքն էր կարկառւում բարձունքից բարձունք:
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ,
Մետաղէ մի երգ հայոց լեռներում.
—Մէ՛րն է յաղթանակ, մէ՛րն է յաղթանակ…
Հզօր Մասիսն էր ահեղ գոռերգում:
Շառագունուել էր ո՜ղջ հորիզոնը,
Արեւը ամպից դժուար էր ջոկւում.
Բայց լոյսն էր կոխում հայ երկնի զոնը,
հայոց աշխարհին նարօտ էր կապում:
Մեր ոթած արեան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կարմիրը շատ է,
Մեր նուիրումի արիւնը սրբեղ:
Մեր կոփած երկնի կապոյտը շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կապոյտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բիւրեղ:
Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի նարնջին շատ է,
Մեր յաւէրժութեան ծիրանին շքեղ:
*****
ՇԱՐԱԿԱՆ,
ՈՐ ԸՍՏ ՀԱՅՈՑ
Աստուծոյ, ազգի եւ հայրենիքի անուամբ։
Այրարատ, Մասիս, Արաքս ու Արագած
Աշխարհագրական երեւոյթներ
Ու հասկացոյթներ չէն․
Այլ հայ ազգի նախապապերի ու պապերի
Նրանց, ձեր ու մեր,
Նրա, քո եւ իմ
Հոգիների յաւէրժական ապաստանն են։
Մեր ամբողջականութեան,
Համորենականութեան ու յարատեւութեան
Բնազդը եւ գաղափարը
Ճառագում, բխում են
Նոյն աստուածային քառամեծարից,
Որպէս մէկ միութիւն, մէկականութիւն։
Այրարատը հայրենիք է սրբազան,
Միջնաշխարհ եւ գլուխ երկրի հայոց ,
Ուր մեր արիւնն է բողբոջում ու ծաղկում
Ողողում Ժողովրդեան մեր մշտական կեանքը․
Հայոց աստուածները եւ աւանդոյթները
Երկնում ու շարունակում են
Նուիրական արարողութեամբ
Կեանքի ու մահի ու հայրենականութեան
Ստեղծագործութիւնը նուիրական։
Արարատեան Աւագ Մասիսը
Եւ Կրտսէր Սիսը
Հայոց ոգու հաղորդակցութեան սիւներն են
Առ աստուած ու երկինք,
Եւ աղերսւում են
Տիեզերքի լուսազոծուածութեան հետ
Աստղազարդ, լուսնալի եւ արեւապատ։
Կամուրջընկէց Մայր Արաքսը
Հայոց սիրոյ ու դիեցման
Հաւերժական հոսանքն է,
Սկիզբ առած Բիւրական գագաթներից
Ալեհեր ու բարեբեր։
Արագածը լրացնում է չորորդ թագը,
Որպէս քառագագաթ տիրութիւն,
Խաչապաշտ հայոց չորորդ թեւը,
Ուր վառ է մեր հաւատքի
Անհանգ կանթեղը,
Հաւասարակշռում է
Ապահւութեան ու վրէժի ուժերին,
Ծիրանաւոր Արամազդից
Մինչեւ սիրավառ Վահագնը,
Մինչեւ Հայկ, Արտաշես, Արտաւազդ ու Տիգրանը։
Միչեւ մեր հայրերը ու մենք,
Ի սպաս կառուցող, տառապող,
Յուսացող եւ լոյսը պաշտող հայ ժողովրդի։
Կեանքը յորձանուտ է
Ովկիանոսի նման ափատարած,
Իրական ու ծփանուտ ալիքները
Չէն դիմանում որեւէ աւանդութեան
Կամ համակերպութեան,
Լափունց են տալիս զօրութեամբ
Ու կործանում են
Ամրակուռ թումբերը, պատուարները
Եւ բռնութիւնները դժխեմ։
Ծաղիկների ժանեակաւոր թերերը
Եւ թերերը թրթռացող
Ծածանւում են կեանքի կոփուած դէմքին,
Որի վրայ որեւէ ճառագայթ վերներական
Վեհութիւն է լուսաւորում
Անհունութեան խորհրդով ընդարձակուած։
Մենք կը տանենք մեր փրկութեան
Ու դիմացկանութեան կռիւը ճակատագրական
Ընդդէմ նենգանպատակ ու թերի թշնամիների,
Կիրագործենք լեգենդը յաւիտենական
Այրարատի, Մասսեաց գագաթների,
Մայր Արաքսի ու քառագագաթ Արագածի։
Աստուծոյ ընտրեալները
Ունէն բախտաւորութեան, տառապանքի
Ու փառքի
Իրենց ծիածանը,
Որ կամարուած է մեր գլխաւերեւում,
Հայրենիքում,
Ուր յարատեւում է
Մեր փնտրած խորհուրդը ու նպատակը
Օրհնուած, իրական եւ վայելուչ։
Ով ազգ, ով հայրենիք, ով Հայաստան։
*****
ՀԱՅՐԵՆԻՔ
Երկնի վրայ ես գրում եմ՝
Հայրենիք,
Բայց թխպում է,
Ամպն է պատում երկինքը․․․
Ամպի վրայ ես գրում եմ՝
Հայրենիք,
Անձրեւում է
Ու ցնդում է թուխ ամպը․․․
Ես գրում եմ հողի վրայ՝
Հայրենիք․
Բայց մնում է այն անհաղորդ,
Անբարիք։
Պայքարում եմ դարձնելու այն իմ տունը,
Մարտնչում եմ,
Քրտինք թափում,
Նոյնիսկ ոթում արիւնս,
Բայց մնում է նա անհաղորդ, անտարբեր,
Լոկ գրաւուած, արիւնլուիկ մի տարածք,
Չի բաբախում իմ սրտի հետ անձնուէր․․․
Ես կանգնում եմ հողի վրայ անսասան,
Տեր եմ կանգնում կեանք ու ցաւին զանազան,
Եսից դառնում մենք,
Դառնում ենք համակ ազգ,
Լեզու տալիս,
Ծաղկեցնում ենք մշակոյթ,
Քաղաքակրթութիւն հիմնում մերանձնեայ․․․
Եւ ահա,
Հողը հաղորդւում է ինձնով ու մենքով,
Ջերմանում է մեր ազգութեամբ ու ոգով,
Վերաբերւում մեր արեանը ու գոյին,
Եւ դառնում է Հայրենիք։
Ո՛վ աշխարհ, ո՛վ երկիր, ո՛վ Հայաստան։
*****