ԵԽԽՎ-ն 76 կողմ եւ 10 դէմ ձայների յարաբերակցութեամբ քուէարկեց Ադրբեջանին վտարելու օգտին

ԵԽԽՎ-ն 76 կողմ եւ 10 դէմ ձայների յարաբերակցութեամբ քուէարկեց Ադրբեջանին վտարելու օգտին

Յարութ Սասունեան

«Կալիֆորնիայ կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Օրեցօր օղակն աւելի է սեղմւում նախագահ Իլհամ Ալիեւի պարանոցի շուրջ։ Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան ղեկավար Ժոզեպ Բորելը յունուարի 22-ին զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ցանկացած խախտում «լուրջ հետեւանքներ» կ’ունենայ։ Յունուարի 17-ին Ֆրանսիայի Սենատը 336 կողմ, 1 դէմ ձայների յարաբերակցութեամբ բանաձեւ ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու եւ Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերեալ։ Յունուարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լաւրովը հրապարակաւ հակադարձեց Ալիեւի բազմիցս հնչեցրած պահանջներին, որ Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրելու «Զանգեզուրով»։ Լաւրովն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին որեւէ յիշատակում չկայ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թուականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում։  

Վերջին հարուածն Ադրբեջանին հասցուեց անցեալ շաբաթ Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից, որը ձայների ճնշող մեծամասնութեամբ մերժեց Ադրբեջանի պատուիրակութեան լիազօրութիւնները, այդպիսով առնուազն մէկ տարով արգելելով Բաքուի մասնակցութիւնն իր նիստէրին։ 2024 թուականի յունուարի 24-ին ԵԽԽՎ պատուիրակները 76 կողմ, 10 դէմ, չորս ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ որոշեցին հեռացնել Ադրբեջանին։

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում ասւում է. «Շատ լուրջ մտահոգութիւններ են մնում ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու [Ադրբեջանի] կարողութեան, իշխանութիւնների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրէնսդիր մարմնի թուլութեան, դատական իշխանութեան անկախութեան եւ մարդու իրաւունքները յարգելու վերաբերեալ, ինչպէս ցոյց է տրուած Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի բազմաթիւ վճիռներով եւ «Ժողովրդավարութիւն՝ իրաւունքի միջոցով» եւրոպական յանձնաժողովի (Վենետիկի յանձնաժողով) կարծիքներով»: ԵԽԽՎ-ն յիշեցրել է իր նախորդ բանաձեւերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանի հետ կապուած բազմաթիւ խնդիրներին, այդ թւում՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունէութեանը, կազմակերպուած յանցաւորութեանը, կոռուպցիային եւ փողերի լուացմանը, քաղբանտարկեալներին, ՀԿ-ների գործունէութեան սահմանափակումներին, ԼԳԲՏԻ անձանց իրաւունքների ոտնայարմանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռների չկիրառմանը, անդրազգային բռնաճնշումներին՝ որպէս օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների աճող սպառնալիք, «Պեգաս» (Pegasus) ու նմանատիպ լրտեսական ծրագրերին եւ գաղտնի պետական հսկողութեանը, ինչպէս նաեւ առնուազն 18 ադրբեջանցի լրագրողների եւ լրատուամիջոցների գործիչների գործերին, որոնք ներկայումս կալանքի տակ են։ ԵԽԽՎ-ն եզրակացրեց, որ «Եւրոպայի խորհրդին անդամակցելուց աւելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել [իր] հիմնական պարտաւորութիւնները»։

Անդրադառնալով Արցախին՝ ԵԽԽՎ-ն յիշատակեց իր 2023 թուականի զեկոյցը, որտեղ մատնանշւում էր, որ Ադրբեջանը «չի ընդունում մարդասիրական եւ մարդու իրաւունքների շատ լուրջ հետեւանքները, որոնք բխում են Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի բացակայութիւնից․․․․ որը տեւել է մօտ 10 ամիս»։ ԵԽԽՎ-ն նաեւ դատապարտեց «2023 թուականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից իրականացուած ռազմական գործողութիւնները, որոնք յանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեան փախուստին Հայաստան եւ «էթնիկ զտումների» մեղադրանքների»։

ԵԽԽՎ-ն իր մտահոգութիւնը յայտնեց Ադրբեջանի՝ «Մոնիտորինգի յանձնաժողովի զեկուցողների հետ չհամագործակցելու կապակցութեամբ, որոնց թոյլ չէն տուել հանդիպել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանաւորուած անձանց»։ ԵԽԽՎ-ն նոյնպէս չի հրաւիրուել «դիտարկելու գալիք նախագահական ընտրութիւնները, չնայած նման հրաւէր ուղարկելու Ադրբեջանի պարտաւորութեանը, քանի որ երկիրը գտնւում է մոնիտորինգի ընթացակարգում»։ Աւելին, Ադրբեջանը երեք անգամ մերժել էր ԵԽԽՎ զեկուցողի այցը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անտեսելով Ադրբեջանի կողմից Եւրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտաւորութիւնների բազմակի խախտումները, դատապարտել է ԵԽԽՎ որոշումը։ Այնուամենանիւ, նա խոստովանեց, որ Ադրբեջանը վռնդուել է Արցախ ներխուժման պատճառով, որը նա որակեց որպէս «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանութեան վերականգնում»:

Թեեւ Ադրբեջանն անտեսում էր միջազգային իրաւունքի իր բոլոր խախտումները, ներառեալ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի բազմաթիւ վճիռները եւ Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռները, այս անգամ Բաքուն ծայրահեղ բացասական արձագանքեց: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատուիրակութիւնը յայտարարեց, որ իրենց երկիրը որոշել է «մինչեւ յետագայ ծանուցումը դադարեցնել իր ներգրաւուածութիւնը եւ  ներկայութիւնը ԵԽԽՎ-ում»։ Ոմանք ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս գալը վռնդուելուց յետոյ համեմատել են 1933 թուականին Ազգերի լիգայից նացիստական Գերմանիայի դուրս գալու հետ:

ԵԽԽՎ-ի քուէարկութիւնը ճնշող մեծամասնութեամբ դէմ էր Ադրբեջանին, քանի որ միայն ինը թուրք եւ մէկ ալբանացի պատուիրակներ քուէարկեցին Ադրբեջանի օգտին։ Նոյնիսկ թուրքական պատուիրակութիւնից մէկը դէմ քուէարկեց Ադրբեջանին։ Մինչդեռ 28 երկրների 76 պատուիրակներ, այդ թւում բոլոր չորս հայ պատուիրակները, քուէարկեցին Ադրբեջանին վտարելու օգտին:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից.

1) Ադրբեջանի վարկն էլ աւելի արատաւորուեց ԵԽԽՎ-ից նրա հեռացումից յետոյ՝ բացայայտելով նրա  մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումները եւ եւրոպական արժէքների բացայայտ անտեսումը։

2) Բաքուն այժմ զրկուած է ԵԽԽՎ-ի միջոցով Եւրոպայում իր խնդիրները բարձրացնելու հնարաւորութիւնից։

3) Ադրբեջանն այլեւս չի կարողանայ քննադատել Հայաստանին ԵԽԽՎ-ի նիստէրի ընթացքում.

4) ԵԽԽՎ-ի նիստէրում Ադրբեջանը չի կարողանայ քուէարկել իր շահերի օգտին եւ ընդդէմ Հայաստանի շահերի։

Միջազգային հանրութիւնը, յատկապէս արեւմտեան երկրները բաւականին երկար ժամանակ շփացրել են Ադրբեջանին՝ կուրացած Բաքուի նաւթի ու գազի հսկայական պաշարներից: ԵԽԽՎ-ից հեռացուելուց յետոյ այժմ Ադրբեջանին պէտք է վռնդել Եւրոպայի խորհրդից։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share