ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը՝ COP29-ը, անցկացուելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշուի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի եւ իրաւունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանութեան ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքւում քննադատութիւնների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:
Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեղարդ» գիտաւերլուծական հիմնադրամից, Կովկասի հարցերով իրանցի յայտնի փորձագէտ Ահմադ Քազեմին օրերս «Ինչո՞ւ Բաքուն COP29-ի արժանի հիւրընկալ չէ» վերնագրով յօդուած է հրապարակել, որտեղ յստակ մատնանշել է, թէ ինչու այդ համաժողովը չպէտք է անցկացուի Բաքւում: Փորձագէտը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացւում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում եւ լուրջ առաջընթաց ունեն շրջակայ միջավայրի պաշտպանութեան գործում, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբաւ ու փորձ ունի: Որպէս առաջին գործոն՝ Քազեմին առանձնացրել է այն հանգամանքը, որ Կասպից ծովն ամենաշատ աղտոտող երկիրն Ադրբեջանն է: Փորձագէտը նկատել է, որ Բաքուի նաւթային արդիւնահանումների հետեւանքով Կասպից ծւում վտանգուած է բուսական ու կենդանական աշխարհը, իսկ նաւթային աղտոտուածութիւնը հասնում է մինչեւ ծովի իրանական ափեր:
Յղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ փորձագէտը նշել է, որ դեռ տասնեակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերուած միջուկային թափոնները՝ իւրաքանչիւր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:
«Կոիւղային ենթակառուցուածքների ոլորտում ներդրումների բացակայութեան պատճառով ամէն տարի խիտ բնակեցուած Բաքու եւ Սումգայիթ քաղաքներից միլիոնաւոր տօննայ քաղաքային, կենցաղային եւ արդիւնաբերական չմշակուած թափոններ են լցւում Կասպից ծով՝ վտանգելով այդ փակ ծովի էկոհամակարգը, իսկ Նախիջեւանից էլ՝ Արաքս գէտը»,- շարունակել է Քազեմին։
Բացի այդ՝ փորձագէտը մատնանշել է, որ շրջակայ միջավայրի պաշտպանութեան շուրջ Բաքուի հնչեցրած մտահոգութիւնները ձեւական ու ցուցադրական բնոյթ ունեն: Որպէս օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նուազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նաւթարդիւնահանմանը:
Քազեմին խօսել է նաեւ Ադրբեջանի Սոյուդլու գիւղի էկոլոգիական խնդիրների եւ դրանք բարձրաձայնող գիւղացիների նկատմամբ իշխանութիւնների գործադրած ճնշումների մասին: (Աւելի մանրամասն՝ «COP29-ը եւ Բաքուի ցինիզմը» յօդուածում):
Ըստ փորձագէտի՝ ամենամեայ այդ համաժողովները միայն «շրջակայ միջավայրի պաշտպանութեան» մասին չէն, այլեւ՝ «մարդու իրաւունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակայ միջավայրի պաշտպանութեան մասին օրէնքները, այլեւ՝ մարդու իրաւունքները: Այս համատեքստում նա յիշատակել է շիայ հաւատացեալների ու ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագէտը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քօղարկել միջազգային միջոցառումների անցկացմամբ, ինչպէս օրինակ, «Ֆորմուլայ 1»-ն է:
«Ներկայումս Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպէս գործիք աշխարհի, յատկապէս՝ արեւմտեան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնաւար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը յարձակուեց Ղարաբաղի վրայ եւ խախտեց 2020 թուականի Մոսկուայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով աւելի քան 120.000 բնիկ հայերի զանգուածային տեղահանութեան ու բռնագաղթի եւ ոտնահարելով նրանց ունեցուածքի, պատմական, մշակութային եւ կրօնական իրաւունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը եւ հիւրընկալելով մօտ 80.000 մարդու եւ ցոյց տալով խաղաղ դէմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարուած հայերին պատկանող պատմական եւ կրօնական յուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը եւ նրա շրջակայ տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գօտիներ»,- գրել է Քազեմին։
Նա յաւելել է, որ Արցախը զաւթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիայ է իրականացնում նաեւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արեւմտեան Ադրբեջան» եւ հրաժարուելով խաղաղութեան պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագէտի գնահատմամբ, աղէտաբեր է լինելու նաեւ տարածաշրջանի շրջակայ միջավայրի համար: «Այս ֆոնին Բաքուի կողմից COP29-ի հիւրընկալումը դառը հեգնանք է շրջակայ միջավայրի վերաբերեալ միջազգային օրէնքների նկատմամբ»,- համոզմունք է յայտնել Քազեմին:
Որպէս վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքւում է անցկացւում Ադրբեջանի նաւթադոլարների շնորհիւ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխութեան համաժողովի անցկացման համար արժանի հիւրընկալ չէ։