Ինչու դեռ չեն կառուցուել ՀՀ–ի համար կարեւոր էլեկտրահաղորդման գծերը. փոխնախարարի պարզաբանումը

Ինչու դեռ չեն կառուցուել ՀՀ–ի համար կարեւոր էլեկտրահաղորդման գծերը. փոխնախարարի պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայութիւնն ուսումնասիրութիւն է անցկացրել «Բարձրաւոլտ էլեկտրացանցեր» պետական ձեռնարկութիւնում եւ պարզել, որ ֆինանսական խախտումներ են եղել Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի շինարարութեան ընթացքում։

Առաջինը կառուցւում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկով, երկրորդը` գերմանական KfW բանկի վարկով, այն դեռ չէն սկսել, թէեւ նախագիծը սկսել են կազմել աւելի քան հինգ տարի առաջ։ Ուշացման պատճառների մասին  խօսել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների փոխնախարար Յակոբ Վարդանեանը։

Փոխնախարարը համաձայն չէ վերահսկողական ծառայութեան գնահատականների հետ, որը, նրա խօսքով, խարդախութիւն է տեսել այնտեղ, որտեղ խօսք կարող էր լինել առաւելագոյնը վճարումների ուշացման   մասին։ Նրա խօսքով` այլ հարց է, որ երկու նախագծերն էլ իսկապէս ուշացել են։

Էներգէտիկ միջանցք

Հակիրճ այն մասին, թէ ինչու են այս երկու նախագծերն այդքան կարեւոր: Հայաստանի էներգահամակարգի հզօրութիւնը խիստ սահմանափակ է, քանի որ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի ուղղութեամբ 220 կՎ-ից բարձր հզօրութեամբ ոչ մի էլեկտրահաղորդման գիծ չկայ: Վրաստան է տանում 220 կՎ մէկ գիծ եւ երկու 110 -ական, Իրան՝ երկու 220-ական կՎ: Երկու նոր գծերը, իւրաքանչիւրը` 400 կՎ-ով, զգալիօրէն կբարձրացնեն էլեկտրաէներգիայի արտահանման եւ տարանցման հնարաւորութիւնները, այդ թւում՝ դէպի ԵԱՏՄ միասնական շուկայ, որը գտնւում է ձեւաւորման փուլում։ Դեպի Վրաստան արտահանումն արդէն զգալիօրէն աճեց, երբ 2022 թուականին Հայաստանում սկսուեց էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։ Կայանները եւ մեծածախ վաճառողները էլեկտրաէներգիան «դրսում» ինքնուրոյն վաճառելու հնարաւորութիւն ստացան։ Արդիւնքում 2022 թուականին դէպի Վրաստան արտահանումն աւելի շատ եղաւ, քան նախորդ 10 տարիներին (365 մլն կՎտ/ժ):

Իրան-Հայաստան

Այս գծի շինարարութիւնը նախատեսւում էր սկսել 2012-ին, բայց Իրանի դէմ պատժամիջոցների պատճառով սկսուեց 2017-ին: Իրանի սահմանից այն պէտք է հասնի Լիճք գիւղին հարակից ենթակայան։ Վերջնաժամկէտն ի սկզբանէ նախատեսուած էր 2020 թուականին, բայց նոյնիսկ հիմա՝ երեք տարի անց, աշխատանքը չի աւարտուել։

Փոխնախարարի խօսքով՝ աշխատանքները յետաձգւում են կապալառու «Sunir» ընկերութեան ֆինանսական դժուարութիւնների պատճառով։ Վերջին երկու շաբաթուայ ընթացքում շինարարական բրիգադներն ակտիւացրել են աշխատանքը, որը նախորդ մի քանի ամիսներին գրեթէ դադարեցուել էր։

Հանուն արդարութեան պէտք է նշել, որ աշխատանքի զգալի մասն արուած է. 711 բետօնէ յենարաններից, որոնք պէտք է դրուեն գծի աշտարակների համար, 670-ն արդէն պատրաստ են։ Կառուցուել են նաեւ դրանց մուտքի ճանապարհները (տեխնիկական սպասարկման համար)։ Ապագայ գծի զգալի մասն անցնում է Սիւնիքի մարզով։ Կան յենարաններ, որոնք, կարելի է ասել, ժայռերի վրայ են կառուցուել, եւ հիմնական ճանապարհից դէպի այնտեղ պէտք էր մինչեւ 1-2 կմ մօտեցման ճանապարհ կառուցել։ Դրանց վրայ աշտարակներ տեղադրելը, փոխնախարարի խօսքով, համեմատաբար հեշտ աշխատանք է։

Բայց կան հատուածներ, որտեղ աշխատանքը դեռ չի սկսուել։ Պատրաստ չէ նաեւ Սիսիանի տարածաշրջանի «Նորաւան» ենթակայանը, թէեւ ռելիեֆային բարդութիւններ չկան։

«Մենք կատարում ենք մեր ֆինանսական պարտաւորութիւնները եւ ժամանակացոյցով մարում շինարարութեան վարկը։ Բայց կառուցապատողը ստանում է գումարը ըստ յանձնած աշխատանքի «կտորների»։ Այստեղ էլ նա պնդում է, որ չի կարող աշխատանքը ժամանակին կատարել ֆինանսական դժուարութիւնների պատճառով։ Մենք ընդառաջում ենք, կանխավճար ենք տուել», — ասաց Վարդանեանը։

Իրանցի գործընկերների հետ բանակցութիւնների արդիւնքում յաջողուել է մի փոքր արագացնել աշխատանքների ընթացքը, եւ այժմ հայկական կողմը յոյս ունի, որ նախագծի աւարտը երկար չի սպասեցնի։

Հայաստան-Վրաստան

Ինչպէս արդէն նշեցինք, դէպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախագիծը կազմուել է աւելի քան հինգ տարի առաջ եւ մի քանի անգամ փոփոխուել է։ Շինարարութեան մրցոյթները յայտարարուել են միայն այս տարի՝ երեք լոտով։ Առաջինով պէտք էր կապալառու ընտրել Սեւան քաղաքի մօտ գտնուող Դդմաշէն գիւղում ենթակայանի կառուցման համար, որը պէտք է նոր էլեկտրահաղորդման գիծը միացնի Հայաստանի հիմնական էներգահամակարգին։ Մրցոյթն աւարտուեց հոկտեմբերի վերջին, սակայն երկու ընկերութիւններից մէկը սնանկութեան գործընթաց յայտարարեց, իսկ միւսը՝ «Siemens»-ը, ասաց, որ ծանրաբեռնուած է այլ պատուէրներով:

Միւս երկու լոտէրի տենդերների արդիւնքները նախատեսւում է ամփոփել դեկտեմբերի 6-ին, սակայն այստեղ էլ են դժուարութիւններ սպասւում, առաջին հերթին` այսպէս կոչուած հաստատուն հոսանքի ներդիրի հետ կապուած։ Այս տեսակի ենթակայանը կառուցւում է երկու մեկուսացուած էներգահամակարգերը կապելու համար, որտեղ հոսանքի յաճախականութիւնները տարբեր կերպ են տատանւում: Հայաստանի էներգահամակարգը սինխրոնացուած է իրանականի, բայց ոչ վրացականի հետ, ուստի դրանց անխափան կապի համար նման ներդիր է անհրաժեշտ։

Սակայն դրանց պահանջարկը վերջին տարիներին Եւրոպայում կտրուկ աճել է. այնտեղ դրանք անհրաժեշտ են հողմային եւ արեւային խոշոր կայանները ընդհանուր ցանցին միացնելու համար։ Դրանց էլեկտրաէներգիայի արտադրութիւնը տատանւում է՝ կախուած օրուայ ժամից եւ եղանակից, ինչը նշանակում է, որ հոսանքի յաճախականութիւնը նոյնպէս տատանւում է։

Դեպի համակարգ մատակարարումը սինխրոնացնելու համար հաստատուն հոսանքի ներդիրներ են անհրաժեշտ: Տեխնոլոգիաները բարդ են, դրանց տիրապետող ընկերութիւնները՝ քիչ, իսկ պատուէրների թիւն աճում է։ Ուստի վտանգ կայ, որ Հայաստանին պարզապէս հերթ չի հասնի։ Այս ռիսկը մեծանում է այն խիստ պահանջների պատճառով, որոնք KfW բանկը ներկայացնում է մրցոյթի մասնակիցներին: Դրանցից մէկը՝ պէտք է ունենալ առնուազն մէկ նախագիծ, որը կառուցուել է Եւրոպայում. այդ պատճառով չինական ընկերութիւնները չէն կարողացել յայտ ներկայացնել։

«Եթէ դեկտեմբերի 6-ին էլ յայտէր չունենանք, KFW-ի գործընկերների հետ կքննարկէնք յետագայ անելիքները։ Գուցէ նշաձողը փոխուի աւելի շատ մասնակիցներ ներգրաւելու համար, կարող է՝ նոր մրցոյթ յայտարարուի կամ ուղղակի հարցում անցկացուի հնարաւոր ընկերութիւնների շրջանում։ Մեր գերմանացի գործընկերները տեսնում են, թէ ինչ իրավիճակ է ստեղծուել եւ պատրաստ են քննարկումների»,– ասաց Վարդանեանը։

Նոր մրցոյթի ժամկէտների վերաբերեալ յստակութիւն դեռ չկայ, եթէ իհարկէ այն կրկին յայտարարուի:

Share