Պատէրազմից անցել է երկու տարի, սակայն բարձրագոյն հրամանատարական կազմից մինչ օրս պատժուած ոչ ոք չկայ։ Այս մասին Հանրապետութեան հրապարակում հրաւիրուած Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքին ասաց 44-օրեայ պատերազմում զոհուած Հայկ Մելիքեանի մայրը՝ Նաիրայ Մելիքեանը՝ շեշտելով, որ դաւաճանական, ծախուած պատերազմում հրամանատարական կազմի սխալ հրամանների արդիւնքում են իրենց որդիները զոհուել։
«Մենք՝ Ցորի ծնողներով, գրեթէ 14 ամիս փնտրել ենք մեր երեխաներին։ Երբ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին առանք բօթը, յոյս ունէինք, որ մի քանի օրուայ ընթացքում մեր երեխաների մարմինները կը տան եւ պատշաճ կերպով կը յուղարկաւորենք։ Բայց 14 ամիս մենք անասելի մղձաւանջի մէջ էինք եւ չգիտեմ, թէ ինչպէս չենք խելագարուել։ Երբ մեր երեխաների մասունքները հանեցին, իւրաքանչիւր երեխայից մէկ ոսկոր ենք ստացել, իմ երեխայից մէկ ազդրի ոսկոր եմ ստացել եւ մինչ օրս էլ չգիտեմ, թէ որտեղ է նրա մարմինը»,-ասաց Մելիքեանը։
Տիկին Նաիրան յաւելում է, որ իրենց երեխաներն այլեւս չկան, բայց ապրողների համար պարտաւոր ենք պայքարել, որ ունենան հայրեինք։
«Սրանք պարզապէս խօսքեր չէն, ժողովուրդ։ Ես ամէն օր անցնում եմ դժոխքի միջով եւ չեմ ուզում,որ նոյնը կրկնուի Ձեր երեխաների հետ։ Բայց այն, ինչ անում է այս իշխանութիւնը, այս թուրքական խունտան, ամէն օր յանձնելով մեր հայրենիքի մի մասը, հողը, որի վրայ դեռ չի չորացել մեր երեխաների արիւնը, ցաւն աւելի է խորացնում։ Իսկապէս ստացւում է, ինչպէս ասում էր տիկին Աննայ Յակոբեանը, մեր երեխաները զոհուել են հանուն ոչնչի…»,- ասաց նա։
Զոհուած զինծառայողի ծնողը նշում է, որ աւելի սարսափեցնող է համատարած անտարբերութիւնը։
«Ինչո՞ւ չեք լսում մեր հայրենիքի ճիչը, ինչո՞ւ չեք օգնում մեր հողին, ջրին։ Չէ որ որեւէ ազգ այս հողի համար այդքան արիւն չի թափել, որքան մենք։ Եւ վերջապէս, մենք պե՞տք է ապացուցենք, որ ազգ ենք, ոչ թէ խառնամբոխ։ Վերջապէս պէտք է դասէր քաղենք պատմութիւնից»։
Աղբիւր` Panorama.am