«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովուրդը, 1991թ.-ի հանրաքուէով հռչակելով Արցախը անկախ պետութիւն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանութիւնից, իրաւասութիւնից եւ տարածքային ամբողջականութիւնից դուրս: Արցախի կարգավիճակի յստակեցման եւ արցախահայութեան ինքնորոշման հարցը մշտապէս եղել է ԼՂ հարցի կարգաւորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծաւալուել է բանակցային երկխօսութիւնը: 2020թ.-ի 44-օրեայ պատերազմից յետոյ, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջուեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանութիւնները բանակցութիւնների հիմնական առարկայ հռչակեցին արցախահայերի անվտանգութեան հարցը:
Ի վերջոյ, Նիկոլ Փաշինեանի՝ զրոյ կէտից մեկնարկի անորոշ ու ձախողուած արտաքին քաղաքականութիւնը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմութեան մէջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափուած Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանութիւններն այլեւս փակուած են համարում Արցախի էջը, եւ նրանցից արցախամէտ որեւէ քայլ սպասելը միամտութիւն կը լինի, ակնյայտ է, իսկ թէ ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից յետոյ ՀՀ տեղափոխուած արցախցի պատգամաւորները եւ պաշտօնեաները, թերեւս որեւէ բացատրութիւն չունի:«Ժողւուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամաւոր Վահրամ Բալայանից հետաքրքրուել է՝ ինչու Արցախի պատգամաւորներն այստեղ արտահերթ նիստ չէն հրաւիրում եւ Արցախի ինքնորոշման հարց չէն բարձրացնում: Արցախցի պատգամաւորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կը գայ, դա էլ կը լինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան.
«Մենակ արտահերթ նիստ հրաւիրելով ու դրանով բաւարարուելով չէ, պէտք է աշխատանք կատարել վաղուայ համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդիւնքում ինչ-որ բանի միանգամից կը հասնես, բայց ժամանակի ընթացքում տեւական աշխատանքն արդիւնք տալիս է: Արտահերթ նիստ հրաւիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրէ՛ք՝ նիստ հրաւիրեցինք, յայտարարութիւն տարածեցինք ու գնացինք տներով. այդպէս չի լինի: Պետք է ծրագրուած քայլերով աշխատանք տարուի, չպէտք է նիստ անենք, լրագրողները գրէն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պէտք»:
Յետաքրքրուեցինք նաեւ՝ դիմել են արդյօք Արցախի՝ ապօրինի գերեվարման մէջ գտնուող ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրաւրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկուել: Թէ ինչու են յապաղում արցախցի պատգամաւորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դէմ է աշխատում, պարզ է: