Ինչո՞ւ է իշխանութիւնն ուզում ազատուել Իշխան Սաղաթելեանից

Ինչո՞ւ է իշխանութիւնն ուզում ազատուել Իշխան Սաղաթելեանից

ՀՀ կապիտուլեացիոն իշխանութիւնները շարունակում են «բռնաբարել» ՀՀ սահմանադրութիւնը եւ տապալել «ժողովրդաւարութեան բաստիոն» յայտարարուած Հայաստանի սահմանադրական կարգը:

Երեկ յայտնի դարձաւ, որ ՀՀ-ի եւ Արցախի թշնամիների հետ քիրուայութիւն անող փաշինեանական խունտան նախաձեռնել է ԱԺ-ում  զբաղեցրած պաշտօններից հեռացնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին (ԱԺ փոխնախագահ) եւ Վահէ Յակոբեանին (ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ):

2022 թ. ապրիլին ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնները յայտարարեցին, որ իրենց պայքարն այսուհետ շարունակելու են փողոցում, այլ ոչ թէ ԱԺ-ի շէնքում` որպէս վերջնանպատակ նշելով մեծ ողբերգութիւնների պատճառ դարձած այս իշխանութիւնների հեռացումը:

Իրենց 5 էջանոց «հիմնաւորման» մէջ ՔՊ-ականները բազմաթիւ ծիծաղելի «փաստարկներ» են ներկայացնում, օրինակ՝ բացակայութիւններ, «բախումներ հրահրել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ», «ԱԺ փոխնախագահի պարտականութիւնների չկատարում» եւ այլն:

ՀՀ Սահմանադրութեան 104-րդ յօդուածի առաջին կէտում նշուած է, որ տեղակալներից մէկն ընտրւում է ընդդիմադիր խմբակցութիւնների կազմում ընդգրկուած պատգամաւորների թուից, որպէս կանոն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցութիւնից:

Այսպէս՝ Իշխան Սաղաթելեանի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտօնը զբաղեցնելը ՔՊ-ի «նուէրը» չէ, ինչպէս նրանք են ցանկանում ցոյց տալ, այլ, ըստ օրէնքի, ընդդիմութեանը նախատեսուած պաշտօն է, իսկ այդ պաշտօնին ընդդիմութեանը եւ, մասնաւորապէս, Սաղաթելեանին, նշանակել է 269,441 քաղաքացի:

Ընդդիմադիրների դէմ շարքային ոստիկանի էժանագին ցուցմունքի նմանուող այս «հիմնաւորումը» սեփական ընտրազանգուածին մոլորեցնելու, նրանց հանրութեան այլ հատուածի հետ թշնամացնելու հերթական փորձերից է:

ՔՊ-ականների կողմից Իշխան Սաղաթելեանին` իր պարտականութիւնները չկատարելու մէջ մեղադրելը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ սեփական անմեղսունակութիւնն ու ապազգային գործելաոճը  կոծկել, իսկ այս օրերին նաեւ Բերձորի, Աղաւնոյի դաւաճանական յանձնման գործընթացից հանրութեան ուշադրութիւնը շեղել:

Իրականում, Իշխան Սաղաթելեանն անցած ամիսների ընթացքում ակտիւօրէն մասնակցել է խորհրդարանական կեանքին, հանդէս եկել բազմաթիւ ելոյթներով,  գործընկերներ Արամ Վարդեւանեանի եւ Աղուան Վարդանեանի հետ 2022 թ. մարտին հեղինակել է նաեւ յոյժ կարեւոր օրինագիծ, որով առաջարկւում էր քրէականացել ՀՀ ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ ուղղուած որեւէ արտայայտութիւն. ինչպէս եւ սպասելի էր, ՀՀ իշխանութիւնները դէմ քուէարկեցին եւ մերժեցին յիշեալ օրինագիծը` ցոյց տալով, որ շարունակելու են հայրենիքը մաս-մաս թշնամուն յանձնելու՝ իրենց դաւադիր քաղաքականութիւնը: 

Իշխան Սաղաթելեանի խորհրդարանական գործունէութեան մաս են կազմել նաեւ 2021 թ. նոյեմբերին նախաձեռնուած խորհրդարանական լսումները: Նշուած նախաձեռնութեան միջոցով բազմաթիւ արտախորհրդարանական ուժեր եւ անհատ գործիչներ, գիտնականներ ու մասնագիտական հանրոյթի ներկայացուցիչներ մէկ ամբողջ օր խորհրդարանի ամբիոնից հնչեցրել են լրջագոյն մտահոգութիւններ եւ առաջարկներ սահմանազատման ու սահմանագծման տխրահռչակ գործընթացի վերաբերեալ: 

Իրականում, փաշինեանական ռեժիմը Իշխան Սաղաթելեանից փորձում է ազատուել նաեւ մէկ այլ պատճառով. ԱԺ-ում իր իննամսեայ գործունէութեան ընթացքում (2021 թ. օգոստոսից 2022 թ. ապրիլ) նա հանդիպել է բազմաթիւ օտարերկրեայ պատուիրակութիւնների հետ` ներկայացնելով ՀՀ-ում տիրող իրական վիճակը, իշխանութիւնների հակաժողովրդավարական գործելակերպը, Հայաստանի գլխին կախուած անվտանգային խնդիրները եւ այլն: Ահա հէնց սոյն հանգամանքն է նաեւ լրջագոյնս ցաւեցրել Փաշինեանին եւ նրա խմբակին, քանզի Իշխան Սաղաթելեանի միջոցով միջազգային կազմակերպութիւնները եւ օտար պետութիւնները աղերսուել են ՀՀ-ում տիրող իրականութեան հետ, այն իրականութեան, որը խեղաթիւրելով` փաշինեանական բռնատիրական ռեժիմը ՀՀ-ն ներկայացնում է որպէս ժողովրդաւարութեան լոկոմօտիւ: 

Ի յաւելումն այս ամէնին` Սաղաթելեանը՝ որպէս ԱԺ փոխնախագահ, հանդիպումներ է ունեցել նաեւ Սփիւռքի կառոյցների, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ  յանձնախմբերի եւ Սփիւռքում հայանպաստ գործունէութիւն ծաւալող օտարազգի գործիչների հետ: ԱԺ փոխնախագահը, ի տարբերութիւն ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների եւ Փաշինեանի իշխանութեան վերնախաւի, հանդիպումներ է ունեցել նաեւ Արցախի պատուիրակութիւնների հետ, բազմիցս այցելել Արցախ եւ ձեռնամուխ եղել արցախահայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծման գործին: 

Ստորեւ յաւելուածի տեսքով ներկայացնում ենք Իշխան Սաղաթելեանի խորհրդարանական արդիւնաւետ գործունէութեան մասին փաստող տեսանիւթերի յղումներ. 

https://www.youtube.com/watch?v=W32WyjcKj9E
https://www.youtube.com/watch?v=BYGd99XvQBU
https://www.youtube.com/watch?v=sC9EYx5_mUA
https://www.youtube.com/watch?v=nNkYYcS-bwE
https://www.youtube.com/watch?v=DkSBrZxHpgU
https://www.youtube.com/watch?v=TBnWhP5Vnpg https://www.youtube.com/watch?v=Zx0PoOBOq1o https://www.youtube.com/watch?v=bbM6EkQ_3oM https://www.youtube.com/watch?v=FoBYAc7yBZ4 https://www.youtube.com/watch?v=iGKLaTzLPgs https://www.youtube.com/watch?v=w1ph-zPDYts

Share