ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է․
«Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրուելու եւ սատարման խօսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանութիւնը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինուորական համազգեստով անձանց ինքնութիւնը պարզելու վերաբերեալ:
Մի իշխանութիւն, ով 2018-ին փառաբանում, գովերգում եւ խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խօսում է դրա անթոյլատրելիութեան մասին:
Ու սա այն դէպքում, որ եթէ 2018 թուականի պայքարը աթոռի, իշխանութեան եւ, ինչպէս կարճ ժամանակ յետոյ պարզ դարձաւ, Արցախի յանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանութեան դիրքերում են:
Մի հանգամանք էլ` երէկ կադրերում երեւացող զինծառայողներն ակնյայտօրէն այդ պահին ծառայութեան մէջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին եւ գնացին: Իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թէ զուտ ողջունում էին, այլ կոնկրէտ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին»: