«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցաւ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակութեան մասին ոչինչ չյայտարարուեց։ Պարզւում է՝ հանդիպման մասնակիցները հէնց այն խօսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննայ եկեղեցու բակում խօսել է սրբազանը։ «Ձեւաւորել ենք խօսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանօթ լինել շատերին»,- ասել էր նա։
Հանդիպմանը մասնակցել է աւելի քան հարիւր մարդ, այդ թւում՝ ինչպէս հանրութեանը յայտնի ակտիւ գործիչներ, այնպէս էլ անյայտ դէմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսեանը, Նաիրայ Զոհրաբեանը, Ռուբէն Մելիքեանը, Կարէն Բեքարեանը եւ այլք։ Քննարկուել են շարժման մարտավարութիւնը եւ խօսնակների դերը: Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտութիւն կայ, ամէն մէկը պէտք է խօսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացայայտումներ անէն, իշխանութեան ստէրը վեր հանէն՝ թէ՛ քաղաքական, թէ՛ սոցիալական, թէ՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտաւոր կարողութիւնները եւ յորդորել է ակտիւ ներգրաւուել իշխանութեան դէմ պայքարին՝ կը լինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թէ հեռուստատեսութեան: Ասել է, որ պէտք է թիրախային աշխատանք տանել, սակայն յստակ յանձնարարականներ չի տուել, նշել է, որ իւրաքանչիւրն ինքը պէտք է պատասխանատուութիւն վերցնի եւ ակտիւ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշուել է, որ տեղեկատուական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։