Աէմեն Յակոբեան
Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտայայտութիւն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակուած չէ: Ըստ որում, յաճախ այդ արտայայտութիւնը ուղեկցւում է յորդորներով, որ պէտք է այս անել, այն անել, որպէսզի բոլորին պարզ դառնայ, որ հարցը փակուած չէ: Հարկաւ, չենք վիճի կամ վիճարկի. պէտք է շարունակաբար գործել, ակտիւ լինել, ամէն առիթով, տոյ՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարաւոր ներքին ու արտաքին հարթակներում: Ինքնին հասկանալի է, որ այսպէս ասուած՝ «օրուայ իշխանութիւնը» դա չի անելու եւ չի անում:
«Օրուայ իշխանութիւնը», ի դէմս Նիկոլ Փաշինեանի եւ նրա ՔՊ-ի, բացարձակապէս համամիտ է Հայաստանի ու հայութեան ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի եւ Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիեւի եւ Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակուած է: Չկայ հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկայ նաեւ Արցախի հարց: Բայց հայութիւնը՝ թէ՛ իր հաւաքականութեամբ, թէ՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառոյցներով, գերազանցապէս այդպէս չի կարծում:
Այդպէս կարծում են բացառապէս փաշինեանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպէս կոչուած, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինեանական իշխանութեան շայառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով: Բայց խօսքը նրանց մասին չէ: Իսկ խօսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթէ չասուի՝ ուղիղ շառաւիղն է: Ու, որպէս այդպիսին, այդ հարցը կարող է «փակուած» համարուել կայ՛մ լուծում ստանալուց յետոյ, կայ՛մ այն բանից յետոյ, երբ «Հայկական հարցն» էլ փակուի, այսինքն՝ ինչին ձգտում են թէ՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թէ՛ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակուած չէ, ուրեմն՝ փակուած չէ նաեւ Արցախի հարցը: «Արցախի հարց» ասուածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանութեան հետեւանք է:
Աւելին, բուն Արցախի տարածքում եւս 20-րդ դարի առաջին կէսում, կոնկրէտ՝ 1920 թուականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործութիւն, որը պատմագիտութեան մէջ յայտնի է «Շուշիի ջարդեր» եզրոյթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացուած ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորուեց: Վստահ ենք, որ շատերն են ծանօթ պատմական իրադարձութիւնների հիմնական դրուագներին ու դէպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապէս յիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասուածը ո՛չ երէկ, ո՛չ էլ երէկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամեակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակուած համարել, ինչպէս «փակուած» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպէս չէր եւ այդպէս չէ: Խորհրդային Միութեան պայմաններում էլ հարցը պարզապէս «քնեցուած» էր, թէպէտ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն:
Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքուեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանութեան՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մէզ յաջողուեց դիմակայել ու յաղթել (քաւ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինեանն ընդամէնը 14-15 տարեկան էր…): Լաւ, իսկ, մեծ հաշուով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացուած բովանդակութիւնը: Եթէ շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգութեան՝ սեփական բազմահազարամեայ բնօրրանում, սեփական հողի վրայ, իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրաւունքն է: Այդ իրաւունքն է խլուած միլիոնաւոր հայերից՝ Հայոց ցեղասպանութեան հետեւանքով, այդ իրաւունքը խլուել ու խլւում է Արցախի հայութիւնից՝ արդէն մեր օրերում, ինչպէս ասւում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ:
Փոխուել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նոյնն է, ի դէպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրոյթում՝ ժողովուրդները կայ՛մ պաշտպանում են ու տէր են կանգնում իրենց իրաւունքներին, կայ՛մ վերանում, կորչում-անյետանում են պատմութեան ասպարէզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կայ՛մ պէտք է ուժերի գերլարումով կարողանայ լուծել իր հարցը, տիրանալ իր իրաւունքներին, կայ՛մ համակերպուի վերանալուն, կորչել-անյետանալուն՝ իր ամէն ինչով: Կենտրոնանանք կոնկրէտ Արցախի հարցի փակուած-չփակուած լինելու վրայ: Այն փակուած չէ ու չի էլ կարող փակուած լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիօրէն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում:
Հարցը փակուած չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռուել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբօրը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատուածի գոյութեան: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի յիշողութիւնը, Արցախի հարցը փակուած չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաեւ փաշինեանական իշխանութիւնը, որը յատուկ այնպէս է անում, որ Արցախից բռնի տեղահանուած, գործնականում էթնիկ զտման ենթարկուած մեր հայրենակիցները հնարաւորինս ցաքուցրիւ ապրէն, հաւաք բնակութիւն չունենան մէկ-երկու կոնկրէտ վայրում՝ կտրուելով միմեանցից, զրկուելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցուելուց, իրենց աւանդոյթները հնարաւորինս պահպանելուց: Նմանապէս պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստուողական վերաբերմունքը, որ դրսեւորւում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինեանական իշխանութիւնը որդեգրել է այնպիսի մօտեցում, որ հնարաւորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաեւ Հայաստանից: Պատահական չէն իշխանութեան բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայութեան հասցէին ներքին թշնամանք ու ատելութիւն սերմանելու դրսեւորումները:
Հազարամեակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնութիւնը պահած մարդկանց… նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամէնը նպատակաուղղուած է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն եւ «Արցախի հարցն» այդ չափով, այսպէս ասած, «փակելուն»: Բայց նաեւ ակնյայտ է, որ այս իշխանութիւնից ազատուելուց, ազատագրուելուց յետոյ ձեւաւորուելիք ազգային իշխանութիւնը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը: Վերջին հաշուով, իրականացուել է ցեղասպանութիւն: Ու դա հէնց այնպէս անցնելու է, գնա՞: Այդ ամէնը շատ աւելի լաւ հասկանում է նաեւ մեր դարաւոր թշնամին, որը հէնց դրա համար էլ իր շահած «փաշինեանական» իշխանութիւն-բոնուսի միջոցով ձգտում է այնպէս անել, որ արդէն վաղը, միւս օրը փակի հէնց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առյաւէտ:
«Փաստ» օրաթերթ