1.4 մլրդ դոլար՝ ինն ամսում. որտեղից է Կառավարութիւնը «հայթայթում» պետական պարտքի տոկոսավճարների ու մարումների գումարները

1.4 մլրդ դոլար՝ ինն ամսում. որտեղից է Կառավարութիւնը «հայթայթում» պետական պարտքի տոկոսավճարների ու մարումների գումարները

Սեդա Հերգնեան «hetq.am»

Պետական պարտքի աճին զուգահեռ Հայաստանի կառավարութիւնը պետական բիւջեից եւ նոր ներգրաւուող պարտքերի հաշուին մեծ ծաւալի տոկոսավճարներ եւ մայր գումարի մարումներ է իրականացնում։ Դրանք յաճախ աւելի մեծ բեռ են դառնում բիւջէի համար  եւ աւելի շատ գումարներ խլում, քան կրթութեանը, առողջապահութեանը եւ այլ ոլորտներին ուղղուող գումարներն են։ Միայն տոկոսավճարները խլում են տարեկան պետական բիւջէի մօտ 10%-ը։

Այս տարուայ ինն ամիսներին (2024 յունուար-սեպտեմբեր) Կառավարութիւնը շուրջ 560 մլրդ դրամ է արդէն ծախսել պետական պարտքի տոկոսավճարների ու մայր գումարների մարումների համար։ Այսօրուայ փոխարժէքով այն կազմում է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար։ 192 մլրդ դրամ է ծախսուել ներքին (121 մլրդ դրամ) ու արտաքին (71 մլրդ դրամ) պարտքի տոկոսավճարների գծով, 368 մլրդ դրամ՝ մայր գումարների (ներքին պարտք՝ 248 մլրդ դրամ, արտաքին՝ 120 մլրդ դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարութիւնից։

Բայց սա դեռ ամէնը չէ։ Ֆինանսների նախարարութեան պետական պարտքի կառավարման վարչութեան պետ Սամուել Խանուելեանը «Հետք»-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ այս տարուայ չորրորդ եռամսեակում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին,  Կառավարութիւնը մօտ 121 մլրդ դրամ դեռեւս պէտք է ուղղի տոկոսավճարներին եւ 70 մլրդ դրամ՝ մայր գումարներին։ 

Այս գումարները պետական բիւջեից են տրամադրւում՝ հարկատուների գրպանից։ Սակայն, որպէս կանոն, այդ բիւջեն՝ հաւաքագրուած հարկերը, տուրքերը եւ այլն, չէն բաւականացնում երկրի համար անհրաժեշտ ծախսէրին, այդ թւում՝ պետական պարտքի տոկոսներն ու մայր գումարները մարելուն։ Պետութիւնը կրկին պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբիւրներից պլանաւորուած ծախսէրը անելու համար։ Ոչ ուղղակիօրէն ստացւում է, որ պետական պարտք է վերցւում նաեւ աւելի վաղ վերցուած պարտքերը մարելու համար։ Ինչպէս ցոյց են տալիս տուեալները, այս տարի բիւջէի դեֆիցիտը փակելու համար Կառավարութիւնը հիմնական յոյսը ներքին պարտքի վրայ է դրել։ 

Մասնաւորապէս, այս տարուայ առաջին ինն ամիսներին Կառավարութիւնը ներքին աղբիւրներից մօտ 485 մլրդ դրամի պարտք է ներգրաւել։ Խոսքը գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացուող գումարների մասին է, որոնք ձեռք են բերում հիմնականում ռեզիդէնտները։ Արտաքին աղբիւրներից 46 մլրդ դրամի վարկեր ու փոխառութիւններ են ներգրաւուել միջազգային կառոյցներից ու օտարերկրեայ պետութիւններից։  

Սպասւում է, որ մինչեւ տարեվերջ պետական պարտքը կաճի, այդ թւում՝ արտաքին աղբիւրներից ներգրաւող նոր վարկերի հաշուին։ 

Պարտքը հասել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարի

2024 թուականի սեպտեմբերի վերջի դրութեամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպէս ցոյց են տալիս Ֆինանսների նախարարութեան տուեալները, նախորդ տարուայ վերջի համեմատ պետական պարտքն աճել է 565 մլն դոլարով կամ 5.5%-ով։ Ընդ որում, այն աճում է բացառապէս ներքին պարտքի հաշուին։ 

Ներքին պարտքն աճել է 862 մլն դոլարով կամ 16.1%-ով՝ հասնելով 6.2 մլրդ դոլարի։ Նոյն ընթացքում 206 մլն դոլարով կամ 3.2%-ով կրճատուել է արտաքին պարտքը՝ դառնալով 6.3 մլրդ դոլար։ Արտաքին պարտքի նուազումը նշանակում է, որ այս ընթացքում աւելի շատ մարումներ են իրականացուել, քան նոր ստացուած պարտքերն են։

Ներքին ու արտաքին պարտքը աստիճանաբար հաւասարւում են իրար։ Չի բացառւում, որ արդէն եկող տարի ներքին պարտքը կգերազանցի։ 2025 թուականի պետական բիւջէի նախագծի ուղերձում նշուած է, որ Կառաւարութեան պարտքի կառուցուածքում ներքին արժոյթով պարտքը կը շարունակի պահպանուել պատմականօրէն բարձր մակարդակներում։

Արտաքին պարտքի փոքր մասը՝ 4%-ը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածն ամբողջութեամբ, ինչպէս նաեւ՝ ներքին պարտքը, Կառաւարութեան պարտքն է։

Բիւջէ 2025-ով, կանախտեսւում է, այս տարուայ ամբողջական տուեալներով Կառաւարութեան պարտքը կը կազմի ՀՆԱ-ի 49.8%-ը, 2025-ի տուեալներով՝ 53.5%, ինչը նշանակում է, որ այն ցածր կը լինի օրէնքով սահմանուած 60% շեմից եւ բիւջէի ծախսէրը կրճատելու ու նոր ծրագրեր ներկայացնելու կարիք չի լինի։

Ովքեր են պարտատէրերը

Առնուազն վերջին հինգ տարիներին Հայաստանի կառավարութիւնը շեշտադրում է ներքին պարտքը, որն աւելացնում է շատ աւելի արագ տեմպով, քան արտաքինը։ Սա բացատրւում է առաջին հերթին փոխարժէքի տատանումների ռիսկերի չէզոքացմամբ, քանի որ ստացւում եւ մարւում է ՀՀ դրամով, այնպէս էլ՝ սպասարկման գումարները՝ տոկոսավճարները, ներքին տնտեսութիւնում թողնելով։ Միւս կողմից՝ պետական պարտքի տոկոսավճարները, որպէս կանոն, աւելի բարձր են։ Այլ կերպ ասած՝ ներքին պարտքն աւելի թանկ է։ 

Ներքին պարտքը ձեւաւորւում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման արդիւնքում, որոնք ձեռք են բերում հիմնական ռեզիդէնտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետութիւնը այդպիսով պարտք է մնում ռեզիդէնտներին։ 

Արտաքին պարտքի դէպքում իրավիճակն այլ է։ 2024 թուականի սեպտեմբերի վերջի դրութեամբ Հայաստանի կառավարութեան արտաքին վարկերի ծաւալը կազմել է մօտ 4.4  մլրդ դոլար։ Ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դէմս Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ, IBRD) եւ Զարգացման միջազգային ընկերակցութիւն (ԶՄԸ, IDA), որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 37.8%-ը։ 

Հայաստանի  միւս խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է։ Յաջորդում է Եւրասիական զարգացման բանկը:

Կառաւարութեան արտաքին պարտքի 1 մլրդ դոլարը այս պահի դրութեամբ եւրոբոնդերին է բաժին ընկնում (ոչ ռեզիդէնտների կողմից ձեռքբերուած արտարժութային պետական պարտատոմսեր)։ Այս տարի Ֆինանանսէրի նախարարութիւնը չի պլանաւորում եւրոբոնդերի նոր թողարկում։

Փոխարէնը, մեծ է հաւանակութիւնը, որ եկող տարի այն կթողարկուի, քանի որ 2025-ին, ըստ պարտքի մարման ժամանակացոյցի, Հայաստանը բաւականին մեծ գումարներ պէտք է վճարի թէ մայր գումարի, թէ տոկոսավճարների գծով։ Ու քանի որ կրկին պետական բիւջեն ներքին եկամուտներով չի կարող այդ գումարները բաւարարել, նոր պարտք ներգրաւելու կարիք կը լինի։ 

2025-ը՝ ծանր տարի

2025 թուականը պարտքի մարման ու սպասարկման տեսանկիւնից աւելի ծանր տարի կը լինի, քան այս տարին։ Ըստ այս տարուայ սեպտեմբերի վերջի դրութեամբ եղած պարտքի վճարումների ժամանակացոյցի, որը մէզ է տրամադրել Ֆինանսների նախարարութիւնը, 2025 թուականին Կառավարութիւնը պէտք է ընդհանուր առմամբ 2.3 մլրդ դոլարի տոկոսավճար եւ մայր գումար վճարի։ 

Դրանից 1.5 մլրդ դոլարը մայր գումարն է։ Նշուած գումարի մէջ ներառւում է եւրոբոնդերի հետգնումը՝ 313 մլն դոլար, արտաքին վարկերի մարումները՝ 319 մլն դոլար եւ 818 մլն դոլար կը պահանջուի դրամային պետական արժեթղթերի հետգնման համար։ 

Առաջիկայում ծանր տարիներիներ կը լինէն նաեւ 2029-ն ու 2031-ը, քանի որ դրանք եւս եւրոբոնդերի հետգնման տարիներ են։ 

Այս ինֆոգրաֆիկայում պետական պարտքի վճարումների առաջիկայ տասը տարուայ ժամանակացոյցն է։ 

Share