Ի՞նչ դիրքորոշում ունեն Հարիսն ու Թրամփը Ուկրաինայի հարցում

Ի՞նչ դիրքորոշում ունեն Հարիսն ու Թրամփը Ուկրաինայի հարցում

Թէ ինչ քաղաքականութիւն են վարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալայ Հարիսը կամ Դոնալդ Թրամփը, երբ գան իշխանութեան, շարունակում է մնալ միջազգային քաղաքականութեան ուշադրութեան կենտրոնում։ Հարցը յատկապէս սրւում է Միացեալ Նահանգներում նախագահական ընտրութիւնների օրուան մօտենալուն զուգահեռ:

Ուկրաինայի մայրաքաղաքում քաջատեղեակ են, թէ ինչ հետեւանքներ կարող են ունենալ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների արդիւնքները Ռուսաստանի դէմ շարունակուող պատերազմի ընթացքի վրայ։

«Գերիշխող կարծիք կայ, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն լաւագոյն սցենարը չէ Ուկրաինայի համար, թէեւ կան նաեւ զգուշաւոր կարծիքներ, որ ամէն ինչ կարող է այդքան էլ վատ չլինել»,- ասում է վերլուծաբան Օլեքսեյ Մելնիկը ։

Յայտնի է Թրամփի դիրքորոշումը, թէ շատ արագ կարող է աւարտել պատերազմը։ Իսկ ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը անգամ ասել է, որ իրեն «իրականում չի հետաքրքրում Ուկրաինան»:

Միւս կողմից, գաղտնիք չէ, որ Քամալայ Հարիսը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն եւ ներկայացրել խնդրի վերաբերեալ Բայդենի վարչակազմի տեսլականը:

«Նա՝ [Թրամփը] խրախուսում էր Պուտինին՝ ներխուժել մեր դաշնակիցների տարածք՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է անել այն, ինչ ցանկանում է: Ուկրաինայի վրայ յարձակուելուց հինգ օր առաջ հանդիպեցի նախագահ Զելենսկուն՝ զգուշացնելու նրան ներխուժում իրականացնելու Ռուսաստանի ծրագրի մասին։ Օգնեցի համախմբել աւելի քան 50 երկրների՝ դիմագրաւելու Պուտինի ագրեսիան: Եւ որպէս [ԱՄՆ] նախագահ ամուր կը կանգնեմ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է Հարիսը:

Դիտորդների խօսքով՝ Քամալայ Հարիսը, ամենան հաւանականութեամբ, կը հետեւի Բայդենի «Աջակցութիւն Ուկրաինային» ծրագրին:

Եւ այս ամէնի ֆոնին՝ արտաքին քաղաքականութեան վերաբերեալ Թրամփի յայտարարութիւնները նախկինի պէս մշուշոտ են։ Հասկանալի չէն ԱՄՆ նախկին նախագահի խօսքերը, որ կաւարտի պատերազմը մէկ օրում:

Լոնդոնի համալսարանում միջազգային յարաբերութիւնների գծով դասախօս Էնդրյու Փեյնը ասում է՝ «Պարզ չէ, թէ ինչպէս է նա այդ անելու: Մտավախութիւն կայ, որ նա դա կ’անի՝ պարզապէս լքելով Ուկրաինան, կտրելով ֆինանսական միջոցները եւ ճնշում գործադրելով Զելենսկու վրայ՝ բանակցութիւններ վարել այն ժամանակ, երբ Պուտինը կօգտուի բոլոր լծակներից»:

Փեյնը, սակայն, ուշադրութիւն է հրաւիրում՝ մարտադաշտում իրավիճակ է փոխուել, քանի որ ուկրաինական ուժերն այլեւս Ռուսաստանի տարածքում են:

«Չեմ ակնկալում, որ ԱՄՆ դիրքորոշումը կփոխուի Ուկրաինայի հարցում մինչեւ նոյեմբեր»,- նշում է Էնդրյու Փեյնը։

Ինչեւէ, ԱՄՆ ապագայ նախագահի դիրքորոշումը, անշուշտ, կարեւոր է ուկրաինական խնդրի հանգուցալուծման գործում, սակայն ամէն ինչ կախուած չէ Վաշինգտոնից:

VOA

Share