Ո՞րն է լինելու յաջորդ քայլը

Ո՞րն է լինելու յաջորդ քայլը

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը նախօրեին յայտարարեց, թէ քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պէտք է ունենայ։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնայ ծռերից», Աւետիք Չալաբեանը, Սուրէն Պետրոսեանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկայ շաբաթուայ իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դէտալների մասին չի խօսելու՝ հաշուի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողութիւն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբիւրի՝ առաջին օրուանից նա նման զգուշաւորութիւն է դրսեւորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ յունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պէտք է հասկանայ՝ բացի աջակցութեան, սատարման մասին յայտարարութիւններից, գործնականում ով ինչպէս կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիւն էականօրէն փոխելու է իրավիճակը։ Ակնկալւում է, որ 30 հազար մարդ կը հաւաքուի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։

Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթէ կրիտիկական զանգուած հաւաքուի, ո՞րն է լինելու յաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հաւաքուի, կը տեսնենք։ Ի դէպ, իշխանական թիմում այս օրերին ակտիւ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարաւոր սցենարների վերաբերեալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթէ 30 հազար մարդ հաւաքուի ԱԺ-ի դիմաց, կգրոհէն շէնքի վրայ, իսկ այս դէպքում իրաւապահները «պարտաւոր են գործողութիւններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զէնք:

«Հրապարակ»

Share