Ի՞նչ է կատարւում Թուրքիայում: Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի թղթակիցը

Ի՞նչ է կատարւում Թուրքիայում: Դիարբեքիրից հաղորդում է Akunq.net-ի թղթակիցը

Կարօտ Սասունեան

Թուրքիան 40 տարի պատերազմում էր քրդերի (PKK) հետ։ Տարիներ շարունակ երկու կողմից էլ 50 հազարի չափ մարդ է մահացել։ Հարիւրաւոր գիւղեր են դատարկուել եւ հրկիզուել։ Միլիոնաւոր մարդիկ արտագաղթեցուել են իրենց բնակավայրերից։ Հազարաւորները բանտարկուել են։ Ընտրութիւնների ժամանակ ձայների մեծամասնութիւնը շահած քաղաքապետարանների գործունէութիւնը հսկողութեան տակ վերցնելու համար հսկիչներ են նշանակուել։ Պատգամաւորներ, քաղաքապետէր եւ լրագրողներ են ձերբակալուել։

Սակայն վերջին շրջանում յանկարծակիօրէն մի նոր խաղաղութեան գործընթաց մեկնարկեց PKK-ի կամ քրդերի հետ։ Նախկինում էլ էին խաղաղութեան գործընթացներ եղել, սակայն դրանք զանազան պատճառներով անյաջողութեան էին մատնուել։ Թուրքիայում իշխանութեան ղեկին գտնուող ծայրահեղ ազգայնական Ազգային շարժում կուսակցութեան (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելին ուշագրաւ եւ անակնկալ յայտարարութիւն արեց, թէ PKK-ի կալանաւոր առաջնորդ Աբդուլլահ Օջալանից պահանջել է գալ Թուրքիայի մէջլիս եւ յայտարարել, որ PKK-ն վայր է դրել զէնքերը։ Այնուհետեւ Իմրալըի կալանավայրում գտնուող Աբդուլլահ Օջալանը մի նամակով յայտնեց, թէ ինքը պահանջել է, որ PKK-ն ինքնալուծարուի, իսկ լեռներ բարձրացած PKK-ի մարտիկներին էլ համագումար անելու կոչ է արել։ Այս գործընթացը շարունակւում է։

Այդ ընթացքում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանաւորուեց կոռուպցիայի եւ ՊԿԿ-ին օգնելու մեղադրանքով։ Դրանից անմիջապէս յետոյ ձերբակալուեցին Ստամբուլ նահանգի այն գաւառապետէրը, որոնք Ժողովրդահանրապետական կուսակցութեան անդամներն էին։ Նրանց գաւառապետարաններում հսկիչներ նշանակուեցին։ Ստամբուլի քաղաքապետարանում հսկիչ չնշանակուեց, սակայն մտահոգութիւն կայ, որ ամէն պահ կարող է նման բան պատահել։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալութիւնից յետոյ Թուրքիայի բազմաթիւ քաղաքներում հարիւր հազարաւոր մարդկանց մասնակցութեամբ զանգուածային բողոքի ակցիաներ իրականացուեցին։ Թեեւ ցոյցերն ու երթերն արգելուած են, մի քանի օր է, որ ակցիաները շարունակւում են։ Ցոյցերին ոստիկանութիւնը շատ չի միջամտում, սակայն ժամանակ առ ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ մանր ընդհարումներ են գրանցւում։ Ակցիաների առաջին օրը քրդերը թէ՛ քրդաբնակ եւ թէ՛ մեծ քաղաքներում Նովրուզն էին նշում։

Թուրքերը դրական չուերաբերուեցին Շըրնաքում Նովրուզի տօնակատարութիւններին մասնակից երեխաներին մի ոստիկանի կողմից քաղցրաւենիք բաժանելու դէպքին։ CHP-ի անդամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յաւաշը քննադատեց այդ դէպքը։ Նա «քուրջ» անուանեց Նովրուզի տօնակատարութիւնների շրջանակներում բարձրացուած քրդական դրօշը, որի պատճառով քրդերը դատապարտեցին նրան։ Անկարայի քաղաքապետի դէմ եւս բողոքի ակցիայ իրականացուեց։ DEM կուսակցութիւնը նոյնպէս իր դժգոհութիւնն արտայայտեց Անկարայի քաղաքապետի արտայայտած մտքերի կապակցութեամբ։

Ստամբուլում CHP-ի կազմակերպած միտինգին DEM կուսակցութեան առաջնորդի մասնակցութիւնից յետոյ CHP-ի առաջնորդ Օզգիւր Օզելը ներողութիւն խնդրեց՝ առանց հնչեցնելու Անկարայի քաղաքապետ Մանսուր Յաւաշի անունը։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յաւաշի ելոյթի պատճառով քրդերի մեծ մասը չաջակցեց CHP-ցիների կողմից կազմակերպուած բողոքի ակցիաներին։ Այդ ընթացքում Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Էրդողանը յայտարարեց, որ CHP-ի կազմակերպած բողոքի ակցիաները համարում է ահաբեկչական գործողութիւններ, եւ որ ձերբակալուած քաղաքապետէրն անօրինականութիւններ են թոյլ տուել, հետեւաբար շարունակելու են անազատութեան մէջ  մնալ։

Թարգմանեց Մելինէ Անումեանը

www.akunq.net

Share