Օրեր առաջ Բաքուի իշխանամերձ լրատուամիջոցները լուսանկարներ են հրապարակել Ադրբեջանում ապօրինի պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան մասնակցութեամբ, որը հայ հասարակութեան համար քննարկման, շատերի համար, ցաւօք, ուրախանալու առիթ էր դարձել։
MediaHub-ի հետ զրոյցում քաղաքագէտ Ժիրայր Ազիզեանը նշեց, որ Բաքուի կողմից նման գործողութիւնները տեղեկատուաքարոզչական նպատակով են եւ ուղղուած են հայկական լսարանի դէմ, ու նաեւ հէնց ադրբեջանական ներքին լսարանի համար։ «Այդ քայլով Բաքուի ռեժիմը ադրբեջանական լսարանին ցոյց է տալիս, թէ տեսեք, ես յաղթել եմ պատերազմում եւ գերեւարել եմ Արցախի նախագահներին եւ նրանք կրում են իրենց համապատասխան պատիժը։ Իսկ արտաքին լսարանին Ադրբեջանը փորձում է ցոյց տալ, որ որեւէ գործողութիւն իր ինքնիշխանութեան դէմ, համապատասխան ձեւով արժանանալու է այս արձագանքին, այսինքն, բոլոր կազմակերպիչներն արժանանալու են նոյն բախտին։ Սա փորձ է չեղարկելու հայկական կողմի ռեւանշիստական մղումները»,- նշեց քաղաքագէտը։
Ազիզեանը խորհուրդ է տալիս նման դէպքերում էմոցիաներին տրուելու փոխարէն սառնասրտութիւն ցուցաբերել։
«Որքան դա տարբեր մեկնաբանութիւնների առարկայ դառնայ, միեւնոյն է, մէզ համար շատ դաժան է տեսնել այդ լուսանկարները։ Պետք է հասկանանք, որ Բաքւում պահուող անձինք եղել են Արցախի ղեկավարները, պաշտօնեաներ, հրամանատարներ, եւ այս առումով անընդունելի է ցանկացած մեկնաբանութիւն, որը կարող է կասկածի տակ դնել այդ մարդկանց պայքարի ցանկութիւնը, քանի որ վստահ ենք, որ նրանցից ոչ ոք չէր ցանկանայ որ Արցախն ու արցախահայութիւնն արժանանային այս բախտին»,- շեշտեց Ազիզեանը։
Քաղաքագէտը նաեւ նշեց, որ Ադրբեջանում ապօրինի պահուող ռազմաքաղաքական ղեկավարութիւնը՝ բոլորն էլ ունեն իրենց սխալները, եւ այդ սխալների տրամաբանական յաջորդականութեամբ Արցախն այսօր արժանացել է այս ճակատագրին։
«Ընդունենք ու ընկալենք, որ բոլորն էլ կցանկանային, որ Արցախը լինէր կանգուն, շատ աւելի հզօր բանակ ունենար, աւելի մեծ տարածքներ։ Կատարուածը բոլորի թոյլ տուած սխալների արդիւնք է։ Մենք մեղաւորութիւնն, այո՛, մեր մէջ ենք փնտրում, բայց դրանք կապուած են նաեւ արտաքին մի շարք գործոնների հետ եւ դրանց դէմ պայքարելն այդքան էլ մեր հնարաւորութիւնների սահմանում չէ, ուստի արցախցի պաշտօնեաների դէմ ուղղուած քարոզչութիւններն անընդունելի են»։
Վերջին այս քարոզչական օպերացիայի շրջանակում Բաքւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների պահման վայրում չցուցադրուեցին ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանն ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը։ Քաղաքագէտը ենթադրեց, որ Բաքուն միտումնաւոր չէր ցանկացել հանրայնացնել՝ հաւանաբար հաշուի առնելով նրանց առողջական վիճակն ու մի շարք հանգամանքներ։
«Իսկ այն լուսանկարները, որոնք արդէն ցուցադրուել են, դա ինչ-որ տեղ ստիպողաբար է նկարահանուած եւ ֆիկտիւ բնոյթ է կրում՝ միջազգային հանրութեանը ցոյց տալու համար»,- ասաց նա՝ անդրադառնալով այն քննարկումներին, թէ արցախցի նախկին պաշտօնեաները ժպտում են լուսանկարներում։
Մեր զրուցակիցն ասաց, որ ժամանակին բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր այդ կարգավիճակում: «Դա լիւքս բանտախուց էր կոչւում, որը նախատեսուած է միայն լուսանկարելու համար։ Իրէն էլ են «օգնել», որ գրադարանում լուսանկարուի։ Այսինքն, տարբեր մեխանիզմ են կիրառում, որ մարդիկ անէն այն, ինչ իրենք են ուզում, օրինակ՝ լուսանկարուելուց ժպտան, գիրքը վերցնեն իրենց ձեռքը եւ այլն»,- յաւելեց Ժիրայր Ազիզեանը։
Հունան Թադեւոսեան