168.am-Երեւանում ամռան այս տապին այս պատկերն է ամէնուր, ու ակամայից հարց է առաջանում՝ հիմա ո՞վ է ո՞ւմ փուռը տալիս, Աւինեանը՝ Փաշինեանի՞ն, թե՞ ուղիղ հակառակը, եւ երեւանցին հիմա էլ յայտնուել է Փաշինեան-Աւինեան ներթիմային «ռազբորկաների» թիրախում:
Յուլիսի 11-ին Երեւանի՝ մի կերպ քաղաքապետ դարձած Տիգրան Աւինեանն իր ֆեյսբուքեան էջում աւետեց՝ «Մենք շարունակում ենք կեանքի կոչել երեւանցիների համար առաւել յարմարաւետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականութիւնը»:«Առաջիկայում Չինաստանից Երեւան կուղեւորուեն 171 նոր աւտօբուսները՝ ապահովելով աւելի յարմարաւետ ու յուսալի փոխադրումներ:
Այս նոր աւտօբուսները կնպաստէն տրանսպորտային համակարգի բարելաւմանը եւ կթեթեւացնեն հանրային տրանսպորտի բեռնուածութիւնը»,- գրել էր Տիգրան Աւինեանն իր ֆեյսբուքեան էջում ու տեսանիւթ հրապարակել նոր աւտօբուսների նոր խմբաքանակի մասին:
Ինչպէս յետոյ պիտի պարզուեր, նոր աւտօբուսները բոլորովին էլ նոր չէին մակնիշի առումով, այլ վատ մոռացուած հինը՝ չինական «Ժոնգ Թոնգ» աւտօբուսները, միայն թէ կապոյտի փոխարէն՝ կանաչ ներկուած, ճիշտ այնպէս, ինչպէս գերմանական «MAN»-երը:
Նոր աւտօբուսների խմբաքանակը զննած իրազեկները յիշեցին Հայկ Մարութեանի քաղաքապետութեան ժամանակների սկանդալային պատմութիւնը, երբ վերջինս տառացիօրէն հատ առ հատ աւագանիում «Իմ քայլը» խմբակցութեան անդամներին խնդրել էր, որ գան ու կողմ քուէարկէն «Ժոնգ Թոնգ» աւտօբուսների ձեռքբերման համար, որպէսզի մայրաքաղաքի տրանսպորտի աղէտալի վիճակը փոքր-ինչ թեթեւանայ:
Այն ժամանակ, ինչպէս եւ այժմ, «ՔՊ»-ն, Նիկոլ Փաշինեանի ուղիղ կառավարման տակ գտնուող «Իմ քայլը» խմբակցութիւնը մի կերպ հաւաքուեց, եւ թերեւս միայն աւագանու՝ Հայկ Մարութեանի աջակից անդամների 32 կողմ ձայնով 161 «Ժոնգ Թոնգ»-երը հասան Հայաստան:
2021թ. իմքայլականներն իրենց սաբոտաժը պայմանաւորում էին նրանով, որ չինական աւտօբուսների որակը լաւը չէ: Թէ ինչպէս եղաւ, որ դրանց որակը յանկարծ լաւը դարձաւ 2024թ., բացայայտում է Երեւանի աւագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամ Լուսինէ Գեւորգեանը Factor.am-ի հետ զրոյցում:
«Երբ քաղաքապետի եւ աւագանու անդամների միջեւ կապը խզւում է, այսինքն նոյն տրամաբանութեամբ, ինչպէս վարչապետի եւ կառավարութեան անդամների, կամ Ազգային ժողովի ղեկավարի կամ պատգամաւորների միջեւ, իսկ էս դէպքում հէնց օրինակը շատ աւելի նման է Ազգային ժողովին, քանի որ աւագանին օրէնսդիր մարմին է, խնդիրը խորացաւ, եւ եղաւ այն, ինչ որ եղաւ»,- շատ հանգիստ իրենց 3 տարի առաջուայ սաբոտաժի պատճառը բացատրեց ՔՊ-ական Լուսինէ Գեւորգեանը:
Այսինքն՝ Երեւանի աւագանու կառավարող խմբակցութեան անդամը յայտարարում է, որ իրենք սուտ են խօսել, եւ երեւանցիների շահը ստորադասել են իրենց նեղ խմբային շահերին, եւ ոչ ոք դրանով չի զբաղւում: Միլիոնանոց քաղաքը փաստացի պատանդ է դարձել Նիկոլ Փաշինեան-Հայկ Մարութեան հակամարտութեան ձեռքում, եւ աւագանու ՔՊ-ական անդամը դրա մասին ասում է՝ որպէս մի շատ նորմալ երեւոյթի:
Հիմա հետաքրքիր է, իսկ հնարաւո՞ր է, որ հիմա, երբ Երեւանը վերածուել է մի հսկայական աղբավայրի, իրավիճակը կրկնւում է, բայց արդէն իսկ սլաքների՝ երկուստեք ուղղմամբ միմեանց ուղղութեամբ:
Մայրաքաղաքի փողոցներն ու բակերը խոզանոց են յիշեցնում, աղբն ամառուայ այս շոգին օրերով չի տարւում, գարշահոտութիւնը տարածւում է ամէնուր, եւ ոչ ոք մատը մատին չի տալիս իրավիճակը շտկելու համար:
Ուշագրաւ է, որ այս համատեքստում կառավարութիւնը բաւականին պատկառելի գումար տուեց Երեւանում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար, ու ըստ աւագանու նախկին անդամ Դաւիթ Խաժակեանի՝ Նիկոլ Փաշինեանն այդ գումարը չէր կարող չտալ, որովհետեւ Երեւանի ասֆալտը կտրաքեր, իսկ դրա հետեւանքներն ինքն իր մաշկի վրայ աւելի վատ կզգար, քան Տիգրան Աւինեանը: