Հայեացք ԱԺ-ից կամ ի՞նչ է խոստանում Էրդողան-Ալիեւի բիրտ գործիքի վերածուած իշխանութիւնը 2025-ին

Հայեացք ԱԺ-ից կամ ի՞նչ է խոստանում Էրդողան-Ալիեւի բիրտ գործիքի վերածուած իշխանութիւնը 2025-ին

Վահէ Սարգսեան  

Անցնող շաբաթը նշանաւորուեց ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումներով. 2025 թ. բիւջէի քննարկման ժամանակ, ի թիւս իշխանութեան չափազանց վտանգաւոր ուղեգծի մատնանշման, ընդդիմադիր պատգամաւորների կողմից եղան նաեւ բազմաթիւ բացայայտումներ ու կարեւոր դիտարկումներ, որոնք ամբողջական են դարձնում անցնող եւ գալիք բիւջետային տարիներին առկայ գործընթացները:

Այսպէս, պարզուեց՝ ընթացիկ բիւջետային տարուայ 2-րդ եռամսեակում աշխատատեղէրը ոչ թէ աւելացել, այլ կրճատուել են թէ՛ պետական, թէ՛ մասնաւոր հատուածում, բացասական է եղել նաեւ միգրացիոն սալդոն՝ երկրից, Հայաստանի ճամփորդական փաստաթղթերով, հեռացել է աւելի քան 20,000 քաղաքացի:

Փաստուեց, որ չնայած ՀՀ-ն իր աջակցութիւնն էր յայտնել ցեղասպան Ադրբեջանին, որ Բաքւում անցկացուի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP-29), այդուհանդերձ, ՀՀ իշխանութիւնների կողմից երկիրը շարունակական ստորացումների ու նուաստացուների ճանապարհով տանելը յանգեցրել է նրան, որ Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել որպէս լծակ ՀՀ-ի դէմ: Այնինչ, նորմալ երկրում պէտք է դա տրամաբանօրէն հակառակը լինէր:

Ընդհանուր առմամբ, ներկայացուած բիւջեն անուանուեց «պարտքով ու երազներով ապրելու բիւջէ», ձախող բիւջէ, իրականութեան աղճատում, չհիմնաւորուած խոստումներ, ձախողումների արձանագրում:

Այս տարուայ սեպտեմբերի 30-ի դրութեամբ պետական պարտքը կազմում է 4,842 տրիլիոն դրամ։ 2025 թուականի վերջին կառավարութիւնը պլանաւորում է պարտքային բեռը հասցնել 6,161 տրիլիոն դրամի։ ԿԲ փոխարժէքով՝ 15,9 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025 թուականին պետական պարտքն աճելու է 900 մլրդ դրամով՝ օրեկան՝ 2,5 մլրդ դրամ։

2025 թուականին պետական պարտքի սպասարկման ծախսէրը (վճարուելիք տոկոսագումարը) կը կազմէն 394,1 մլրդ դրամ՝ աւելի շատ քան առողջապահութեան, արդարադատութեան, արտաքին գործերի, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութիւնների, նախագահի, ազգային ժողովի, վարչապետի եւ բոլոր մարզպետարանների բիւջեները միասին։

Ամէն օր Հայաստանը մօտ 1 մլրդ 80 մլն դրամ տոկոս է վճարելու։ Արտարժոյթով վերցուած պարտքը «ծանրացնում» է դրամը, հայկական ապրանքներն արտէրկրում դարձնելով ոչ մրցունակ։ 2025 թուականին արտահանումները նուազելու են մօտ 40%-ով, (ներմուծումները՝ մօտ 34%-ով)։ 2019 թուականի համեմատ 2020-2022 թուականների համախառն տնտեսական աճը կազմել էր մօտ 10%:

Ուստի, անիրատեսական եւ բացարձակապէս կեղծ են այն պնդումները, թէ նախորդ տարիների, արտածին գործոններով պայմանաւորուած տնտեսական աճի բարձր տեմպերը, մեծացրել են Հայաստանի տնտեսական պոտենցիալը։

2022-ին արձանագրուած 12.6, 2023-ին՝ 8.3 տոկոսանոց աճից յետոյ այս տարի սպասւում է 5.8 տնտեսական աճ։ 2025 թուականին նախատեսւում է ապահովել 5.6 տոկոսանոց աճ, իսկ յաջորդ երկու տարում սպասուող աճը կը կազմի 5.5%: Յիշեցնեմ, որ կառավարութիւնն, իր ծրագրում խոստացել էր «առնուազն տարեկան 7% աճ, իսկ բարէնպաստ պայմաններում՝ 9%»:

Կառավարութիւնը խաբել է ժողովրդին նաեւ բազմաթիւ գործարանների եւ նախագծերի ստեղծման մասին իր խոստումներով: Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան օրօք որեւէ նոր գործարան չի բացուել։ Իսկ այն արտադրական ձեռնարկութիւնները, որոնց ժապաւէնը կտրել էր Փաշինեանը, փակուել են ընդամէնը շաբաթներ անց։ 2024 թուականի առաջին կիսամեակում օտարերկրեայ ուղիղ ներդրումները կազմել են մինուս 21,2 մլրդ դրամ, այսինքն՝ ներդրումային միջոցները հեռանում են Հայաստանից: Ֆիզիկական անձանց անունով կատարուած դրամական փոխանցումներն էապէս նուազել են։ 2023 թուականին փոխանցումները կազմել էին 1,658 տրլն դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 518 մլրդ դրամ, ապա այս տարի ներհոսքը կազմել է 1,557, իսկ զուտ ներհոսքը՝ 348 մլրդ դրամ՝ 1,5 անգամ աւելի քիչ։ Կրճատուել է զբօսաշրջային հոսքը։

Այսպիսով, այլեւս աներկբայ է, որ Հայաստանի բարձր տնտեսական աճը պայմանաւորուած էր արտածին պատահական գործոններով, ինչպէս որ համարեայ երեք տարի բարձրաձայնում է ընդդիմութիւնը։

Աննախադէպ չափերի է հասնում երկրում խաղամոլութիւնը, թմրամոլութիւն ու յանցագործութիւնների թիւը:

Սպառողական վարկերի աննախադէպ աճը ցոյց է տալիս, որ հայաստանցիները, ինչպէս եւ Հայաստանը, թաղուած է պարտքերի մէջ։

Փաստուեց, որ կառավարութիւնը ոչ միայն չի կատարել իր ծրագրային խոստումները, այլեւ որոշ ուղղութիւններով շեղուել է դրանցից 180 աստիճանով: Խոսքը, մասնաւորապէս, Արցախի հիմնահարցի, Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, ռազմավարական գործընկերների հետ յարաբերութիւնների եւ այլնի մասին է: Խաթարուել են նաեւ յարաբերութիւնները Արեւմուտքի հետ. Նիկոլ Փաշինեանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել:

Եւրամիութեան հետ յարաբերութիւնները կարգաւորւում են Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրով, որը ստորագրուել է դեռեւս 2017 թուականին։ Երկրի անվտանգութեան համակարգը կազմաքանդուած է այն աստիճան, որ օտարերկրեայ ներդրողները չէն կարող այլեւս ՀՀ սւուերէն տարածքում անգամ գործարան կառուցել:

Հասկանլի չէ, թէ պաշտպանութեան ոլորտին ուղղուած ծախսէրը «նախայեղափոխական գներով» որքան են կազմում, եւ արդյօք վերականգնուել է Հայաստանի նախապատերազմական ռազմական պոտենցիալը։

Գիտութեան եւ կրթութեան ոլորտները եւս անմխիթար վիճակում է. փակւում են գիտական հաստատութիւնները: Ականատեսն ենք փակման եզրին կանգնած բուհերի, իսկ կառավարութեան առաջարկած միջոցառումները ոչնչի մասին են:

Փաշինեանի իշխանութիւնն ուղղակի կազմաքանդել է նաեւ Սփիւռքի հետ կապերը. ստեղծուած անհասկանալի ու մակաբոյծ կառոյցը՝ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը, ուղղակի զրոյի է հասցրել Սփիւռքի ներուժի օտգագործումը երկրի զարգացման գործում:

Փաշինեանի իշխանութիւնը շարունակում է, այսպէս կոչուած, խաղաղութեան կեղծ օրակարգը մատուցել հասարակութեանը՝ առաջնորդուելով «մասը զիջենք, որ միւս մասը կարողանանք պահել», «զիջենք, որ Ադրբեջանի յարձակումը յետաձգենք» կործանարար թեզերով ու մտայնութեամբ: Արդիւնքում՝ թշնամին աւելի է ամրացնում իր դիրքերը եւ պատրաստւում է՛լ աւելի ցաւոտ խոցել, իսկ իշխանութիւնները է՛լ աւելի մոլեգին կերպով են կատարում թշնամու պահանջները՝ յարձակուելով արդէն պետութեան եւ պետականութեան յենասիւների՝ Անկախութեան հռչակագրի, խորհրդանիշների, ինչպէս նաեւ ազատաշունչ երգերի եւ այլնի վրայ:

Ի դէպ, ամենեւին պատահական չէ, որ իշխող ՔՊ խմբակի ելոյթների առիւծի բաժինը հէնց ՀՅ Դաշնակցութեան դէմ էր ուղղուած. սա եւս լիովին օրինաչափ է եւ տեղաւորւում է ՀՀ կազմաքանդման թուրք-ադրբեջանական պլանների մէջ:

Ողբերգութիւնն այն է նաեւ, որ տրամաբանութեանն ու իրերին հակառակ գործող ՔՊ-ական վարժեցուած խմբակը փորձում է Հայաստանի Առաջին Հանրապետութիւնն ստեղծած, նորանկախ հանրապետութեան կայացման գործում արիւն ու քրտինք թափած եւ պետականութիւնը որպէս բացարձակ արժէք դիտարկող ուժին՝ ՀՅ Դաշնակցութեանը, ներկայացնել իբրեւ պետութեան համար վտանգ ներկայացնող կառոյց-գաղափարախօսութիւն: Կարճ ասած՝ Փաշինեանի իշխանութիւնը վերածուել է Էրդողան-Ալիեւ զոյգի բիրտ գործիքի, որով մաշկազերծ է արւում Հայաստանի Հանրապետութիւնը:

Ինչպէս եւ սպասելի էր, ընդդիմադիր պատգամաւորների վերոնշեալ փաստարկուած ու յստակ ելոյթներին իշխանութեան ներկայացուցիչներն արձագանքեցին ոչ բովանդակային, չարչրկուած ու մաշուած, ծաղրաւիրաւորական, մերկապարանոց եւ, որն ամենացաւալին է, թուրքական հայեցակարգերի վրայ հիմնուած թեզերով ու որակումներով:

Յաւելենք նաեւ, որ ընդդիմադիր պատգամաւորները շնորհակալ աշխատանք տարան իրենց ճակատում եւ արժանի են դրուատանքի:

yerkir.am

Share