Ի՞նչ է առաջարկում ամերիկացիներին Հարիսը

Ի՞նչ է առաջարկում ամերիկացիներին Հարիսը

Մոտ մէկ ամիս առաջ էր, երբ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը յայտարարեց ընտրապայքարը թողնելու իր որոշման մասին։ Այսօր բազմաթիւ ամերիկացիների հայեացքներն ուղղուած են Քամալայ Հարիսին, ով խոստանում է փոխել նրանց կեանքը:

ԱՄՆ դէմոկրատների համերկրային համագումարի վերջին օրը լի էր աստղերի երաժշտական կատարումներով, թէեւ երեկոյի իրական աստղն, անշուշտ, ԱՄՆ փոխնախագահ Քամալայ Հարիսն էր։

«Ընդունում եմ ձեր առաջարկը՝ դառնալ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի [Դեմոկրատական կուսակցութեան] թեկնածու»,- համագումարին յայտարարեց Հարիսը։

Հարիսը խօսեց ամերիկեան միջին խաւի կարեւորութեան մասին․ «Գծում ենք նոր ճանապարհ։ Առայ՛ջ դէպի ապագայ՝ ուժեղ եւ աճող միջին խաւով, քանի որ գիտենք՝ ուժեղ միջին խաւը միշտ կարեւոր է եղել Ամերիկայի համար, եւ այդ դասի ամրապնդումը կը լինի իմ նախագահութեան նպատակը»:

ԱՄՆ նախագահի դէմոկրատների թեկնածուն զուգահեռներ է տարել իր, ով տեւական ժամանակ աշխատել է որպէս դատախազ՝ պաշտպանելով ամերիկեան օրէնքները, եւ Թրամփի միջեւ, ով դատապարտուել է յանցագործութեան համար։

Հարիսը քննադատել է հանրապետականների հանրայայտ ծրագիրը՝ Project-2025-ը, որը շատերը կապում են Թրամփի նախընտրական թիմի հետ, թէեւ Սպիտակ տան նախկին ղեկավարը հերքում է իր ու իր թիմի առնչութիւններն այդ փատաթղթի հետ։

«Գիտենք, թէ ինչ տեսք կ’ունենայ Թրամփի երկրորդ ժամկէտը։ Այդ ամէնը ներկայացուած է Project 2025-ում, որը գրուել է նրան մօտ կանգնած խորհրդատուների կողմից, եւ ընդհանուր միտքն է՝ մեր երկիրը հետ տանել դէպի անցեալ: Բայց մենք հետ չենք գնայ՝ Ամերիկայ՛»,- յայտարարել է Քամալայ Հարիսը։

Եթէ համագումարում Հարիսին արձագանքում էին միայն ծափահարութիւնները, ապա փողոցում Պաղեստինին աջակցող ցուցարարները բողոքի ակցիայ էին իրականացնում։

Մերձաւորարեւելեան հակամարտութեան վերաբերեալ Հարիսի դիրքորոշումը յայտնի է՝ նա կարեւորում է պաղեստինցիների համար անվտանգութեան ապահւումը եւ նրանց ցուցաբերուող օգնութիւնը, վերահաստատում է նաեւ իր աջակցութիւնը Իսրայելին՝ կողմ արտայայտուելով զինադադարին:

Գազայի խնդիրը, սակայն, ԱՄՆ դէմոկրատների շրջանում տարաձայնութիւնների, թերեւս, միակ լուրջ կէտն է: Շուրջ 4 700 պատուիրակներից 270-ը ստորագրել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել Իսրայելին ցուցաբերուող աջակցութիւնը։

Իր ելոյթում Հարիսը շնորհակալութիւն յայտնեց ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենին. «Ջոյ՛, երախտապարտ եմ ձեզ: Ձեր քայլը արտասովոր է, ինչը կվկայի պատմութիւնը։ Ձեր կերպարը՝ ոգեշնչող։ Ես ու Դագը սիրում ենք ձեզ եւ Ջիլին։ Հաւերժ երախտապարտ ենք երկուսիդ»։

Չիկագոյում կայացած դէմոկրատների համագումարի փակման ժամանակ բեմ բարձրացաւ նաեւ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը՝ միանալով Հարիսին։

Ինչեւէ, դէմոկրատների ժողովի ֆոնին՝ Թրամփը փորձում էր ամերիկայն հանրութեան ուշադրութիւնն, այնուամենայնիւ, շեղել իր ուղղութեամբ՝ այցելելով ԱՄՆ-Մեքսիկայ սահման:

Ընտրութիւններին մնացել է մօտ երկուսուկէս ամիս:

VOA

Share