«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ բեռնատարների վառելիքի խնդիր. իրականում ի՞նչ է ասել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ բեռնատարների վառելիքի խնդիր. իրականում ի՞նչ է ասել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը

Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Իսմայիլ Բաքային մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան Թուրքիայի սահմանին իրանական բեռնատարների համար ստեղծուած վառելիքի խնդրի մասին հարցին, նշել է, որ ստեղծուած խնդիրը ոչ թէ քաղաքական է, այլ տեխնիկական, եւ դրանով զբաղւում են տրանսպորտի ու վառելիքի բաժինները։ Բաքային յայտարարել է, որ ստեղծուած խնդիրը երկու երկրի միջեւ յստակ պատմութիւն ունի եւ ասել է, որ Իրանն ու Թուրքիան փորձում են այդ հարցը լուծել բարիդրացիութեամբ։ Այս առնչութեամբ երկու երկրի միջեւ ծաւալուել են մանրամասն քննարկումներ, եւ առաջիկայում Իրանից պատուիրակութիւն կ’ուղարկուի Թուրքիայ։

Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ադրբեջանական լրատուամիջոցները Իրանի ԱԳՆ խօսնակի`  վերը նշուած միտքը ներկայացրել են այլ ձեւ. իբրեւ թէ իրանական պատուիրակութիւնը շուտով կայցելի Թուրքիայ, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցութիւններ անցկացնելու նպատակով: Այնինչ, ըստ խօսնակի, պատուիրակութեան այցը կոչուած է կարգաւորելու Թուրքիայի սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդիրը։

Yerkir.am-ը յայտնում է նաեւ, որ իրանական «Միրանպրես» լրատուական գործակալութիւնը յատուկ պարզաբանում է տարածել խնդրի մասին: Ըստ նշուած լրատուամիջոցի՝ ««Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ ԱԳՆ յայտարարութեան» մասին հրապարակուած լուրը «Դանեշջու» լրատուական գործակալութեան մեդիայ քայլն էր, եւ արտաքին գործերի նախարարութիւնը Զանգեզուրի վերաբերեալ նոր դիրքորոշում չի որդեգրել»։  Յաւելենք նաեւ, որ «Դանեշջուն» իրանական կառավարութեանը որոշակի մօտ կանգնած լրատուական հարթակներից է: Փաստենք նաեւ, որ այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի շուրջ Իրան-Թուրքիայ իբրեւ թէ բանակցութիւնների եւ առաջիկայում այդ հարցի վերաբերեալ տեղի ունենալիք հանդիպումների մասին տեղեկութիւնները եւ Իրանի ԱԳՆ խօսնակի խօսքն այդ մեկնաբանութեամբ լուրերը տարածել են պանթուրքիստական շրջանակների լրատուական հարթակները:  

Երկիր

Share