Ի՞նչ են իրենցից ներկայացնում ամերիկեան փոքր մոդուլային ատոմային ռէակտորները

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ամերիկեան փոքր մոդուլային ատոմային ռէակտորները

Վերջին շրջանում Հայաստանում քննարկումների առարկայ են դարձել Հայաստանի ատոմակայանի, դրա ապագայի եւ անվտանգութեան խնդիրներին վերաբերող հարցերը: Ատոմակայանի վերաբերեալ քննարկումները դիտարկւում են նաեւ այն արտաքին ճնշման համատեքստում, որը կիրառւում է Հայաստանի նկատմամբ, մասնաւորապէս՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Միաժամանակ, Հայաստանի իշխանութիւններն ամերիկացի գործընկերների հետ քննարկում են ամերիկեան մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարը: Ընդունուած է կարծել, որ ամերիկեան մոդուլային ատոմային կայաններն առաւել արդիւնաւետ են, էժան, անվտանգ եւ նուազ ազդեցութիւն են ունենում շրջակայ միջավայրի վրայ: Սոյն յօդուածը նպատակ չի հետապնդում համեմատել ատոմակայանների տեսակները, քանի որ դա նեղ մասնագիտացում է պահանջում: Փոխարէնը կը փորձենք ներկայացնել ամերիկեան մասնագիտական շրջանակների մօտեցումներն ամերիկեան մոդուլային ատոմակայանների վերաբերեալ՝ պարզելու համար դրանց որակական եւ անվտանգային յատկանիշները:

ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը փոքր մոդուլային միջուկային
ռէակտորների հարցում

Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռէակտորների հարցը մեծապէս բարձրաձայնուել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոյ Բայդենի վարչակազմի կողմից։ Դա պայմանաւորուած էր նրանով, որ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքական կարեւոր առաջնահերթութիւնների թւում էր ածխածնի արտանետումներ չպարունակող էլեկտրաէներգիայի սեկտորի ձեւաւորումը մինչեւ 2035 թուականը։ Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ իշխանութիւնները դիտարկում էին միջուկային էներգիան, որը 2023 թ. կազմել է ԱՄՆ-ում արտադրուած էներգիայի 19%-ը։ Այդուհանդերձ, նոր ռէակտորների կառուցումը բաւական ծախսատար եւ երկար գործընթաց է, ինչի պատճառով ԱՄՆ-ը փնտրում է այլընտրանքներ։ Նման մի տարբերակ, որն ակտիւօրէն աջակցութիւն էր ստանում եւ խթանւում ԱՄՆ նախկին իշխանութիւնների կողմից, այսպէս կոչուած, փոքր մոդուլային միջուկային ռէակտորներն էին (ՓՄՄՌ)։ Այժմ ողջ աշխարհում ՓՄՄՌ-ներ յաջողութեամբ կառուցել են միայն Չինաստանը եւ Ռուսաստանը։ Հաշուի առնելով նաեւ այս հանգամանքը, որ գործող ՓՄՄՌ-ները ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու հիմնական մրցակից երկրներում են, ԱՄՆ-ի համար առաւել կարեւոր էր դառնում կառուցել իր առաջին ՓՄՄՌ-ը, չնայած ըստ մասնագէտների՝ ՓՄՄՌ-ները չէն հասնի իրենց կոմերցիոն փուլին մինչեւ 2030 թուականը :

Հաշուի առնելով հարցի առաջնահերթութիւնը Բայդենի վարչակազմի համար՝ ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների գաղափարը լայնօրէն խթանւում էր, մասնաւորապէս, ԱՄՆ էներգետիկայի դէպարտամենտի կողմից։

Նախ, անդրադառնանք Բայդենի վարչակազմի օրօք ԱՄՆ էներգետիկայի դէպարտամենտի միջուկային էներգիայի գրասենեակի կողմից ՓՄՄՌ-ների նկատմամբ պաշտօնական դիրքորոշմանը։ ՓՄՄՌ-ները դէպարտամենտի քաղաքական ծրագրի կարեւոր բաղկացուցիչն էին՝ ձեւաւորելու համար ապահով, մաքուր եւ հասանելի միջուկային էներգիայ։ ԱՄՆ-ում այժմ ձեւաւորման փուլում են գտնւում տարբեր չափերի եւ կարողութիւնների ՓՄՄՌ-ներ։ Ընդհանրապէս, ՓՄՄՌ-ները կարող են լինել մի քանի տասնեակից մինչեւ 300 մէգաւատտ հզօրութեան։

ՓՄՄՌ-ների պարագայում, որպէս դանդաղարար կարող են կիրառուել ինչպէս թեթեւ ջուրը, այնպէս էլ գազը եւ հեղուկ մետաղը։ Ըստ դէպարտամենտի, ՓՄՄՌ-ներն օժտուած են մի շարք առաւելութիւններով` չափերով աւելի փոքր են եւ կարող են զբաղեցնել այնպիսի փոքր տարածք, ինչպիսիք հնարաւոր չէն խոշոր ատոմակայանների պարագայում, ինչպէս նաեւ պահանջում են աւելի քիչ ներդրումներ։ Բացի այդ, ունեն աւելի մեծ առաւելութիւններ անվտանգային առումով։ Այդ իսկ պատճառով դէպարտամենտը զգալի աջակցութիւն է տրամադրել ձեւաւորման փուլում գտնուող ՓՄՄՌ-ներին, որոնք գտնւում են լիցենզաւորման դիտարկման փուլում Միջուկային կարգաւորող յանձնաժողովի կողմից, եւ հաւանաբար հնարաւոր կը լինի գործարկել 2020-ականների վերջից մինչ 2030-ականների սկիզբն ընկած ժամանակահատուածում :

Ինչ վերաբերւում է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի էներգէտիկ քաղաքականութեանը, ապա, պէտք է շեշտել, որ վերջինիս յունուարի 20-ի երդմնակալութեան ելոյթը զգալիօրէն կենտրոնացած էր էներգէտիկ քաղաքականութեան վրայ, ու ելոյթի ժամանակ նա խոստացաւ էներգէտիկ արտակարգ դրութիւն յայտարարել երկրում, ինչը եւ իրականացրեց իր առաջին օրն ընդունած նախագահական հրամանագրերի շարքում ։ Միացեալ Նահանգները «վերստին էներգէտիկ գերտէրութիւն» դարձնելը Թրամփի չորս առաջնահերթութիւններից երկրորդն է: Նախագահ Թրամփի էներգէտիկ քաղաքականութիւնը երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ նուազեցնել էներգիայի գները՝ «ռեկորդային գնաճը յաղթահարելու եւ ծախսէրն ու գներն արագօրէն նուազեցնելու համար» եւ վերստին խթանել ամերիկեան արտադրութիւնը: Իր փետրուարի 14-ի հրամանագրով Դոնալդ Թրամփը ստեղծեց «Էներգէտիկ գերակայութեան ազգային խորհուրդը» ։ Խորհրդին նախագահի կողմից յանձնարարուած է 100 օրուայ ընթացքում իրեն ներկայացնել առաջարկներ՝ այդ թւում ՓՄՄՌ-ների գործարկման հնարաւորութիւնների վերաբերեալ։ Այսինքն, Դոնալդ Թրամփը այս փուլում առնուազն հետաքրքրուած է ՓՄՄՌ-ների արդիւնաւետութեամբ, դրանց հնարաւոր զարգացմամբ եւ արտադրութեամբ։

Շատէրի կողմից ակնկալւում է, որ ՓՄՄՌ-ները կ’ունենան աւելի պարզ դիզայն, կառուցման կարճ ժամկէտներ եւ տեղակայման ծախսէրի կրճատում: Շատէրը կարող են նաեւ անվտանգ լինել խափանումների պարագայում: Բացի այդ, մեծ մասը նախատեսուած է հողի մակարդակից ցածր տեղադրելու համար՝ որպէսզի աւելի ապահով լինէն ահաբեկչական սպառնալիքներից: Ամերիկեան միջուկային ընկերութեան կողմից հրաւիրուած յատուկ յանձնաժողովի կազմած՝ 2010 թուականի զեկոյցում նշւում էր, որ անվտանգութեան շատ մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են մեծ ռէակտորների պարագայում, անհրաժեշտ չէն առաջիկայում ստեղծուելիք փոքր ռէակտորների նախագծերում :

ԱՄՆ փորձագէտների դիրքորոշումը ՓՄՄՌ-ների հարցում

Քանի որ էներգէտիկ ոլորտը զարգանում է, մաքուր եւ աւելի էժան, էներգէտիկ լուծումների անհրաժեշտութիւնն ու պահանջը գնալով աճում է։ Դա է պատճառը, որ ներկայումս ՓՄՄՌ-ները դարձել են լայն քննարկման առարկայ։ ՓՄՄՌ-ների կողմնակիցները պնդում են, որ միջուկային էներգետիկայի ոլորտում դրանք յեղափոխական դեր կարող են խաղալ՝ դառնալով աւելի անվտանգ այլընտրանք աւանդական ռէակտորներին։ Այնուամենանիւ, որոշ փորձագէտների կողմից առաւել խոր հետազօտութիւնը լիովին այլ պատկեր է ներկայացնում՝ լի տնտեսական, անվտանգային եւ գործնական մարտահրաւէրներով։

Տնտեսական մարտահրաւէրներ

ՓՄՄՌ-ների դէմ առաջնային փաստարկներից մէկը կապուած է դրանց ծախսարդիւնաւետութեան հետ: Յետազոտութիւնները ցոյց են տալիս, որ աւելի մեծ ռէակտորները, ընդհանուր առմամբ, նուազ ծախսատար են էլեկտրաէներգիայ արտադրելու ժամանակ, քան դրանց փոքր այլընտրանքները: Օրինակ՝ ներկայումս արդէն չգործող «NuScale» նախագիծը, ըստ որի՝ նախատեսւում էր Այդահոյ նահանգում կառուցել 460 մէգաւատտ հզօրութեամբ վեց միաւոր ՓՄՄՌ, գնահատւում էր աւելի քան 20,000 ԱՄՆ դոլար մէկ կիլօվատտի համար: Այս ցուցանիշը զգալիօրէն գերազանցում է «Vogtle» խոշոր ռէակտորի նախագծին, որը կազմում է մօտաւորապէս 15,000 ԱՄՆ դոլար մէկ կիլօվատտի համար՝ շատ աւելի էժան, քան փոքր ռէակտորի այդ նախագծի պարագայում:

Ենթադրւում է նաեւ, որ էլեկտրաէներգիայի աւելի քիչ ծաւալների արտադրութիւնը կը բերի աւելի քիչ եկամուտ, իսկ շինարարութեան ծախսէրը շատ աւելի թանկ կարժենան : Ոչ շայաւէտ լինելու պատճառով ՓՄՄՌ-ները փակւում են նախքան դրանք գործարկուելը եւ չէն կարող մտնել կոմերցիոն փուլ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում կառուցման փուլում գտնուող մօտ 80 նախաձեռնութիւններից գրեթէ բոլորը դեռ նախագծման փուլում են գտնւում :

Անվտանգային մարտահրաւէրներ

Անվտանգութեան հարցը միջուկային ռէակտորի նախագծման հիմնաքարն է, եւ ՓՄՄՌ-ները յաճախ ներկայացւում են որպէս աւելի անվտանգ եւ ապահով այլընտրանք խոշոր ռէակտորներին։ Այնուամենանիւ, այս պասիւ անվտանգային յատկանիշները կարող են չգործել այնպէս, ինչպէս ակնկալւում է այնպիսի աղէտների ժամանակ, ինչպիսիք են խոշոր երկրաշարժերը, ջրհեղեղները կամ անտառային հրդեհները: Թեեւ ՓՄՄՌ-ների նախագծերն առաջ մղելու նպատակն է բարձրացնել անվտանգութեան մակարդակը, իրական կեանքում պասիւ անվտանգութեան համակարգերի արդիւնաւետութիւնը մնում է անորոշ: Ի լրումն անվտանգութեան հնարաւոր մտահոգութիւնների՝ ՓՄՄՌ-ներն առաւել անվտանգ չէն աւանդական մեծ ռէակտորների համեմատ: Դրանց փոքր չափը չի նշանակում բնական կամ մարդածին աղէտների դէմ ուժեղացուած դիմադրողականութիւն, ինչը նրանց խոցելի է դարձնում նոյն մարտահրաւէրների նկատմամբ, որոնք ազդում են աւելի մեծ օբյեկտների վրայ:

Ռադիոակտիւ թափոնների հետ կապուած
մարտահրաւէրներ

ՓՄՄՌ-ների օգտին տարածուած միւս փաստարկը ռադիօակտիւ թափոնների նուազեցումն է: Այնուամենանիւ, ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ ՓՄՄՌ-ները կարող են մեծացնել միջուկային թափոնների ծաւալը՝ համեմատած աւելի մեծ ռէակտորների հետ: ՓՄՄՌ-ներն արտադրում են նոյն քանակութեամբ ռադիօակտիւ իզոտոպներ՝ գեներացուած ջերմութեան մէկ միաւորի համար, ինչպէս իրենց աւելի մեծ տարբերակները, եւ որոշ նախագծեր նոյնիսկ կարող են վատթարացնել թափոնների կառավարման մարտահրաւէրները :

ԱՄՆ մէկ այլ փորձագէտ՝ Լինդսի Կրալը, որը Սթենֆորդի համալսարանի միջազգային անվտանգութեան եւ համագործակցութեան կենտրոնի նախկին ղեկավար Մակարթուրի հետդոկտորանտն է, իր հետազօտութեան մէջ ցոյց է տալիս, որ ՓՄՄՌ-ի նախագծերի մեծ մասը կարող է յանգեցնել միջուկային թափոնների աւելի մեծ ծաւալի: Այս բացայայտումը հակասում է այն պնդումներին, որ ՓՄՄՌ-ները զգալի օգուտներ կը բերէն թափոնների կրճատման առումով: Թափոնների հեռացումը շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ անկախ ռէակտորի չափից :

Վառելիքի արդիւնաւետութեան եւ ռեսուրսների
օգտագործման մարտահրաւէրներ

ՓՄՄՌ-ները քննադատութեան են ենթարկւում նաեւ վառելիքի օգտագործման արդիւնաւետութեան տեսանկիւնից: Միջուկային տրոհման համար ուրանի անհրաժեշտ քանակը գրեթէ նոյնն է՝ ինչպէս մեծ, այնպէս էլ փոքր ռէակտորների դէպքում, ինչը նշանակում է, որ ՓՄՄՌ-ներն առաւել արդիւնաւետ չէն վառելիքի օգտագործման առումով, քան մեծ ռէակտորները:
Որոշ ՓՄՄՌ նմուշներ օգտագործում են «բարձր գնահատման ցածր հարստացուած ուրան» (HALEU), որը պարունակում է «ուրան-235» իզոտոպի աւելի բարձր կոնցենտրացիաներ, քան սովորական թեթեւ ջրային ռէակտորի վառելիքը: Թեեւ դա նուազեցնում է ռէակտորի համար անհրաժեշտ վառելիքի ընդհանուր զանգուածը, դա չի նշանակում, որ այն օգտագործում է աւելի քիչ ուրան եւ յանգեցնում է աւելի քիչ թափոնների առաջացմանը. իրականում աւելի հաւանական է ճիշտ հակառակը :

Չնայած այս մարտահրաւէրներին, ՓՄՄՌ-ների կողմնակիցները պնդում են, որ երբ մեկնարկային ծրագրերն իրականացուէն եւ ծախսէրն աւելի լաւ կառավարուէն, այդ ռէակտորները կարող են դառնալ էներգէտիկ ոլորտի յուսալի եւ արժէքաւոր մասը: Էրիկ Կարը՝ «Dominion Energy»-ի միջուկային օպերացիաների նախագահը, կիսում է այս լաւատեսութիւնը՝ կարծելով, որ վաղ ՓՄՄՌ նախագծերի յաջողութիւնը կարող է ճանապարհ հարթել դրանց աւելի լայն ընդունման համար: Ըստ նրա՝ «Ոչ ոք չի ցանկանում լինել առաջինը, բայց ինչ-որ մէկը պէտք է լինի… Յենց որ սկսի գործել, այն էներգիայի հիանալի, յուսալի աղբիւր կը դառնայ ողջ մոլորակի համար»:

Այնուամենանիւ, փորձագէտները շարունակում են զգուշաւոր լինել: Քանի որ ՓՄՄՌ-ների հարցը դեռեւս մնում է բարձր ծախսատարութեան, երկարատեւ շինարարական աշխատանքների, անվտանգութեան եւ թափոնների կառավարման չլուծուած խնդիրների առջեւ, նրանց դերը հանածոյ վառելիքից անցում կատարելու հարցում, յաջորդ տասնամեակում դեռեւս մնում է անորոշ: Կարեւորագոյն կոնսենսուսն այն է, որ չնայած ՓՄՄՌ-ներն ունեն ներուժ, զգալի խոչընդոտները պէտք է յաղթահարուէն նախքան դրանց խոստացուած առաւելութիւններին հասնելը:

ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների կառուցման նախագծերը

ԱՄՆ-ում առաւել թարմ գործարկուած խոշոր միջուկային ռէակտորները «Vogtle 3» եւ «Vogtle 4»-ն են։ Ակնկալւում էր, որ ռէակտորները կը գործարկուեն 2016 թ., սակայն «Vogtle 3»-ի գործարկումը ձգձգուեց մինչեւ 2023 թ. յուլիս, իսկ «Vogtle 4»-ինը՝ 2024 թ.։ Երկուսի կառուցման վրայ ծախսուել է շուրջ 34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս պատկերը ցոյց է տալիս, որ ԱՄՆ-ում կտրուկ նուազել է նոր կառուցուող ատոմակայանների թիւը։ Եթէ 1950-ականներին կառուցուել է մօտ 130 կայան, ապա 1990-ականներից մինչեւ օրս գործարկուել է մէկ տասնեակից էլ քիչը։ ՓՄՄՌ-ները նոր եւ այժմ մեծ քննարկման առարկայ դարձած տեխնոլոգիայ են, եւ այնուամենայնիւ, ԱՄՆ-ում դեռեւս չկայ գործարկման կամ կառուցման փուլում գտնուող անգամ մէկ ՓՄՄՌ։ Այդ իսկ պատճառով շատ դժուար է յստակ պատկերացում կազմել իրական եւ վերջնական արժէքի եւ կառուցման ժամկէտների մասին :

Այժմ ՓՄՄՌ-ների մասին շատ են քննարկումները նաեւ այն պատճառով, որ աւանդական ռէակտորների կառուցման ծրագրերը ձախողւում են։ Օրինակ՝ վերոյիշեալ «Vogtle 3» եւ «Vogtle 4» ռէակտորների կառուցման համար նախապէս հաշուարկուած գումարը 14-15.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր, վերջում այդ թիւն աւելի քան կրկնապատկուեց՝ հասնելով 34 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների նախագծերի դիտարկման համար կարելի է անդրադառնալ երկու ծրագրի «NuScale Power» եւ «Generation mPower»։ Յենց այս երկու նախաձեռնութիւններն ընտրուել էին ԱՄՆ էներգետիկայի դէպարտամենտի կողմից՝ ստանալու համար մինչեւ 452 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցութիւն՝ սուբսիդաւորելու «ինժեներական, նախագծման, հաւաստագրման եւ լիցենզաւորման ծախսէրը»:
«NuScale Power»-ին յաջողուել էր ստանալ շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնութիւն ԱՄՆ կառավարութիւնից, որից 1.4 միլիոնը՝ սուբսիդիայ ԱՄՆ էներգետիկայի դէպարտամենտի կողմից, եւ 30 ԱՄՆ դոլար մէկ մէգաւատտ/ժամի համար Գնաճի կրճատման ակտի շրջանակներում։ Եւ չնայած կառավարութեան զգալի ներգրաւմանը՝ սուբսիդաւորման տեսքով, այդուհանդերձ, չյաջողուեց ապահովել բաւարար ֆինանսաւորում ծրագրի իրականացման համար։

Վերջին հաշուարկները ծրագրի համար բաւական բարձր էին՝ 9.3 միլիարդ ԱՄՆ դոլար 462 մէգաւատտ ատոմակայանի համար, որը կ’ունենար 6 հատ 77 մէգաւատտ հզօրութեան ռէակտորներ։ Արդիւնքում մէկ կիլօվատտի արժէքը կազմելու էր 20,100 ԱՄՆ դոլար եւ 89 ԱՄՆ դոլար մէկ մէգաւատտ/ժամի համար՝ հաշուի առնելով կառավարութեան սուբսիդաւորումը։ Առանց դրա արժէքը կը հասներ 129 ԱՄՆ դոլարի։ Ընկերութիւնը դեռ յոյս ունի կառուցել ՓՄՄՌ-ներ, բայց, ըստ շատերի բնորոշման, ընկերութիւնը պարզապէս «գումար է քամուն տալիս» :

«Generation mPower» նախաձեռնութիւնը ՓՄՄՌ-ների ոլորտում մէկ այլ նշանակալի ծրագիր էր, որով նախատեսւում էր կառուցել 195 ՄՎտ ճնշմամբ թեթեւ ջրի ռէակտոր։ 2012 թուականին ԱՄՆ էներգետիկայի դէպարտամենտը յայտարարեց նախագծին իր աջակցութեան մասին՝ հնգամեայ ծախսէրի բաշխման համաձայնագրի միջոցով՝ խոստանալով մինչեւ 226 միլիոն ԱՄՆ դոլար, որից 111 միլիոնը յատկացուեց:

Այնուամենանիւ, չնայած այս աջակցութեանը, ընկերութիւնը պայքարում էր լրացուցիչ ներդրողներ ներգրաւելու կամ հիմնական ինժեներական եւ շինարարական պայմանագրեր ապահովելու համար:

Մինչեւ 2013 թուականը ընկերութիւնը ձգտում էր վաճառել ձեռնարկութեան բաժնետոմսերի մեծ մասը, բայց գնորդներ չգտնուեցին: 2014 թ. ֆինանսական մարտահրաւէրները շարունակուեցին, ինչը ստիպեց ընկերութեանը կրճատել իր ներդրումները «mPower»-ում՝ տարեկան հասցնելով մինչեւ 15 միլիոն ԱՄՆ դոլարի: 2017 թ. «mPower» նախագիծը պաշտօնապէս դադարեցուեց: Համատեղ վենչուրային ընկերութիւնները ծրագրի վրայ ծախսել են աւելի քան 375 միլիոն ԱՄՆ դոլար՝ ի լրումն ԱՄՆ Էներգէտիկայի դէպարտամենտի 111 միլիոն դոլարի ներդրման, ինչը նշանակալի ներդրում է, սակայն չի աւարտուել գործող ռէակտորների ստեղծմամբ ։

2024 թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետը հաստատեց, թէ ռազմավարական որոշում է կայացուել, որ Հայաստանը պէտք է ունենայ ՓՄՄՌ։ Վարչապետն իր խօսքում նշեց, որ Հայաստանը մի քանի առաջարկներ է ստացել տարբեր երկրներից ։ Բայց, ըստ երեւոյթին, Հայաստանի իշխանութիւններն առաւել հակուած են այս հարցում համագործակցելու ԱՄՆ-ի հետ՝ հիմնականում հիմնուելով աշխարհաքաղաքական նկատառումների վրայ: Սա կարող է լինել Արեւմուտքի հետ աւելի սերտ յարաբերութիւններ կառուցելու եւ էներգէտիկ ոլորտը դիւերսիֆիկացնելու միջոց՝ այդպիսով նուազեցնելով Հայաստանի էներգէտիկ կախուածութիւնը Ռուսաստանից։ Միւս կողմից, ԱՄՆ-ում փոխուել է վարչակազմ, որի հետ Հայաստանի յետագայ համագործակցութեան հարցը դեռ յստակ չէ՝ հաշուի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւններն առաւել լաւ յարաբերութիւններ կարողացել են նախկինում հաստատել միայն ԱՄՆ Դեմոկրատական վարչակազմի հետ, իսկ ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները Թրամփի նախկին նախագահութեան տարիներին չէն առանձնացել յատուկ ակտիւութեամբ ու ԱՄՆ Հանրապետական կուսակցութեան հետ սերտ կապերով։ Ուստի, ՓՄՄՌ-ների առումով ՀՀ-ԱՄՆ համագործակցութիւնը նաեւ մեծապէս կախուած է լինելու նրանից, թէ ինչքանով ՀՀ այսօրուայ իշխանութիւնները կը կարողանան արդիւնաւետ աշխատել նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմի հետ։
Այնուամենանիւ, կարեւոր է նաեւ ընդգծել, որ ԱՄՆ-ն առաջինը չէր, որը Հայաստանին առաջարկել է կառուցել ՓՄՄՌ: Նման առաջարկ էր արել նաեւ Ռուսաստանը, սակայն հայ փորձագէտները հետազօտութիւնների արդիւնքում յանգել էին այն եզրակացութեան, որ Հայաստանը պէտք է ձեռնպահ մնա Մեծամորի ատոմակայանի փոխարէն ՓՄՄՌ կառուցելուց, քանի որ Հայաստանին հզօր ատոմակայան է անհրաժեշտ։ Այսօր Մեծամորի ատոմակայանը նաեւ «վահան է Հայաստանի համար», քանի որ ոչ մի պետութիւն, այդ թւում՝ Ադրբեջանը, պատրաստ չէ յարձակուել Հայաստանի վրայ։

Պատահական չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ գումարներ են ծախսում՝ փորձելով աւելի շուտ փակել Մեծամորի ԱԷԿ-ը, քան այդ մասին յայտարարւում է։ Հզօր էլեկտրակայան ունենալը Հայաստանի համար աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի՝ որպէս ագրեսիայի զսպող մեխանիզմ։ Սակայն Հայաստանի վարչապետի ելոյթից ակնյայտ է դառնում, որ Հայաստանի որոշումը՝ կառուցելու ՓՄՄՌ-ը, նշանակում է բաւարարել Մեծամորի ատոմակայանը փակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Նրա խօսքով, նոր ՓՄՄՌ-ը պէտք է «շրջակայ երկրների համար որեւէ կերպ չգնահատուի որպէս սպառնալիք» (ակնյայտօրէն նկատի ունենալով Ադրբեջանին եւ Թուրքիային) ։ Այս առումով, սակայն, առաջնահերթութիւնը պէտք է լինի Հայաստանի անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը, այլ ոչ թէ մրցակից ու ոչ բարեկամ երկրների պահանջները։

Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոն

Դրօշակ թիւ 3, 2025-թ

Share