«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնութիւնը տարածել է յայտարարութիւն, որում, մասնաւորապէս ասւում է․
««Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնութիւնն ուշի ուշով հետեւում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնյայտօրէն վերջին շրջանում ակտիւացել են:
Տարբեր հարթակների ձեւաւորումը ողջունելի է մէզ համար, միեւնոյն ժամանակ պէտք է հաշուի առնել բոլոր ռիսկերն ու մարտահրաւէրները, որոնք կարող են շեղել հիմնական նպատակից, այն է արցախցիների Արցախ վերադարձից։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնութիւնը հանրայնացրել է Արցախի հիմնախնդրի առկայ փուլի հետ կապուած իր սկզբունքային մօտեցումներն ու դիրքորոշումը: Դրանք անշեղօրէն կապուած են քաղաքական ինքնութեան հետ: Մեզ համար անընդունելի է ցանկացած գործողութիւն, որը կշրջանցի արցախցիների անյատական եւ հաւաքական իրաւունքները:
— Ցանկացած ծրագիր սոցիալական, թէ մէկ այլ նշանակութեան, պէտք է ներառի այն կարեւոր ուղենիշները, որոնք առնչւում են արցախցիների Հայրենիք վերադարձի ընդունելի եւ իրատեսական հնարաւորութիւններին: Դրա խրախուսման գործիքակազմը պէտք է ներդաշնակուի արժանապատիւ ու անվտանգ ճանապարհով իրագործմանը: Մեզ համար առաջնահերթը հայրենադարձութիւնն է: Ժամանակաւոր ու երկարաժամկէտ ռազմավարական նախագծերը պէտք է բխէն այդ համատեքստից: Այն ամենն, ինչ կը հակասի այդ առանցքին, մէզ համար անընդունելի է, լինէն դրանք ֆինանսական օժանդակութեան փաթեթներ 3, 5 կամ թեկուզ 20 մլն. դրամ արժողութեան:
— Բռնի տեղահանուած արցախցիների կենցաղային ու սոցիալական խնդիրների շուրջ հարցերի լուծումը ՀՀ իշխանութունների կողմից որոշումներով հաստատելու կամ դիսկուրսի սադրանքով դրանք հանրային քննարկման դաշտ տեղափոխելու մարտավարութիւնը մէզ համար անհասկանալի է, մանաւանդ , երբ բացակայում են դրան զուգահեռ համապատասխան քաղաքական գործընթացն ու Արցախի Հանրապետութեան պետական մարմինների հետ գործակցութիւնը: Մեզ համար սուբյեկտը պետական օղակներն են եւ ոչ թէ անձերը նրանց նկատմամբ իւրատիպ վերաբերմունքով: Ժողովրդի վրայ փորձարկումներով միջանկեալ լուծումների կիրառումն անընդունելի է:
— Պետք է դուրս գալ այն մտայնութիւնից, թէ Արցախին առնչուող հարցերը սկսւում եւ աւարտւում են սոցիալական բաղադրիչով: Օրակարգում պահելով միայն այդ ուղղութիւնն, ակնյայտօրէն արժեզրկւում են բոլոր միւս կարեւորագոյն թեմաները՝ ներառեալ Հայրենիք ու ապագայ:
— Մեզ համար անբեկանելի է միասնութեան գաղափարը: Անգամ սոցիալական ծրագրերի նախաձեռնութիւններում կարեւորում ենք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ներուժի համախմբումը, ինչն արժանապատիւ հանգրուանի հասցնելու տեսանկիւնից բացայայտ անհրաժեշտութիւն է»