Պետք է վառ պահէնք մեր յիշողութիւնն եւ երազանքը` Արցախն ու Արեւմտեան Հայաստանը վերադարձնելու համար

Պետք է վառ պահէնք մեր յիշողութիւնն եւ երազանքը` Արցախն ու Արեւմտեան Հայաստանը վերադարձնելու համար

Յարութ Սասունեան
«Կալիֆորնիայ կուրիեր» թերթի հրատարակիչ




Բանաւէճ է ընթանում Արցախը պայքարելով վերադարձնել ցանկացողների եւ նրանց միջեւ, որոնք համարում են, որ Արցախը յաւէրժ կորսուած է եւ պէտք է մոռանալ նրա մասին։ Այս վերջին ամօթալի դիրքորոշումն առաջ է քաշում գործող վարչակարգը, որը պատասխանատու է Արցախի կորստի համար, իսկ այժմ ամէն ինչ անում է նրա յիշատակը թաղելու համար։ 
Կցանկանայի ընթերցողների հետ կիսուել Արեւմտեան Հայաստանի վերադարձի վերաբերեալ իմ տասնամեակների տեսակէտը եւ Արցախի համար անհրաժեշտ գործողութիւնների հետ դրա համընկնումների մասին։ 

Հայոց ցեղասպանութեան եւ Արեւմտեան Հայաստանի մասին ամբողջ աշխարհում իմ տուած իւրաքանչիւր դասախօսութիւնից յետոյ, ներկաներից ոմանք անմիջապէս հարցնում են՝ ի՞նչ իմաստ ունի հետամուտ լինել նման անյոյս գործի, յատկապէս, որ մեր պատմական հողերը գրաւուած են թուրքական հզօր բանակի կողմից:
Իմ պատասխանն է՝ ամենավատ բանը, որ հայերը հիմա կարող են անել՝ Արեւմտեան Հայաստանի մասին մոռանալն է։ Սա մեր հայկական տարածքները ընդմիշտ կորցնելու ամենաուղիղ ճանապարհն է։
Այժմ, հնարաւոր ամէն ինչ անելուց բացի, հայերը պէտք է յաջորդ սերնդին փոխանցէն Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի վերաբերեալ մեր պահանջները՝ երազանքը վառ պահելու նպատակով։ Եթէ մենք դա չանենք, մեր ապագայ սերունդները, ոչինչ չիմանալով մեր պատմական հողերի մասին, գաղափար չէն ունենայ, որ դրանք մէզ են պատկանում։ Հետեւաբար, եթէ նոյնիսկ մի օր փոխուի աշխարյառազմավարական իրավիճակը եւ հնարաւորութիւն ընձեռուի վերադարձնելու մեր կորցրած հողերը, մեր ապագայ սերունդները որեւէ հետաքրքրութիւն չէն ցուցաբերի դրանց նկատմամբ։
Յիշէ՛ք, որ աւելի քան 2000 տարի հրէայ ժողովուրդը կորցրել էր իր հայրենիքը եւ ցրուել աշխարհով մէկ: Հրեաների յաջորդող սերունդներն իրենց հայրենիքի մասին գիտելիքները փոխանցում էին իրենց զաւակներին: Աւելի քան 2000 տարի ծնողները Երուսաղեմի եւ Իսրայելի մասին յիշողութիւնը փոխանցում էին իրենց երեխաներին, իսկ նրանք իրենց հերթին՝ իրենց երեխաներին եւ այդպէս սերնդեսերունդ։ Նրանք չմոռացան իրենց արմատներն ու պատմութիւնը՝ վտարանդի ապրելով Ռուսաստանում, Եւրոպայում եւ այլ երկրներում։ Նրանք բազմիցս ասել են իրենց երեխաներին ու թոռներին՝ «Յաջորդ տարի Երուսաղեմում․․․»։ Երկու հազար տարի անց, երբ հնարաւորութիւն ստեղծուեց վերադարձնելու իրենց հողերը, նրանք օգտուեցին դրանից եւ իրականացրեցին իրենց վաղեմի երազանքը։ Նման իրավիճակում են նաեւ պաղեստինցիները, որոնք բռնի տեղահանուած եեւ եւ շարունակում են տեղահանուել իրենց հողերից։ Նրանք նոյնպէս պայքարում են իրենց երազանքը վառ պահելու համար եւ հռչակում են իրենց նախնիների տները վերադառնալու իրաւունքը։
Եթէ հրէայ ժողովուրդը կարող է 2000 տարի պահել հայրենիք վերադառնալու իր երազանքը, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող վառ պահել իր երազանքը՝ մի օր վերադառնալու Արցախ եւ Արեւմտեան Հայաստան: Հայերը պէտք է իրենց երեխաներին ու թոռներին ասէն՝ «Յաջորդ տարի Շուշիում» եւ «Յաջորդ տարի Վանում»։
Հարցն այն է, թէ ինչպէս կարող են հայերը մի օր վերադառնալ իրենց հողերը, եթէ Արցախն ու Արեւմտեան Հայաստանը գրաւուած են հզօր թշնամիների կողմից: Մենք չպէտք է մոռանանք, որ ոչինչ յաւէրժ չէ։ Աշխարհում չկայ մի երկիր, որը պատմութեան սկզբից ի վեր ունեցել է նոյն սահմանները։ Տարիների ընթացքում որոշ երկրներ ընդլայնել են իրենց սահմանները, իսկ ուրիշները՝ կորցրել իրենց տարածքները։ Որոշ երկրներ դարձել են մեծ կայսրութիւններ, իսկ միւսներն անյետացել են աշխարհի երեսից։ Բայց մի բան պարզ է. ոչ ոք չի կարող պնդել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի այսօրուայ սահմանները յաւէրժ կը մնան նոյնը։ Ընդամէնը 100 տարի առաջ հսկայական եւ հզօր Օսմանեան կայսրութիւնը վերածուեց շատ աւելի փոքր տարածքով Թուրքիայի Հանրապետութեան: Թեեւ հնարաւոր չէ կանխատեսել, թէ կոնկրէտ երբ կփոխուէն Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները, դրանք, անշուշտ, նոյնը չէն մնալու։ Ինչպե՞ս են տեղի ունենալու այդ փոփոխութիւնները։ Կան մի քանի սցենարներ, ինչպիսիք են տարածաշրջանային պատերազմները, նոյնիսկ համաշխարհային պատերազմը, քաղաքացիական պատերազմը եւ միջուկային կամ այլ տեսակի աղէտները: Այսպիսի իրադարձութիւններ տեղի են ունեցել անցեալում եւ անշուշտ թէ տեղի կ’ունենան ապագայում։
Երբ տեղում հողային փոփոխութիւններ տեղի ունենան, արդյօք հայ ժողովրդի ապագայ սերունդները կիմանա՞ն եւ կը յիշե՞ն, որ Արցախն ու Արեւմտեան Հայաստանը իրենց պատմական հայրենիքի մի մասն են, թե՞ անտեղեակ կը լինէն, քանի երբեք չէն լսել Շուշիի եւ Վանի մասին: Եթէ նրանք զրկուեն այդ գիտելիքներից, երբ ապագայում հնարաւորութիւններ ստեղծուէն, նոյնիսկ եթէ անհաւանական բարեացակամ մի ադրբեջանցի կամ թուրք ղեկավար վերադարձնի այդ հողերը մեր թոռներին, նրանք չէն հետաքրքրուի դրանցով, քանի որ երբեք չէն իմացել դրանց մասին։
Եզրափակելով, խորհուրդ կտամ միշտ վառ պահել երազանքը: Մինչ թշնամիների գործողութիւնների պատճառով մենք զրկուած ենք մեր հողերից, մէզանից է կախուած յիշողութիւնը չկորցնելու եւ երազելու, որ մի օր մեր հայրենի հողերը վերադառնալու մասին։ Եկէ՛ք մեր պահանջները փոխանցենք գալիք սերունդներին։ Թշնամին խլել է մեր հողերը, բայց նա չի խլել եւ չի կարող խլել մեր յիշողութիւնը։ Մոռանալով մեր պատմական հողերի մասին՝ մենք ինքներս օգնելու ենք մեր թշնամիներին վերջին քարը դնել մեր դատի գերեզմանին․․․

Թարգմանութիւնը՝ Ռուզաննայ Աւագեանի

Share