Յոյս ունենք՝ բանաձեւին նոր սենատորներ կը միանան․ Եղիսաբեթ Չուլջեան

Յոյս ունենք՝ բանաձեւին նոր սենատորներ կը միանան․ Եղիսաբեթ Չուլջեան

Ադրբեջանը շարունակաբար Արցախի ժողովրդին ենթարկել է ցեղասպանութեան, եւ այսօր էլ շարունակում է ճնշել Հայաստանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը:

«ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին եւ Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձեւ։ Ներկայումս բանաձեւին միացել է 9 սենատոր, հաւատում ենք, որ յաջորդ օրերին այդ թիւը կաւելանայ։ Այս բանաձեւը հիմքում Ամերիկայի արտաքին օժանդակութեան օրէնքն է, որը յստակեցնում է, թէ ինչ հիմքերով պէտք է ԱՄՆ կառավարութիւնն արտաքին օժանդակութիւն տրամադրի։ Այդ օրէնքի 502B(c) բաժինը նշում է, որ ԱՄՆ-ն չպէտք է ռազմական օժանդակութիւն ուղարկի այնպիսի երկրի, որը շարունակապէս խախտում եւ ոտնահարում է մարդու իրաւունքները։ Ադրբեջանի կառավարութիւնը հէնց այդ քաղաքականութեամբ առաջնորդուող կառավարութիւն է։ Ադրբեջանը շարունակաբար Արցախի ժողովրդին ենթարկել է ցեղասպանութեան, եւ այսօր էլ շարունակում է ճնշել Հայաստանին։

Սենատորներն այս բանաձեւի միջոցով պահանջում են, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարարութիւնը 30 օրուայ մէջ ներկայացնի տեղեկագիր ընդհանուր Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտման գծով, եւ այն իր մէջ ընդգրկի արցախցիների ցեղասպանութիւնը։ Եթէ նշուած ժամանակահատուածում չներկայացուի տեղեկագիրը, ԱՄՆ-ն պէտք է կանխի իւրաքանչիւր ռազմական օժանդակութիւն դէպի Ադրբեջան, մինչեւ տեղեկագիրը ներկայացուի։ Այդ տեղեկագրի հիման վրայ պէտք է ներկայացուի մէկ այլ բանաձեւ, որտեղ կնշուի՝ ԱՄՆ կառավարութիւնը պէտք է ընդհանրապէս արգելի դէպի Ադրբեջան ռազմական աջակցութիւնը»,- նշեց Չուլջեանը։

Նրա խօսքով՝ Արցախի ժողովրդին ցեղասպանութեան ենթարկելու եւ այսօր էլ հայ ժողովրդին ճնշելու Ադրբեջանի քայլերը Բայդէնը չի դատապարտել մէկ պատճառով, եւ դա վախկոտութիւնն է։

«Հայ դատի յանձնախումբը ԱՄՆ-ում յատուկ աշխատանք է տանում, որ զօրակցողների թիւը աւելանայ եւ այս բանաձեւը Սենատում քննարկուի։ Բաքւում ԱՄՆ-ի դեսպատատունը ընտրութիւններից անմիջապէս յետոյ յայտարարութիւն տարածեց՝ ասելով, որ կիսում են դիտորդական առաքելութեան դիտարկումներն ու մտահոգութիւնները, որ ընտրութիւնները տեղի են ունեցել իրական մրցակցութեան բացակայութեամբ։ Բայց սա բաւարար չէ, նախագահ Բայդէնը, տեսնելով, որ արցախցիների նկատմամբ ցեղասպանութիւն է տեղի ունեցել, տեսնելով, որ Ադրբեջանը իր բանակին չի հանում հայկական տարածքից, եւ Ալիեւը շարունակում է իր ագրեսիան Հայաստանի դէմ, որեւէ դատապարտող կոչ չի արել։ Թեեւ դեսպանատունը յայտարարութիւն տարածեց, բայց մէկ է, դա բաւարար չէ։ Բայդենի լռութիւնը զուտ վախկոտութիւն է եւ վերջ»,- եզրափակեց Չուլջեանը։

Հարցազրոյցը ամբողջութեամբ լսել այստեղ՝

https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/13215845/Chuljyan-tell.mp4

Share