Այսօր Արցախում մեր հերոսական ժողովուրդը աննախադէպ դիմադրութիւն է ցոյց տալիս։ Նրանք իրենց սեւած երեխային գրկած մերժում են թշնամու առաջարկած սնունդը, յայտարարելով՝ այս պայքարը ինքնորոշման ու արժանապատուութեան պայքար է։ Այս մասին Ազատութեան հրապարակում, ի պաշտպանութիւն Արցախի կազմակերպուած հանրահաւաքի ընթացքում յայտարարեց Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
«Այս հանրահաւաքը սովորական եւ հերթական հանրահաւաք չէ, ունի առաքելութիւն։ Այսօր հայ ժողովուրդը աշխարհիի տարբեր կողմերում միջազգային հանրութեանը, մեր բարեկամ, դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ յստակ եւ ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանութիւնների մէջտեղ բերած յանձնուելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը եւ պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար»,- շեշտեց Իշխան Սաղաթելեանը։
Նրա խօսքով՝ հայ ժողովրդի համազգային ձայնը շատ կարեւոր է մեր յետագայ քայլերի եւ գործողութիւնների համար։
«Սա միայն արցախցու պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է»,-ասաց Իշխան Սաղաթելեանը՝ զօրակցութիւն յայտելով ողջ արցախահայութեանը։
Մենք զիջելու ոչինչ չունենք, ստանալու բան ունենք, ասաց Սաղաթելեանը, արձանագրելով, որ թշնամին մեր ինքնիշխան տարածքում է։
Իշխան Սաղաթելեանը նաեւ անդրադարձաւ Շառլ Միշելի երեկուայ յայտարարութեանը:
«Շառլ Միշելը ասում է, եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը, վկայակոչելով նաեւ երեկուայ Ադրբեջանի կողմից էսկալացիան կամ ագրեսիան:
Պարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, ստանալու բան ունենք, թշնամին գտնւում է Հայաստանի ինքնիշխան տարածքում հետեւաբար հայ ժողովուրդը այլեւս զիջելու բան չունի»,- ասել է նա:
Սաղաթելեանը նշեց, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի անուէրապահ աջակցութիւնը Հայաստանում ազգային իշխանութիւն ձեւաւորելու համար:
«Պետք է Երեւանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անյաղթահարելի ուժը: Մեր բոլոր քայլերը եւ գործողութիւնները ուղղուած է լինելու դրան: Ես մի բան կարող եմ ասել, ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիւ քննարկումներ, ասում եմ մէկ բան, մեր յաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու»,- ասաց նա: