Արման Աբովեան. Մեզ բերել են մի պայքարի դաշտ, որտեղ ստամքոսը պայքարում է բանականութեան հետ

Արման Աբովեան. Մեզ բերել են մի պայքարի դաշտ, որտեղ ստամքոսը պայքարում է բանականութեան հետ

«Հայ հասարակութեանը պառակտելը, հասարակութեան մէջ ատելութիւն սերմանելը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, որը շարունակւում է մինչ այսօր»,-յայտարարեց ԱԺ նախկին պատգամաւոր, ԲՀԿ-ական գործիչ Արման Աբովեանը, որը մասնակցում էր «Ի՞նչ է սպասւում եւ ի՞նչ անել առաջիկայում» թեմայով քննարկմանը։

Նրա խօսքով, այլ տարբերակ չկայ, քան հանրային, համազգային համերաշխութեան տեսլականի պրակտիկ իրագործումը։

«Համերաշխութիւն չի նշանակում հնազանդում, դրա մասին չէ խօսքը։ Տեսնում եմ, որ փորձում են շահարկել ու  ներկայացնել որպէս հնազանդութիւն։ Պետք է ձեւաւորուի հանրային կոնսենսուս օրինակ հարցի շուրջ, որ մենք չպէտք է գնանք կոտորուենք, թուրքի փայ դառնանք»,-ասաց նախկին պատգամաւորը։

Նա այս առումով ցիտեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանի՝ վերջին հարցազրոյցում հնչեցրած միտքը։

«Եթէ մենք չենք վերադառնում համերաշխութեան համազգային կոնսենսուսի, օրինակ, մենք համերաշխ ենք այն մտքի հետ, որ Հայաստանը պէտք է լինի, մենք չպէտք է կոտորուենք, չպէտք է իրար մէջ կիսենք ղարաբաղցի, գիւմրեցի, հայաստանցի… Այն մարդկանց, որոնք նման շատ են սիրում նման ձեւով կիսել ազգը, պատրաստ եմ իմ աշխատավարձից գումար տրամադրել ու գենետիկ փորձաքննութեան ենթարկել։ Սա պոպուլիստական յայտարարութիւն չէ, կատակ չէ։ Սա թուրքի պրոյեկտ է, հիմա էլ սկսել են կիսել գորիսեցի, սիւնեցի… վիժուածքածին թեզեր են, հակահայ»,-ասաց նա։

Աբովեանի խօսքով, Հայաստանում քաղաքականութիւնն աւարտուել է 2020-ի նոյեմբերի 10-ին։

«Կամ ողջ ենք մնում, կամ՝ ոչ։ Մեզ բոլորիս խաղալիքի պէս խաղացնում են։  Գոյութիւն չունի խաղաղ պայմանագիր, չկայ նման բան։ Կայ պրոցես, որ այս իշխանութիւնը բանակցում է  արտաքին ուժերի հետ, խօսքը մասնաւորապէս Թուրքիայ-Ադրբեջանի մասին է՝ փորձելով ստանալ որոշակի լուծումներ՝ իր իշխանութիւնը պահպանելու համար Հայաստանի անվտանգութեան, տարածքների, ինքնիշխանութեան հաշուին։ Մեզ բերել են մի պայքարի դաշտ, որտեղ ստամքոսը պայքարում է բանականութեան հետ։ Սա էլ մենք պէտք է ընդունենք։ Ժողւու’րդ, լկտիաբար խաբում են, խաղաղութեան բանալին նրա ձեռքում է, ով պատրաստ չէ դառնալ թուրքի փայ»,-ասաց Աբովեանը։
 

Աղբիւր` Panorama.am

Share