«Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը երէկ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին։ Մենք մեր գործողութիւնների ծրագիրը վաղուց ենք ներկայացրել եւ նոյն թեմաներով էլ նախագահի հետ զրոյց ենք ունեցել։Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց շարժման խորհրդի անդամ Արա Պուլուզեանը։
«Մենք մեր տեսակէտն ենք յայտնել ադրբեջանական անցակէտի վերաբերեալ, ասել ենք, որ այն մէզ համար անընդունելի է։ Իրականում, երեկուայ հանդիպումից յետոյ երկու կողմն էլ իր տեսակէտին է մնացել, փոփոխութիւն չկայ։ Մենք մեր տեսակէտն ենք յայտնել, որոշողն ինքն է։ Մեր երկրում նման կարեւոր հարցերում որոշում կայացնողն Արայիկ Յարութիւնեանն ու իր թիմակիցներն են»,-ասաց նա։
Յիշեցմանը, որ Արայիկ Յարութիւնեանը յայտարարում էր, թէ ամբողջ պատասխանատուութիւնն իր վրայ է վերցնում եւ դիտարկմանը, որ Հայաստանն էլ իր հերթին լրիւ համաձայն է Յարութիւնեանի այս որոշման հետ, քանի որ ասում է՝ Բաքուի հետ պէտք է Ստեփանակերտը բանակցի, վերջինս արձագանքեց․
«Այո, մենք կարող ենք բանակցել ոչ թէ կարգավիճակի, այլ հումանիտար հարցերի վերաբերեալ։ Կարգավիճակի մասով մենք չենք կարող հաւասարը հաւասարի պէս բանակցութեան նստել։ Այն ստորագրահաւաքը, որին մասնակցեց նաեւ նախագահը, այնտեղ յստակ գրուած է, որ թշնամու անցակէտի տեղադրումը մէզ համար կարմիր գիծ է եւ այն դեռ կարմիր գիծ է ու անընդունելի, այս մասին մենք նրան էլ յիշեցրինք»,-շեշտեց Պուլուզեանը եւ յաւելեց, որ ամէն դէպքում նախագահից յստակ քայլեր են սպասում։
Յիշեցնենք, որ «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ անթոյլատրելի է համարում որեւէ կարմիր գծի խախտում: Ներկայում տեղի ունեցող իրադարձութիւնները շարժումը համարում է Արցախի Հանրապետութեան նախագահի կողմից իր իսկ յայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան եւ առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:
«Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատը, իր հազարաւոր համակիրների անունից, Արցախի Հանրապետութեան իշխանութիւններից պահանջում է՝
-անյապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայուած ադրբեջանական ապօրինի անցակէտով մեր քաղաքացիների երթեւեկի վերաբերեալ որոշումը
— զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակութիւն ունեցող որոշումներ ընդունելու արատաւոր երեւոյթից»,-ասուած էր նրանց յայտարարութեան մէջ։
Լիաննայ Թորոսեան