Ադրբեջանի ծաւալապաշտական եւ ռազմատենչ քաղաքականութիւնը լուրջ մարտահրաւէր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան, այլ նաեւ՝ տարածաշրջանային կայունութեան եւ ընդհանրապէս քաղաքակիրթ աշխարհի համար։
Արցախի Հանրապետութեան Արտգործնախարարութիւն
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մեկնաբանութեամբ է հանդէս եկել ԱՄՆ կոնգրէսի Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողւում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանութիւնը» խորագրով լսումների կապակցութեամբ.
«Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանութիւնը» խորագրով լսումները, որոնք կազմակերպուել են յունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողւում:
Խորը երախտագիտութիւն ենք յայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին, այդ թւում՝ ԱՄՆ կոնգրէսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳաւերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոնին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական եւ ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացուածութեան բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած ջանքերի համար:
Առանձին ուշադրութեան է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրէսականներն իրենց ելոյթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարութեանը գործադրել բոլոր հնարաւոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան պաշտպանութիւնը, կանխելու յետագայ լարուածութիւնը, ինչը կարող է յանգեցնել նոր պատերազմների ու նոր յանցագործութիւնների։
Համոզուած ենք, որ նման ձեւաչափով լսումների անցկացումը կարեւոր քայլ է եւ՛ քաղաքական, եւ՛ բարոյական տեսանկիւններից, քանի որ Ադրբեջանի ծաւալապաշտական եւ ռազմատենչ քաղաքականութիւնը լուրջ մարտահրաւէր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան, այլ նաեւ՝ տարածաշրջանային կայունութեան եւ ընդհանրապէս քաղաքակիրթ աշխարհի համար։
Շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան եւ սկզբունքային դիրքորոշման համար, ինչպէս նաեւ յոյս յայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ յաջորդ շաբաթ Վաշինգտօնում կայանալիք հանդիպման նախօրեին կարեւոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ անվտանգային ու հումանիտար բնագաւառներում առկայ մարտահրաւէրների յաղթայարման համար»։