Կոչ ենք անում պատշաճ գնահատական տալ ՀՀ-ում ընթացող պրոցեսներին

Կոչ ենք անում պատշաճ գնահատական տալ ՀՀ-ում ընթացող պրոցեսներին

Հայաստան և Պատիւ Ունեմ խմբակցութիւնները կոչ են անում ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին պատշաճ գնահատական տալ ՀՀ-ում ընթացող պրոցեսների

Մենք նպատակ ունենալով՝

բացառել Հայաստանում ամբողջութեամբ աւտօրիտար համակարգի հաստատումը,

ապահովել դատական իշխանութեան անկախութիւնը եւ անաչառութիւնը, յայտարարում ենք.

1.Հայաստանում ընթանում է անընդունելի բարքերի այլանդակուած դրսեւորում,.
2.Հայաստանի քաղաքական իշխանութիւնները հետեւողականօրէն հաստատում են մէկ անձի աւտօրիտար ռեժիմ,
3.Գործող իշխանութիւնները ցանկանում են ունենալ ամբողջական իշխանութիւն եւ գնում են հէնց այդ ճանապարհով, ինչը հակոտնեայ է իրաւական պետութեանը ու ժողովրդաւարութեանը,
4.Իշխանութիւնների՝ հանուն ժողովրդաւարութեան ու ժողովրդի պահանջով փաթեթաւորմամբ քաղաքականութիւնը քայլ առ քայլ ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրաւունքները, ոչնչացնում դատական իշխանութեան անկախութիւնը,
5.Հայաստանի Ազգային ժողովը մէկ քաղաքական ուժի եւ մէկ անձի իշխանութեան ներքոյ է։ Իշխող ուժի՝ Ազգային ժողւում ունեցած պատգամաւորների թիւը եւ մեծամասնութեան ցուցաբերած վարքագիծը, զրոյացնում է պառլամենտական փոքրամասնութեան հակակշռող գործառոյթը,
6.Պառլամենտական մեծամասնութեան ներսում բացակայում է այլակարծութիւնը, քուէարկութիւնները կատարւում են մէկ անձի հրահանգով։
7.Պառլամենտական փոքրամասնութեան իրաւունքների սահմանափակումները կրում են շարունակական բնոյթ։ Ապահւուած չէ քաղաքական փոքրամասնութեան՝ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում համամասնօրէն ներկայացուած լինելու իրաւունքը, խաթարուած է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը,
8.Հանրապետութեան նախագահը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելութիւնը՝ Սահմանադրութեան պահպանմանը հետեւելը եւ ստանձնել է վարչապետի քաղաքական ծրագրերի սպասարկման հակասահմանադրական գործառոյթի իրականացումը,
9.Երկրում ոտնահարուած է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում յաղթող քաղաքական ընդդիմադիր թեկնածուները հետապնդւում են, ճնշւում, անգամ զրկւում ազատութիւնից։ Որտեղ դա չի յաջողւում՝ կիրառւում են անյատական ճնշումներ առանձին աւագանիների նկատմամբ՝ ստիպելով նրանց դուրս գալ ընդդիմադիր խմբակցութիւններից կամ քուէարկել իշխանութեան թեկնածուի օգտին,
10.Դատախազութիւնը, քննչական եւ իրաւապահ միւս մարմինները Նիկոլ Փաշինեանի տոտալ հսկողութեան ներքոյ են։ Զանգուածային լրատուամիջոցներում յայտնուած ձայնագրութիւններն ու այլ նիւթերը հաստատում են դատախազութեան ու քննչական մարմինների՝ նրա կողմից անմիջական ղեկավարման ներքոյ լինելը,
11.Քննչական մարմինները Նիկոլ Փաշինեանի անմիջական հրահանգով կամ համաձայնութեամբ են որոշում անձին ազատութիւնից զրկելու հարցը, նրա օգնականն (այսօրուայ դատախազը․-խմբ) է խմբագրում քննչական մարմինների ակտէրը։ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները վերջինիս հետ են համաձայնեցնում կոնկրէտ անձանց ազատութիւնից զրկելու հետ կապուած խափանման միջոցներ կիրառելու հարցը,
12.Դատական իշխանութեան մասով ակնյայտ է՝ Նիկոլ Փաշինեանը փորձում է ունենալ իր կամքին հարիւր տոկոսով ենթակայ դատական իշխանութիւն՝ առաջին ատեանի դատարաններից մինչեւ Սահմանադրական դատարան: Նա քայլ առ քայլ տոտալ հսկողութիւն է սահմանում ողջ դատական իշխանութեան նկատմամբ,
13.Նիկոլ Փաշինեանը դատական համակարգը դիտում է որպէս քաղաքական ինստիտուտ,
14.Դատական համակարգում շարունակում են պաշտօնաւարել առաւելապէս այն անձինք, ովքեր յաղթահարել են քաղաքական վստահելիութեան «ցենզը»,
15.Այն դատաւորները, որոնք ընդունում են Նիկոլ Փաշինեանի քիմքին հարիր որոշումներ, դառնում են քաղաքական իշխանութեան սիրելին։ Իսկ այն դատաւորները, որոնք առաջնորդւում են օրէնքի պահանջով եւ իրենց որոշումները բխեցնում են գործող օրէնքների պահանջից ու առաջնորդւում են իրաւունքով, ենթարկւում են ճնշումների, հետապնդումների, ընդհուպ՝ պաշտօնազրկման,
16.2020 թուականին հակասահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում բռնազաւթուեց Սահմանադրական դատարանը, իսկ մէկ տարի անց՝ Բարձրագոյն դատական խորհուրդը,
17.Սահմանադրական դատարանը մեծապէս ենթարկուել է քաղաքական ճնշումների եւ մանիպուլեացիաների: Երկրի համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերը կամ վարոյթ ընդհանրապէս չէն ընդունւում, կամ վարոյթ ընդունելուց յետոյ տարիներ անց կարճւում են, կամ՝ տարիներով կասեցւում,
18.Քաղաքական մեծամասնութեան կողմից բոլոր հակասահմանադրական ոտնձգութիւնները դատարանների, զինուած ուժերի, տեղական ինքնակառավարման մարմինների ու ԲՈՒՀ-երի նկատմամբ անտեսուել է Սահմանադրական դատարանի կողմից,
19.Սահմանադրական դատարանի 8 դատաւորից 6-ը ընտրուել են բացառապէս Քաղաքացիական պայմանագիր խմբակցութեան պատգամաւորների կողմից,
20.Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնը միայն քաղաքական դրդապատճառներով մի քանի անգամ մերժել է Սահմանադրական դատարանի դատաւորի մեծ հեղինակութիւն ու վաստակ ունեցող թեկնածուներին, նրանց փոխարէն Սահմանադրական դատարանի դատաւորների թեկնածուներ առաջադրող սուբյեկտներին, ըստ էութեան, պարտադրելով առաջադրելու իրենց հաւատարմութեան երդում տուած թեկնածուներին,
21.Դատարանները դարձել են ընդդիմութեան ձայնը ճնշելու, քաղաքական պրոցեսները վիժեցնելու գործիք,
22.Իշխանութիւնների հանդէպ ցանկացած քննադատութեան, կամ նրանց բացարձակ իշխանութեանը ցանկացած վտանգ նշմարելու պարագայում, իշխանութիւններն իրենց ընդունած հակասահմանադրական օրէնքներով, ուժայինների ու դատարանների մասնակցութեամբ սկսում են քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, շինծու քրէական գործեր յարուցելը, խոշտանգելը, կալանաւորելը,
23.Հայաստանում օր օրի շատանում է քաղբանտարկեալների եւ քաղաքական հետապնդման ենթարկուողների թիւը։ Քողարկուած եղանակով քրէականացուել է վիրաւորանքը եւ այն օգտագործւում է որպէս մահակ քաղաքական մեծամասնութեանը քննադատողների նկատմամբ,
24.Կիսելով «Freedom House» իրաւապաշտպան միջազգային կազմակերպութեան տարեկան հերթական զեկոյցում ՀՀ դատական համակարգի վերաբերեալ արած եզրահանգումները՝ արձանագրում ենք, որ դրանք միայն մասամբ են արտայայտում բոլոր խնդիրները,
25.Քաղաքական իշխանութեան հրահանգները չկատարող, անկախ եւ սեփական կարծիքը ունեցող դատաւորները կամ պաշտօնանկ են արւում, կամ ենթարկւում ճնշումների, հետապնդումների,
26.Դատական համակարգից հեռանում են մեծ վաստակ ու հեղինակութիւն ունեցող դատաւորներ՝ առանց հրապարակային պատճառաբանութեան։ Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դրանք տեղի են ունեցել ոչ կամովի՝ ճնշումների արդիւնքում՝ տարիներ առաջ մասնաւոր զրոյցներում Նիկոլ Փաշինեանի ընտանիքի անդամի հասցէին կատարած արտայայտութիւնների համար,
27.Բարձրագոյն դատական խորհուրդը իշխանութիւնների համախոհ, քաղաքական իշխանութեան թիմի անդամ, նախկին Արդարադատութեան նախարարի գլխաւորութեամբ, դարձել է գործիք քաղաքական մեծամասնութեան ձեռքին անկախ դատաւորներին պատժելու հարցում,
28.Դատական իշխանութիւնը եւ յատկապէս բարձրագոյն դատական ատեանները համալրւում են իրաւաբանական հանրութեանը անյայտ, կասկածելի անցեալ ունեցող, գործող քաղաքական մեծամասնութեան հետ ասոցացուող մարդկանցով,
29.Անկողմնակալութեան եւ անկախութեան կասկածելի փորձ ունեցող «հաւատարիմ» դատաւորները շահագրգռուած են կատարել իշխանութեան անհագ ցանկութիւնները,
30.Տրամաբանական է ենթադրել, որ քաղաքական իշախանութեան՝ դատական իշխանութիւնը բռնազաւթելուց, տեղական ինքնակառավարման ինստիտուտի չէզոքացումից, դատախազութեան եւ քննչական մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողութիւն սահմանելուց յետոյ, բռնազաւթման յաջորդ օղակը պիտի դառնան զանգուածային լրատուութեան միջոցները եւ քաղաքացիական հասարակութեան միւս ինստիտուտները: Գուցէ նաեւ քաղաքական կուսակցութիւնները,

Ելնելով վերը ներկայացուածից՝ Կոչ ենք անում Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին պատշաճ գնահատական տալ Հայաստանի Հանրապետութիւնում ընթացող վերոշարադրեալ պրոցեսներին եւ իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։

ՀՀ Ազգային Ժողովի
«Հայաստան» խմբակցութիւն
«Պատիւ ունեմ» խմբակցութիւն

Share