«Դիմադրութիւն» շարժման յուլիսի 15-ի երթից յետոյ յետոյ Ֆրանսիայի հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն ամփոփ ներկայացրեց անցած շաբաթ Եւրախորհրդարանում ունեցած հանդիպումները՝ նշելով, որ հանդիպումների հիմնական օրակարգն է եղել՝ Արցախ, Հայաստանի անվտանգութիւն, ներքաղաքական հարցեր, քաղբանտարկեալներ, ռազմագերիներ։
Նա նշեց, որ Փաշինեանի այն պնդումը, որ կայ միջազգային հանրութեան ձեւաւորուած պահանջ Արցախի կարգավիճակում նշաձողը իջեցնելու հարցում, սուտ է, իրականութեանը չի համապատասխանում։
«Առնուազն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, այդ պահանջը չի արձանագրուել։ Պահանջ եղել է ընդհանուր խաղաղութեան օրակարագի ու խաղաղութեան հասնելու, բայց երբ բացատրում էինք միջազգային գործընկերներին, որ այդ խաղաղութիւնը չի կարող լինել հայ ժողովրդի հայրենազրկման, Արցախի հայաթափման, էթնիկ զտման գնով, այդ հիմնաւորումներն ու փաստարկներն առարկութիւն չունէին, հասկանալի էին»,- ասաց Սաղաթելեանը։
Նրա խօսքով, այս իշխանութեան ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում ոստիկանների թիկունքում թաքնուած պոռոտախօսութեամբ են զբաղուած, Հայաստանից դուրս կատու են, ծնկի եկած են, ստրուկ են, Հայաստանի շահերը չէն ներկայացնում։
«Մենք այսօր պայքարում ենք ոչ միայն օրուայ իշխանութեան, նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, նրանց փողերով ֆինանսաւորողներ գործակալութիւնների, ֆեյքերի, գործակալների դէմ, մեր պայքարի դժուարութիւնը նաեւ սրանով է պայմանաւորուած»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ մի նախաձեռնութեամբ են հանդէս գալու. «Հիմա մշակում ենք չեղարկման հռչակագիր, որի էութեանը, բովանդակութիւնը, հետեւեալն է՝ հաշուի առնելով, որ Նիկոլը կապ չունի մեր ժողովրդի շահերի, կամարտայայտութեան հետ, նախընտրական շրջանում իր պլատֆորմով եւ կառավարութեան ծրագրով ժողովրդին խոստացել է մի բան, հիմա անում է մէկ այլ բան, սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական առաջնահերթ շահերը, մենք հանդէս ենք գալու նախաձեռնութեամբ, որ յաջորդ իշխանութիւնը հրատապութեան կարգով պէտք է առոչինչ յայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանակցած բանաւոր եւ գրաւոր պայմանաւորուածութիւն։ Մենք այս փաստաթուղթը վերջնական մշակելուց յետոյ առաջարկելու ենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրէն դրա տակ եւ ամբողջ աշխարհը, այդ թւում Ալիեւն ու Էրդողանը, հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանաւորուածութեան առոչինչ է եւ որեւէ իրաւական նշանակութիւն չունի հայ ժողովրդի համար»։
Նա յայտարարեց, որ յաջորդ հանրահաւաքը տեղի կ’ունենայ յուլիսի 21-ին՝ հինգշաբթի, Ֆրանսիայի հրապարակում ժամը 19։30-ին, որովհետեւ յուլիսի 22-ին Ազատութեան հրապարակում տեղի է ունենալու համահայկական միջոցառում։