«Որեւէ բանից չենք վախենում». ընդդիմութիւնը անարձագանք չի թողնի Գրզոյի սպառնալիքները

«Որեւէ բանից չենք վախենում». ընդդիմութիւնը անարձագանք չի թողնի Գրզոյի սպառնալիքները

Չնայած սրբագրումներին, իշխանութեան հաւաստիացումներին, թէ ամբիոնից պատգամաւորը «Քաղաքացիական պայմանագրի» պաշտօնական դիրքորոշումը չի ներկայացրել, վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը մտադիր չէն անարձագանք թողնել ընդդիմութեան հասցէին Խաչատուր Սուքիասեան (փողոգային անունով ճանաչուած՝ Գրզոն) երեկուայ սպառնալիքները։ «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանն է «Ազատութեան»-ն ասել։

Իրաւապահները դեռ նախաձեռնողականութիւն չէն ցուցաբերել. դատախազութիւնից «Ազատութեան»-ը փոխանցել են՝ այս պահին պատգամաւորի յայտարարութիւնների վերաբերեալ վարոյթ նախաձեռնուած չէ։

«Վարոյթ կամ հայց կը ներկայացուի արտախորհրդարանական, քաղաքացիների, որեւէ մէկի կողմից, որպէսզի հասկանանք՝ մեր երկրում գործո՞ւմ է իրաւունքը, թե՞ չէ, թե՞ միայն գործում է նրանց համար, ովքեր այսպէս ասած՝ կարծում են, որ իրենք իրաւունքի տէրն են», — ասաց սրբազանը։

azatutyun կայանի հաղորդման համաձայն՝

«Հաշուի առնելով մեր ունեցած տեղեկութիւնները՝ մէզ մօտ այնպիսի մի կարծիք է ստացւում, որ մեր գործընկերները եւ շատ ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետութիւնների։ Եթէ մենք գնանք տարիներ հետ եւ տեսնենք, թէ ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձեւով են կառավարել, եւ տեսնենք, թէ նրանք ինչ ձեւով էին վերաբերւում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ յարաբերութիւն էին ունենում։ Կայ՛մ այդ մարդիկ բանտում էին յայտնւում, կայ՛մ այդ մարդիկ մահանում էին, կայ՛մ այդ մարդիկ ունեզրկւում էին։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթէ դուք ձեր չափը չճանաչեք, եւ դուք խանգարեք Հայաստանի Հանրապետութեան զարգացմանը, ձեզ հետ նոյն գործիքներով կը խօսէն», — յայտարարել էր իշխանական պատգամաւորը։

Ամբիոնից հնչեցրած այս յայտարարութիւնները Սուքիասեանը կարճ ժամանակ անց Civic.am-ի հետ զրոյցում խմբագրեց, թէ սթափութեան կոչ է արել, այսօրուայ իշխանութիւնը ժողովրդավարական ճանապարհն է ընտրել։ Բայց այս հաւաստիացումները չէն մտափոխել ընդդիմադիրներին։

Երեք խմբակցութիւնների մեկնաբանութիւնները

«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող «Հայաստան» խմբակցութիւնում էլ յայտարարութիւնն ուսումնասիրում են՝ իրաւական գործընթաց սկսելու համար։

«Իրաւական գնահատական կտրուի մեր կողմից, եւ իմ համապատասխան գործընթացը կը սկսուի, որովհետեւ այդ տիպի ելոյթները որոշակի սպառնալիքներ են, եւ նաեւ իրենք քրէական օրէնսգրքի համապատասխան կէտէրով պայմանաւորուած տարրեր են պարունակում», — նշեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանը։

Ընդդիմադիր միւս՝ «Պատիւ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանեանը Խաչատուր Սուքիասեանի յայտարարութեան իր մեկնաբանութիւնն ունի։

«Խաչատուր Սուքիասեանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամ է, ենթադրում եմ, որ իշխանութիւնների անունից է խօսում, եթէ ոչ, ապա գործի են դրուելու օլիգարխիկ հրոսակախմբեր եւ այլն։ Դա էլ խնդրեմ, խնդիր չկայ, մենք որեւէ բանից չենք վախենում», — ասաց նա։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ չբաւարարուեց Սուքիասեանի պարզաբանմամբ։

«Բանաւոր ելոյթում հնչեցրած պարոն Սուքիասեանի դիրքորոշումը չի արտայայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան եւ խմբակցութեան դիրքորոշումը։ Պարոն Սուքիասեանը դրա մասին պարզաբանում տուել է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը եւ խորհրդարանական խմբակցութիւնն առաջնորդւում է բացառապէս ժողովրդավարական ճանապարհով», — այսօր ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսեանը։

«Մի քանի տարի է արդէն, ինչ գործում է ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման օրէնքը, եւ եթէ մեր քաղաքական ուժը նպատակ ունենար առանց իրաւական գործընթացների որեւէ մէկին ունեզրկել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ այդ ունեցուածքը բնաւ օրինական ճանապարհներով չէ, որ կուտակուել է, դա արուած կը լինէր վաղուց», — յաւելեց իշխանական պատգամաւոր Արուսեակ Ջուլհակեանը։

Երեք տարի առաջ ՔՊ-ի ընտրական ցուցակով պատգամաւոր դարձած Խաչատուր Սուքիասեանի ընտանիքը հարիւրաւոր միլիոնների պետական պատուէրներ է ստանում։

2008-ի մարտի 1-ից յետոյ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանին աջակցող մեծահարուստ Սուքիասեանը մեղադրուեց «զանգուածային անկարգութիւններ կազմակերպելու մէջ»։ Մինչ Սերժ Սարգսեանի թիմակից, գործարար պատգամաւոր Ռուբէն Հայրապետեանը պնդում էր, թէ օրինական է ձեռք բերել, ինքը՝ Սուքիասեանն խօսում էր այդ շրջանում իր ունեզրկման մասին, մասնաւորապէս, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանն իրենից խլել են։

Օտարերկրեայ, մասնաւորապէս Ռուսաստանի շահերին ծառայելու մեղադրանքներ Փաշինեանի աջակիցները պարբերաբար ներկայացնում են ընդդիմադիրներին։

Share