Վաշինգտոնը շարունակում է խորապէս ներգրաւուած լինել Ադրբեջանում պահուող հայ գերիների վերադարձի հարցում, ճեպազրոյցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, յայտարարել է ԱՄՆ պետդէպարտամենտի փոխխօսնակ Վենդէտ Պատելը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով՝ գործընթացի հետ կապուած նորութիւն չունի։
Նշելով, որ ռուսական բանտից երէկ ազատ է արձակուել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարայ-Մուրզան, լրագրողը շեշտել է, որ արդէն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահւում, իսկ անցեալ տարուայ աշնանն Ադրբեջանի կողմից հերթական չհրահրուած յարձակումից յետոյ Բաքուի բանտերում նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներ կան:
Լրագրողը վկայակոչել է նաեւ Freedom House-ի տուեալները՝ նշելով, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցնելուց յետոյ ամենաանազատն է աշխարհում։ Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի եւ Հիւսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Աֆղանստանի միջեւ՝ լրագրողը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակն աւելի վատ է, քան վերոնշեալ երկրներում:
Լրագրողը հարց է հնչեցրել, թէ արդեօ՞ք Վաշինգտոնը հետեւում է Լեռնային Ղարաբաղում ազատութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան փլուզմանը, եւ ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքւում կալանաւորուած հայերի ազատ արձակմանը։
«Ինչ վերաբերում է Հարաւային Կովկասում աւելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պէտքարտուղարութիւնը շարունակում է խորապէս ներգրաւուած լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապուած նորութիւններ չունեմ։ Բայց երբ խօսքը վերաբերում է կալանաւորներին, մենք յստակ եւ հետեւողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պէտք է բոլոր կալանաւորների նկատմամբ արժանապատիւ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան, եւ պէտք է յարգի նրանց իրաւունքները», – պատասխանել է Պատելը։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահւում, այդ թւում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրայ 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական յարձակման հետեւանքով գերեւարուած 16 անձինք։
Գերեւարուածների շարքում են արցախցի 8 պաշտօնեաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը եւ նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտօնեաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչութիւնից մինչեւ ապօրինի զինուած խմբաւորումների կազմաւորում։
azatutyun.am