Պատէրազմի շեփոր` խաղաղութեան նոտաներով

Պատէրազմի շեփոր` խաղաղութեան նոտաներով

Այո, խաղաղութիւնը ցանկալի կացութիւն է յատկապէս հետպատերազմեան ժամանակաշրջանում: Պատէրազմի հետեւանքով յատկապէս պարտուած կողմը կրում է ծանր կորուստներ, իսկ հանրութիւնը հոգեբանօրէն եւ ֆիզիկապէս պատրաստ չէ կրկին ապրելու այդ ծանրութիւնը եւ ամէն կերպով փորձում է կառչել խաղաղութիւնից: Անառարկելի փաստ է, որ խաղաղութիւնը կարող է նպաստել երկրի բարեկեցութեանը, զարգացմանը եւ բարգաւաճմանը: Խաղաղութեան եւ համերաշխութեան են ձգտում համամարդկային գաղափարներն ու բոլոր ազգային համախմբումները: Այս բոլոր տքնաջան ձգտումներով եւ մաքառումներով հանդերձ՝ արի ու տես,  որ մարդկային պատմութեան գերակշիռ մասը գրուել եւ գրւում է հէնց պատերազմների մասին, այլ ոչ թէ խաղաղութեան: Ե՞րբ է խախտւում խաղաղութիւնը. միգուցէ բառախաղ թուայ, բայց հէնց խաղաղութիւն հաստատելու համար: Խաղաղութիւնը խախտողը հաւատացած է, որ նոր հաստատուած խաղաղութիւնը  կայուն է լինելու, եւ այդպէս շարունակ:

Այսպիսով, բոլորը ձգտում են կայուն խաղաղութեան, իսկ խախտւում է այն, երբ «մանրուքները» վէճի առարկայ դառնալու ժամանակ լուծումներ չէն գտնւում, որտեղ  էլ թաքնուած է լինում սատանան: Այստեղ ծագում է իւրաքանչիւրի հզօրութեան, պատմական իրաւունքի, պայմանաւորուածութիւնների,  օրէնքների վերծանման եւ կարեւորագոյն հարցը՝ հաւասարակշռութիւնների ստեղծման եւ պահպանման խնդիրը: 

Այս լոյսի տակ «խաղաղութեան դարաշրջան» յորջորջող ձախաւեր քաղաքականութիւնն այլ բան չէ,  քան մի անգամ եւս նուաստանալու եւ  ոչ շատ  հեռուից լսուող մօտալուտ պատերազմի շեփորների ձայնը, քանի որ չի քննարկւում մանրուքները, չի հանրայնացւում, չի հիմնաւորւում եւ, վերջապէս, չի ծառայում հաւասարակշռման, այլ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ այլընտրանքն աղէտն է՝ պատերազմը: Այդպիսով, օրէցօր ոչ թէ կայունացնում ենք թուացեալ խաղաղութիւնը, այլ քայլ առ քայլ մօտենում ենք պատերազմին: 

Նախ թշնամին, հէնց «խաղաղութեան դարաշրջան»-ի ճարտարապետների  վկայութեամբ, պատրաստ չէ դրան, դեռ աւելին՝ պատրուակներ է փնտրում ոչ թէ խաղաղութեան, այլ նոր պատերազմ սկսելու համար: Թշնամի պետութեան ղեկավարը դեռ չի փոխել իր զինուորական համազգեստը եւ բռնազաւթուած տարածքներ իւրաքանչիւր այցի ժամանակ ճօճում է բռունցքը, հնչեցնում սպառնալիքներ՝  նոր զիջումներ կորզելու ակնկալիքով: Իսկ դրան զուգահեռ՝ ականատեսն ենք լինում թշնամու անհագուրդ ախորժակին՝ անսահմանափակ խաղաղասիրութեամբ տրուելու ցանկութեանը: Ցանկութիւն, որն այսօր ի յայտ է գալիս հայրենի իշխանութիւնը  զբաղեցնող անհատների իւրաքանչիւր անհեթեթ արտայայտութեամբ ու ծամածռութեամբ՝ սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, մինչեւ նախկինների նախկիններից  սէրուած եւ նորայայտ վնգստացողներով: 

Հաւասարակշռութիւն եւ դրա արդիւնքում խաղաղութիւն կարելի է հաստատել միայն մէկ պարագայում, երբ, ինչպէս արցախցին է ասում,- «կըռեք նըհաշ տանք», երբ Ադրբեջանը հասկանայ, որ չի վայելելու մեր հայրենիքը, երբ աշխարհին ապացուցենք, որ մենք չենք ընդունում պարտադրուած կապիտուլեացիան եւ մեր իրաւունքների համար պատրաստ ենք պայքարելու:  

«Ապառաժ»-ի խմբագրական

30 յունիսի, 2022թ.

facebook sharing button
Share