Յարութիւն Աւէտիսեան
Վանիկ Աբազեան, Ռոբերտ Բեջանեան, Դաւիթ Գեւորգեան, Տիգրան Զաքարեան, Մխիթար Գալեյեան, Տարոն Անդրէասեան, Ալբերտ Հովհաննիսեան… չորս հազարից աւելի անուն-ազգանուններ, որոնք լաւագոյն դէպքում կարելի է գտնել արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի անուններն ամփոփող յուշամատեաններում։ Նայատակուած երիտասարդներից մի քանի տասնեակի անուններն այս կամ այն չափով յայտնի են հասարակութեանը՝ նրանց հարազատների ակտիւութեան, ընկերների նախաձեռնութիւնների, ծառայակիցների հերոսապատումների շնորհիւ։
Ռաշիդ Բեգլարեան, Վագիֆ Խաչատրեան, Վիգէն Էուլջեքչեան, Արկադի Ղուկասեան, Բակոյ Սահակեան, Արայիկ Յարութիւնեան, Լեւոն Մնացականեան, Դաւիթ Բաբայան, Դաւիթ Մանուկեան, Ռուբէն Վարդանեան… եւս մի քանի տասնեակ անուն-ազգանուններ՝ վարորդից մինչեւ նախագահ ու նախարար, ովքեր գտնւում են ադրբեջանական գերութեան մէջ։
Նրանց մի մասին մենք յիշում ենք, երբ ի յայտ են գալիս տեղեկատուական առիթներ, ընդհանրութեան մէջ՝ մոռացութեան ենք մատնել, ինչպէս հազարաւոր զոհերի յիշատակը։
Անյատական մակարդակում ցաւ ապրելով, մենք հաւաքականօրէն՝ որպէս հանրութիւն, մոռացել ենք նրանց, որովհետեւ յիշելը կարող է հոգեբանական դիսկոմֆորտ պատճառել առաջինների նահատակութեան, երկրորդների անձնազոհութեան շնորհիւ շարունակուող կեանքը վայելելիս։
Այո, այդ մոռացումն առաջին հերթին ձեռնտու է իշխանութեանը, որի փափկասուն անդամները կեղտոտ քարոզչական նպատակներով առանձնացնում են մի քանի զոհերի, լուսանկարւում են նրանց ծնողների հետ՝ այդպիսով տարանջատում մտցնելով նաեւ նահատակների հարազատների միջեւ։
Գերիների մասին մոռացումն առաւել եւս բխում է իշխանութեան շահերից, քանի որ գերիները նրանց խանգարում են գերեւարողի հետ «խաղաղութիւն հաստատելու» գործընթացում։ Բայց մենք՝ որպէս հանրութիւն, որպէս հաւաքականութիւն՝ մեր մոռացութեամբ՝ գիտակցուած կամ ոչ, նպաստում ենք իշխանական մոռացութեանը, որը ոչ միայն ծառայում է նրանց ընթացիկ քաղաքական նպատակներին, այլ ժամանակի մէջ մաքրում է անմաքրելի մեղքը։
Յիշատակուած եւ չթուարկուած անուն-ազգանունների կրողները մարդիկ են, անհատներ՝ իրենց ընտանիքներով, հարազատներով, ընդհատուած եւ խեղուած ճակատագրերով, փառաւոր կենսագրութեամբ, առաւել քան անորոշ ու մռայլ ապագայով։
Տասնեակ գերիների ճակատագիրն այդպէս է ընթացել, հազարաւոր զոհերի կեանքը՝ ընդհատուել, այլ անուններ ու ազգանուններ կրող մարդկանց, պաշտօնեաների կայացրած որոշումների, չարդարացուած հաշուարկների, փառասիրութեան, դաւաճանութեան, բազմաթիւ այլ քայլերի պատճառով։
Հազարաւոր երիտասարդների մահը եւ տասնեակների գերութիւնն ունի պատասխանատուներ, կրկին կոնկրէտ անուններով ու ազգանուններով, որոնց զգալի մասը՝ հայկական բանտերում յայտնուելու փոխարէն, նաեւ հայ ռազմագերիների՝ ադրբեջանական բանտերում յայտնուելու գնով, այսօր գտնւում են կառավարական շէնքերում ու աշխատասենեակներում։ Բայց նրանց գտնուելու վայրի ու պատասխանատուութեան, մեղքի միջեւ կորելացիայ չկայ։
Բոլոր այդ որոշումներ կայացնողների արդարացումը կամ փրկութիւնն ամփոփւում է մէկ բառով՝ «պատերազմ», որի ժամանակ սովորական պայմաններում ցմահ ազատազրկում արժեցող մարդու մահուան մեղքը լղոզւում է վիճակագրութեան մէջ։ Բայց եթէ կայ պատճառահետեւանքային կապ կայացուած որոշումների ու մարդկանց մահուան միջեւ, չի կարող փրկել անգամ պատերազմը, որում ունեցած մեղաւորութեան համար նորմալ հասարակութիւններում իշխանութիւնն առնուազն քաղաքական պատասխանատուութիւն է կրում։
Հայկական իրականութեան սատանայականութիւնն այն է, որ այստեղ մարդկանց մահուան մէջ մեղաւորները գոնէ քաղաքականապէս դատուելու փոխարէն, պահպանեցին իշխանութիւնն ու իրենք դարձան դատողներ։
Յայտնի է՝ չպատժուող հացնագործութիւնը ծնում է նոր յանցագործութիւն։ Եւ որքան մեծ է չհատուցուող մեղքի չափը, այնքան աւելի մեծ կարող է լինել դրա չպատժման արդիւնքում կատարելիք նոր յանցագործութեան ծաւալը։
Յատկապէս, որ նոր յանցագործութիւնը կարող է մաքրել նախորդի արիւնոտ մեղքը, ինչին մեծապէս նպաստում է նաեւ հանրութեան հաւաքական մոռացումը։