«Խուժան ասկեար զօրք է ժողուեր
Եկել` Մշոյ դաշտն է պատել.
Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի
Զարթնիր լաոյ, մեռնիմ քզի…
Խեղճ մշեցին մեռաւ լալով,
Օտար երկրներ ման գալով,
Մեռաւ թուրքի հարկը տալով,
Զարթնիր լաոյ, մեռնիմ քզի…
Ինչ անիծեմ թուրք ասկեարին,
Որ սպանեց ջոջ Աբոյին,
Մեր յոյս թողեց օրօրոցին,
Զարթնիր լաոյ, մեռնիմ քզի…»
Ռազմական ու զինուորական երգ ու պարի մշակոյթը հայ ժողովրդի մէջ դեռ վաղ ժամանակներից է եկել: Հայերը մշտապէս պայքարի մէջ են եղել եւ միմեանց ոգեւորելու, սեփական վախը քշելու ու թշնամու մօտ ահ ու սարսափ առաջացնելու համար բարձր երգել ու պարել են՝ ոտքերը զարկելով գէտնին: Այդ մասին նոյնիսկ կայսրերն են գրել:
«Զարթնիր լաոն» ստեղծուել է 1890-ականներին Արեւմտեան Հայաստանի Տարօնի շրջանում։
Երգի բնօրինակի հեղինակն է աշուղ Ֆահրատը (իսկական անունը՝ Խաչատուր Գեւորգեան) որը երեք տարեկան հասակում կուրացել է։ Մանուկ հասակում ծնողները Խաչատուր Գեւորգեանին յանձնել են աշուղ Ֆիզահու խնամքին, ով նրան սովորեցրել է սազ եւ ջութակ նուագել։ 1884 թուականին նշանաւոր աշուղներ Ջիւանին, Զահրին եւ Ջամալին նրան շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։ Յորինել է հերոսապատման թեմայով ասքեր, գրել է երգեր Րաֆֆու, Խաչատուր Աբովեանի, Ծերէնցի, Մուրացանի գրուածքների հիման վրայ։ Ստեղծագործել է հայերէն եւ թուրքերէն, սակայն թուրքերէն երգերը չէն պահպանուել եւ մոռացուել են։ Գրել է մաքուր գրական հայերէնով՝ համեմուած իր ժամանակի կենդանի լեզուի բառ ու բանով։ Ֆահրատը համարւում է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին նշանաւոր ներկայացուցիչը:
Երգը յօրինուած է իբրեւ օրօրոցային, որում սակայն մայրը ոչ թէ ննջելու, այլ զարթնելու կոչով է դիմում արու զաւակին՝ դրանով իսկ փորձելով սերմանել երեխայի մէջ զգօնութիւն, որն էլ կապահովի նրան լուսաւոր ապագայ:
Ասում են նաեւ, որ երգը հաւանաբար նուիրուած է եղել Արաբոյին: Երգի հերոսը՝ Արաբոն, որը յայտնի հայդուկ էր ու ազդեցիկ խումբ ունէր, չի գիտակցւում այլեւս իբրեւ իրական պատմական անհատ, այլ հանդէս է գալիս որպէս ազատամարտիկի խորհրդանիշ։
Արաբոյի խմբի գործունէութեան ասպարէզը Մշոյ դաշտն էր, Սասունը։ 1893 թուականին Արաբոն Կովկասին վերադառնալիս յանկարծակի իր խմբով շրջապատւում է Բուլնըխի Գեալեռաշ ձորում. անհաւասար կռուի մէջ բոլորը զոհւում են։ Յետագայ գործածութեան ժամանակ այս պատմական երեւոյթի հետ կապ ունենալը մոռացութեան է մատնուել:
Երգի կրած փոփոխութիւնները դրսեւորուել են նաեւ վերնագրում՝ «Արաբոյի երգ»,«Քաջ Արաբոյի երգ», «Մշեցու երգ», «Զարթնիր լաոյ» եւ այլն։
Աղբիւր՝ ՆուռBlog
https://nurblog.info/