Հայկական մի շարք կազմակերպութիւնների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնութիւնը եւ ՀԲԸՄ – Վառնայի մասնաճիւղը «Ռադիոյ Վառնայ» արուեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում է կազմակերպուել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Արմաւիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամեանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։ Այս մասին յայտնում է Արցախի թեմը՝ ֆեյսբուքեան իր էջում։
Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգութիւններն է ներկայացրել Արցախում գտնուող հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեանը սպառնացող վտանգների կապակցութեամբ։ Նա կոչ է արել համախմբուել եւ աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանուած արցախահայերին:
Հանդիպման ընթացքում ցուցադրուել են վաւերագրական ֆիլմեր` 2020 թուականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թուականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի եւ ցեղասպանութեան սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայութեան բռնի տեղահանութեան մասին։