Գիւմրիում այսօր աւագանու առաջին նիստն է, որի ընթացքում պէտք է քաղաքապետ ընտրուի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասեանը: Յենց նա է քաղաքապետի հաւանական թեկնածուն:
Գիւմրիի ընտրութիւնների արդիւնքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քուէները բաւարար չէն, առնուազն 17 ձայն է պէտք: Աւագանի անցած միւս ընդդիմադիր ուժերը յայտարարել են, որ կաջակցէն նախկին քաղաքապետ Ղուկասեանի ընտրութեանը:
Հարցին, թէ կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասեանը պատասխանեց՝ ոչ:
Առաջին նիստը հէնց նա է վարում՝ որպէս ամենատարէց անդամ։
«Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, չի պատրաստւում մասնակցել այս նիստին: Նիստը նախատեսուած է ժամը 10:00-ին: Յենց այդ ժամանակ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասեանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում յայտարարեց, որ ստեղծուած իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտուած է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է, եւ անհրաժեշտ են նոր ընտրութիւններ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը գիւմրեցիներից խաբեութեամբ քուէներ կորզածների եւ դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցութեամբ կայանալիք նորընտիր աւագանու առաջին նիստին չի մասնակցելու», – նշել է նա:
Կոմկուսը Վարդան Ղուկասեանի թեկնածութիւնը առաջադրեց:
«Մայր Հայաստան»-ը, ինչպէս նաեւ «Իմ հզօր հայանք»-ը թեկնածու չառաջադրեցին: Նրանք վերահաստատեցին, որ քուէարկելու են Ղուկասեանի օգտին:
«Մեր քաղաքը» խմբակցութիւնն էլ յայտարարեց, որ քուէարկելու են ընդդիմութեան միասնական թեկնածուի օգտին:
Վարդան Ղուկասեանը 18 կողմ ձայնով ընտրուեց Գիւմրի համայնքի ղեկավար: